Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր երեք խաղահրապարակ

29.05.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանն ու «Կերոն» զարգացման հիմնադրամը ստորագրեցին հուշագիր՝ ներկայացնելով նոր խաղահրապարակների ստեղծման ծրագիրը։

Այս նախագիծը «Կերոն» զարգացման հիմնադրամի ռազմավարական հինգ ուղղություններից մեկի՝ տարածքային զարգացմանը միտված նախաձեռնություններից է, որն իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի հետ համագործակցությամբ և համատեղ ջանքերով։

Ծրագրի շրջանակում Երևանում առաջին անգամ կառուցվելու են խաղահրապարակներ, որոնք լիովին կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կունենան բացառապես հասարակական նշանակություն՝ որպես նվեր մայրաքաղաքին, երևանցիներին և հատկապես երեխաներին։ Խաղահրապարակները կտեղակայվեն Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում (շուրջ 2000 քմ), Խաչքարերի պուրակում (մոտ 800 քմ) և Միսաք Մանուշյանի անվան պուրակում (շուրջ 675 քմ)։

Խաղահրապարակները հասանելի կլինեն բոլոր երեխաների համար՝ անկախ ֆիզիկական կամ զարգացման առանձնահատկություններից։ Միջավայրը կլինի լիովին անվտանգ, իսկ խաղային սցենարները կնպաստեն բոլոր երեխաների ինտեգրմանն ու զարգացմանը։ Նախագծերի կյանքի կոչման ընթացքում որևէ ծառ չի կտրվելու, իսկ խաղահրապարակները ներդաշնակորեն կհամակցվեն առկա բնական միջավայրին՝ պահպանելով կանաչ գոտիների ամբողջականությունն ու էկոհամակարգը։

Տեսանյութ

Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան նոր երեք խաղահրապարակ