Երևանի արվարձանում մեկնարկում է «Ակադեմիական քաղաք Հայաստան» նախաձեռնությունը
Երևանի արվարձանում մեկնարկում է Հայաստանի Հանրապետության ամենամեծ ու հավակնոտ կրթական նախաձեռնությունը՝ «Ակադեմիական քաղաք Հայաստան»-ը։
275 հա ընդհանուր մակերեսով տարածքում իրականացվող աշխատանքներին ծանոթացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ներկայացվել են տարածքի ակտիվացման, մասնավորապես՝ Ակադեմիական քաղաքի տարածքում չտարբերակված, անվերահսկելի աղբի և շինությունների քարտեզագրման աշխատանքները, մաքրման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։ Անդրադարձ է կատարվել ըստ հատակագծի լանդշաֆտային ենթակառուցվածքների բաշխվածությանը, կանաչապատման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին և այլն։
Ծրագրի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտական արշավախումբը հոկտեմբերի 15-ից իրականացվող պեղումների արդյունքում բացահայտել է քարակերտ ճարտարապետությամբ Երևանի, թերևս նաև Հայաստանի ու Հարավային Կովկասի հնագույն բնակատեղիներից մեկը՝ Սիլիկյանի բնակատեղին։
Հանրապետության վարչապետն ու Երևանի քաղաքապետը ծանոթացել են նաև պեղումների ընթացիկ աշխատանքներին: