Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը ճարտարապետների միջազգային օրվա առթիվ

05.10.2015

Հարգելի ճարտարապետներ,
այսօր աշխարհում նշում են Ճարտարապետների միջազգային օրը:
Մասնագիտական այս տոնը առիթ է, որպեսզի կրկին անգամ անդրադառնանք հազարամյակների պատմություն ունեցող մեր ճարտարապետությանն ու հերթական անգամ փաստենք, որ ճարտարապետության հայկական դպրոցն իսկապես իր արժանի բարձր տեղն ունի համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ: Հայկական ճարտարապետության շատ նմուշներ իրենց կատարելությամբ ուսանելի օրինակ են ամբողջ աշխարհում: Այսօր էլ դուք, տեր կանգնելով դարերի խորքից մեզ հասած ժառանգությանը, մասնագիտական ձեր ողջ ներուժն օգտագործելով շարունակում եք հարստացնել հայկական ճարտարապետության գանձարանը՝ եկող սերունդներին նաև նոր արժեքներ փոխանցելու հաստատակամությամբ: Այս տոնը ևս մեկ առիթ է, որ հերթական անգամ գնահատենք հայ ճարտարապետներին ու նրանց անուրանալի վաստակը, որի խոսուն արտացոլումն է նաև մեր սիրելի մայրաքաղաքի հնի և նորի համադրությամբ ինքնատիպ տեսքը:
Միանալով բոլոր այն շնորհավորանքներին, որ մասնագիտական տոնի առթիվ այսօր ուղղվել են ձեզ, մաղթում եմ ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ, նաև քաջառողջություն ձեզ ու ձեր ընտանիքներին:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

 

Լուսանկարներ