«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հավաքակայանը կհամալրվի նոր հատուկ տեխնիկայով

24.06.2024

Համայնքը 8 նոր հատուկ տեխնիկա ձեռք կբերի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի համար: Ընթացքում է նաև նոր շարժիչների ձեռքբերման գործընթացը, քանի որ դրանց խափանված լինելու հետևանքով որոշ մեքենաներ այս պահին չեն շահագործվում: 
***
Վարչական շրջանները կունենան նոր գործառույթներ. փողոցների փոսային նորոգումների, բակային տարածքների բարեկարգման ու թեքահարթակների կառուցման ծրագրերի պատասխանատվությունն այսուհետ վարչական շրջաններինն է: Աշխատանքները կկազմակերպվեն շինարարություն և բարեկարգում վարչության ներկայացրած չափորոշիչների հիման վրա: 
***
Վարչական շրջաններում կանաչ գոտիների խնամքն ու բակային տարածքների սանմաքրումն ապահովելու համար կտրամադրվի մասնագիտացված անհրաժեշտ տեխնիկա:  
***
Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում ձեռնարկվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթաց: Հանձնարարվել է աշխատանքներն իրականացնել նաև վարչական մյուս շրջաններում:  
***
Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացն այս տարի նախատեսված է Վարդանանց, Խորենացի, Մյասնիկյան, Աճառյան, Թումանյան, Տիգրան Մեծի, Մելիք Ադամյան, Արգիշտի և Հանրապետություն փողոցներում ու պողոտաներում: 
***
Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։ Աշխատանքները մեկնարկել են: 
***
Գետառի վրա կկառուցվի ջրերի մաքրման կայան: Սարքերի մատակարարումն ընթացքում է: 

Լուսանկարներ