Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է մետրոպոլիտենի օդափոխության համակարգերի փոխարինման ընթացքին

08.02.2023

Մետրոյի անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով նախորդ տարի կառավարությունը 650 մլն դրամ հատկացրեց։ Շուրջ 500 մլն-ն ուղղվեց օդափոխության համակարգերի փոխարինմանը: 
Ուղիղ ժամը 23:00-ին, երբ Երևանի մետրոպոլիտենն ավարտում է աշխատանքը քաղաքացիների համար, ստորգետնյա թունելներում սկսում է օդափոխության համակարգերի տեղադրմամբ զբաղվող մասնագետների գործը: Կեսգիշերն անց ծրագրի ընթացքին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:  
«Դրենաժային թունելը փորելուց հետո սա մեր երկրորդ ամենակարևոր ծրագիրն է: Այն հնարավորություն է տալու, որպեսզի մենք մետրոպոլիտենում նվազեցնենք խոնավության մակարդակը, որը կերկարաձգի մետրոպոլիտենի շահագործումը: Ճիշտ է՝ այս պահի դրությամբ կառավարության աջակցությամբ միայն 14 օդափոխության համակարգ ենք փոխարինում, ևս 14-ը անհրաժեշտ է, բայց վստահ եմ, որ փոխարինման այս աշխատանքներից հետո  կանցնենք արդեն մյուս համակարգերի փոխարինմանը»,- ընդգծում է քաղաքապետը: 
Հիմնադրման օրվանից ի վեր մետրոպոլիտենում առաջին անգամ է, որ փոխվում են օդափոխության համակարգերը: Նոր, հզոր սարքերը ոչ միայն տնտեսապես են արդյունավետ, այլև հարմարավետ են կառավարման տեսանկյունից:
«Ամենակարևորը՝ մեր մետրոպոլիտենը կունենա մաքուր օդ, միկրոկլիմա կապահովենք: Մենք բավականին կորուստներ ենք ունենում հենց այն պատճառով, որ մեզ մոտ խոնավությունը բարձր է, և չենք կարողանում օդում խոնավությունը նվազեցնել: Սա հնարավորությամբ և հզորությամբ կհանգեցնի այն բանին, որ թունելներում տեղադրված սարքավորումները չեն ենթարկվի ուժեղ կոռոզիայի, մեր ուղևորներն իրենց ավելի լավ կզգան, որովհետև համակարգը նաև փոշին է կլանում, բացի այդ նաև էլէկտրաէներգիայի տնտեսում կունենանք»,- նշում է  մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական մասնաճյուղի պետ Սամվել Մնացականյանը: 
Աշխատանքը բարդ ու պատասխանատու է: Մինչ համակարգերի տեղադրումը՝ նախ  ջրամեկուսացվում է տարածքը:  Տեղադրված առաջին օդափոխության սարքը փորձարկել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: 
Հաշվի առնելով մետրոպոլիտենի կարևորագույն և խիստ կենսական կառույց լինելու հանգամանքը՝ պետությունն ու համայնքը նախաձեռնել ու նախանշում են տարբեր ծրագրեր, որոնք կյանքի կկոչվեն փուլ առ փուլ՝ իրականություն դարձնելով տասնամյակների սպասումները:  
«Բավականին մեծ ծրագրեր ունենք մետրոպոլիտենում. աշխատավարձերը բարձրացրինք նախորդ տարի, այս պահին աշխատակիցների աշխատանքային պայմաններն ենք բարելավում վարչական մասում, նաև նախատեսվում է դեպոյի վերակառուցում: Փուլ առ փուլ ծրագրերը կյանքի ենք կոչում և վստահ ենք, որ որոշ ժամանակ անց ավելի լավ մետրոպոլիտեն կունենանք»,- ընդգծում է Հրաչյա Սարգսյանը:     
Մետրոն մեր օրերում էլ ամենահարմարավետ, բնապահպանապես մաքուր, արագընթաց ու անվտանգ  փոխադրամիջոցն է: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ տարեցտարի ավելանում է այս փոխադրամիջոցը նախընտրողների թիվը: Մետրոյով ամեն օր երթևեկում է ավելի քան 80 հազար ուղևոր: 
 

Տեսանյութ

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ծանոթացել է մետրոպոլիտենի օդափոխության համակարգերի փոխարինման ընթացքին