Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

10.04.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերանտիին: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործում:
Անդրադառնալով Երևանի և Իտալիայի քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է 2024-ին երկու մայրաքաղաքների միջև փոխըմբռնման հուշագրի  կնքումը և տեղեկացրել, որ այն գործակցության նոր հարթակ է ստեղծել քաղաքային կառավարման ոլորտներում:  
Առաջիկայում նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել նաև Երևանի և Նեապոլի միջև:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Ալեսսանդրո Ֆերանտին առանձնակի կարևորել է երկու երկրների միջև առկա զբոսաշրջային ներուժն ու նշել, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի համատեղ նոր նախագծերի իրականացման հարցում: 

Լուսանկարներ