«Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է մշակութաստեղծ և բարձրարժեք նախաձեռնությունների կողքին». կայացել է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը
Թատրոնի համաշխարհային օրը՝ մարտի 27-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, թատերական գործիչներ, հյուրեր: Մշակութային կարևոր այս իրադարձությունն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մասնագիտական օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ օրը ևս մեկ հրաշալի առիթ է՝ արժևորելու թատերարվեստի ներկայացուցիչների, թատրոնի իրական նվիրյալների երախտիքն ու վաստակը, նրանց անմնացորդ նվիրումը մեր մշակութային կյանքի, հայ թատերարվեստի զարգացման գործում:
«Դժվար է գերագնահատել թատրոնի դերն ու նշանակությունը մեր մշակութային կյանքում, քաղաքամայր Երևանի մշակութային առաջընթացի և զարգացման գործում, և հենց այս գիտակցումով Երևանի քաղաքապետարանը մշտապես կանգնած է թատրոնի, մեր բոլոր թատերական կազմակերպությունների կողքին: Խոսքերիս վառ ապացույցն այսօրվա հիասքանչ տոնակատարությունն է, որը հնարավոր դարձավ մեր բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է մշակութաստեղծ և բարձրարժեք նախաձեռնությունների կողքին: Գիտեք, որ Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում թատրոնների վերազինման, տեխնիկական հագեցվածության ապահովման, հարմարավետ և պատշաճ միջավայրում թատերական գործունեություն իրականացնելու խնդրին: Ինչպես հայտնի է, ավարտին են հասցվել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման և վերազինման աշխատանքները: Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի հիմնանորոգման աշխատանքները կիրականացվեն 2022թ. ընթացքում: Հիմնանորոգմանը զուգահեռ՝ կիրականացվի թատրոնի տեխնիկական վերազինման գործընթացը: Առաջիկայում կիրականացնենք նաև Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի հիմնանորոգման աշխատանքները, որն, ըստ արդեն ձեռք բերված նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի, կազմում է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամ»,- ելույթի իր խոսքում նշել է քաղաքապետը:
Մրցանակաբաշխության անվանակարգերի հիմնական ցանկին այս տարի ավելացել էին նորերը: Տրվել են նաև հատուկ մրցանակներ:
21-րդ անգամ անցկացվող «Արտավազդ»-ն այս տարի նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին: