Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է կապերի ընդլայնումն ու ընդգծել Երևանի պատրաստակամությունը փոխգործակցության հաստատման ու զարգացման ծրագրերում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովն իր հերթին վստահություն է հայտնել, որ Երևան այցի շրջանակում կձևավորվի փոխշահավետ գործակցության լայն դաշտ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորության շուրջ:
Երևանի քաղաքապետն ու Եկատերինբուրգի քաղաքապետը ստորագրել են Եկատերինբուրգի վարչակազմի և Երևանի քաղաքապետարանի միջև համագործակցություն հաստատելու մասին մտադրությունների հուշագիր, որը հնարավորություն կտա գործակցել և զարգացնել երկկողմ կապերը տեղական ինքնակառավարման, կրթության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության, երիտասարդական նախագծերի, ինչպես նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
«Քաղաքներն, իհարկե, ունեն իրենց առանձնահատկություններն ու տարբերությունները, բայց խնդիրները միանման են: Այսօր ստորագրեցինք մտադրությունների հուշագիր Երևանի և Եկատերինբուրգի միջև համագործակցություն հաստատելու վերաբերյալ, ինչը կնպաստի հետագա արդյունավետ գործակցությանը, համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացմանը, այդ թվում՝ փորձի փոխանակմանը տարբեր ոլորտներում»,- նշել է Երևանի քաղաքապետը:
«Սա երկու քաղաքների միջև ստորագրված առաջին փաստաթուղթն է, որը լայն հնարավորություն է՝ գործակցելու քաղաքային տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Պատրաստ ենք մեր փորձը փոխանակել երևանյան գործընկերների հետ՝ միաժամանակ որոշ ոլորտներում առկա նոր լուծումները տեղայնացնելով մեզ մոտ: Հաշվի առնելով հատկապես տեղի ներդրումային հետաքրքրությունները՝ Երևանում ենք բավական մեծ և ընդլայնված պատվիրակությամբ: Կշարժվենք առաջ՝ զարգացնելով մեր փոխգործակցությունը»,- ընդգծել է Եկատերինբուրգի քաղաքապետը: