Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը Պրահայում մասնակցում է Թանգարանների միջազգային խորհրդի համաժողովին
Օգոստոսի 20-28-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվում է Թանգարանների միջազգային խորհրդի (International Council of Museums - ICOM) գլխավոր համաժողովը՝ «Թանգարանների ուժը» խորագրով: Երեք տարին մեկ տեղի ունեցող գլխավոր համաժողովները սեփական փորձը փոխանակելու, ոլորտի նորարար գաղափարներն ու հեռանկարները քննարկելու, ինչպես նաև նոր կապերի հաստատման համար եզակի հնարավորություն են ընձեռում: Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել Չեխիայի մշակույթի նախարար Մարտին Բաքսան և Պրահայի քաղաքապետ Զդենեկ Հրիբը։
Հայաստանյան պատվիրակության կազմում համաժողովին մասնակցում են մայրաքաղաքի մի շարք թանգարանների տնօրեններ, ներկայացուցիչներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը:
Ժամանակակից թանգարանների կարիքները, այդ թվում նաև նոր տեխնոլոգիաներով ներկայացնելու և ներուժն ամբողջությամբ բացահայտելու համատեքստում նախատեսվում են թեմատիկ ելույթներ:
Այցի շրջանակում Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանին հյուրընկալվել են հայկական պատվիրակության անդամները, ինչպես նաև ԻԿՕՄԻ նորընտիր նախագահ Էմմա Նարդին:
Տեղեկանք
Այսօր ICOM-ը ավելի քան 49000 անդամներից կազմված համաշխարհային ցանց է՝ ներկայացված 142 երկրներով և առանձին տարածքներով, խմբավորված 118 Ազգային կոմիտեներում: