Երևանի քաղաքապետարանը մասնակցել է Բրիտանական հոգեբանական համայնքի 2025 թվականի տարեկան համաժողովին

30.12.2025

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը նոյեմբերի 27–30-ը Մեծ Բրիտանիայի Բրիսթոլ քաղաքում մասնակցել է Բրիտանական հոգեբանական համայնքի 2025 թվականի տարեկան համաժողովին։ Կարդացել է դասախոսություն «Պատմական տրավմայի վերափոխումը դրամաթերապիայի միջոցով» թեմայով՝ անդրադառնալով բռնի տեղահանված և սոցիալապես անապահով անձանց հետ հոգեբանական-վերականգնողական աշխատանքներին: Անհրաժեշտ է նշել, որ Երևան համայնքն ունի մեծ փորձառություն բռնի տեղահանված ընտանիքների հետ աշխատանքում։ Հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ լինելով ամենամեծ համայնքը և ունենալով բազմաշերտ մարտահրավերներ, համայնքը կարողացել է իրականացնել բռնի տեղահանված ընտանիքների հարմարվողականությանը, աջակցությանն ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համակարգված աշխատանք: Համայնքի կողմից իրականացված աշխատանքներն ուղղված են եղել կարիքների վերհանմանն ու հասցեական աջակցության տրամադրմանը:
Բրիտանական հոգեբանական համայնքի հոգեթերապիայի բաժնի նախագահի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժինների համայնքային ծառայող հոգեբանների և հարակից մասնագետների շարունակական վերապատրաստումների իրականացման վերաբերյալ:
 

Լուսանկարներ