Երևանի քաղաքապետարանի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև ստորագրվել է գործակցության մասին հուշագիր

10.03.2023
ՏՏ ոլորտ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկած «ԴիջիԹեք 2022» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը համախմբել է տեխնոլոգիական ոլորտի շուրջ 120 ընկերությունների, «ԴիջիԹեք Սամիթ» միջազգային համաժողովին էլ ընդհանուր առմամբ՝ մասնակցում է շուրջ 30 խոսնակ 9 երկրից։

Կարևոր այս նախաձեռնության շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև ստորագրվել է գործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ԱՏՁՄ ՀԿ գործադիր տնօրեն` Հայկ Չոբանյանը: Կողմերը պարտավորվել են համատեղել ջանքերը Երևանը բարձր տեխնոլոգիական ընկերությունների և մասնագետների համար ցանկալի հանգրվան ու տարածաշրջանային գլխավոր հանգույց դարձնելու ուղղությամբ:

«Այս պահի դրությամբ մենք Երևան համայնքում մեծ թափով թվայնացման աշխատանքներ ենք իրականացնում, որոնք մեր քաղաքացիների կյանքը թեթևացնելու, համայնքի հետ շփումն ավելի մատչելի դարձնելու, կառավարիչներին էլ արագ և ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորություն են տալու: Վստահ եմ նաև, այն կարողությունները, որ ձևավորված են, գործակցության շրջանակում հնարավորություն կտան զարգացնել Երևանի քաղաքապետարանի թվային համակարգը, ինչը կարող է օրինակ դառնալ նաև ՀՀ այլ համայնքների համար»,- նշել է քաղաքապետը:

«Մեր նպատակը Երևանը դիրքավորելն է` որպես աշխարհի տեխնոլոգիական մայրաքաղաքներից մեկը: Գործակցության շրջանակներում մենք քաղաքապետարանին կօգնենք տարբեր թվայնացման, տեխնոլոգիական նախաձեռնություններ և ծրագրեր իրականացնել, ինչպես նաև հակառակը՝ աջակցությունը քաղաքապետարանի կողմից դեպի ոլորտին»,- նշել է ԱՏՁՄ ՀԿ գործադիր տնօրեն` Հայկ Չոբանյանը:

«ԴիջիԹեք 2022» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսն ու «ԴիջիԹեք Սամիթ» միջազգային համաժողովը հանդիսանում են Հայաստանի մրցունակության բարձրացման, նորագույն տեխնոլոգիաների տարածման, փորձի փոխանակման և նոր գործարար կապերի ստեղծման ու ընդլայնման կարևորագույն հարթակ, որի նպատակն է ստեղծել բարենպաստ գործարար միջավայր առաջատար տեխնոլոգիական ընկերությունների, գործարար աշխարհի և այլ սպառողների միջև: Երևանի քաղաքապետը շրջել է նաև տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակից ընկերությունների առաջարկներին:

Լուսանկարներ

Տեսնել ավելին