Երևանի ավագանին ամփոփեց 4-րդ նստաշրջանի աշխատանքները
1991թ. սեպտեմբերի 21-ից մինչև 2025թ. ընթացքում Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած մանկապարտեզների և դպրոցների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրելու նպատակով Երևան քաղաքի ավագանու քննող հանձնաժողով կստեղծվի: Երևանի ավագանին այսօր կայացած նիստում հավանություն տվեց որոշման նախագծին:
Քննող հանձնաժողովը կիրականացնի մանրամասն ուսումնասիրություն՝ պարզելու փաստական տվյալներ, գնահատելու գործընթացների հիմնավորվածությունը և այդ մասին կիրազեկի հանրությանը:
***
Երևանի ավագանու որոշմամբ հաստատվել է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Երևանի 2025-2028 թվականների գործողությունների ծրագիրը: Այն կոչված է համախմբելու կառավարություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ միասին աշխատելու և ձևավորելու կառավարության ներառական զարգացման օրակարգը: Ծրագիրն այս առավել թափանցիկ, հաշվետու, նորարարական և մասնակցային կդարձնի կառավարման համակարգը: Նախաձեռնության անդամ են հանդիսանում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող 70-ից ավելի երկրներ և ավելի քան 100 տեղական իշխանություններ:
***
Երևանի ավագանին ամփոփեց 4-րդ նստաշրջանի աշխատանքները: Համայնքի օրենսդիրը 5-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարի սեպտեմբերի 9-ին: