Երևանը կունենա «Կանաչ զարգացում» հարթակ, որտեղ կներկայացվեն քաղաքի բնապահպանական խնդիրների լուծման ծրագրերը

15.06.2023
Կանաչ զարգացում

«Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությամբ Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագրով ստանձնած «Կանաչ զարգացում» հարթակը ձևավորելու նպատակով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քաղաքապետարանում անցկացվել է աշխատանքային քննարկում: 
Հանդիպման ընթացքում ամփոփ ներկայացվել է Երևանի կողմից մշակված գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունները, դրանք իրագործելու նպատակով կատարված և նախատեսվող քայլերը: 
Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, ընդգծելով երրորդ հանձնառությունը, նշել է. «Ներկայում  կլիմայի փոփոխության դեմ պայքարի ընթացքում շատ կարևոր է քայլեր ձեռնարկել քաղաքային միջավայրում էներգախնայողության և էներգաարդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով և զարգացնել վերականգնվող էներգետիկան՝ կրճատելով ածխաթթու գազի արտանետումների մակարդակը: «Կանաչ զարգացում» հարթակը պարբերաբար թարմացվելու է և ներառելու է քաղաքապետարանի կողմից իրականացված էներգաարդյունավետ ծրագրերի շնորհիվ ջերմոցային գազերի նվազեցված արտանետումների, օդի աղտոտվածության մակարդակի, խնայված էլեկտրաէներգիայի վերաբերյալ տեղեկատվություն: Այն շահագրգռելու է նաև համայնքային ենթակայության կազմակերպություններին՝ համապատասխանելու կայունության չափանիշներին և ստանալու համապատասխան «Կանաչ կնիք» հավաստագիր, շարժվելու կանաչ գնումների ընթացակարգով՝ նպաստելով կայուն սպառմանը և արտադրությանը»:
Քննարկման մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկներով, օրինակ, հարթակում առանձին բաժիններ նախատեսել ջրային պաշարների կառավարման, մթնոլորտային օդի, Երևանի կլիմայական պայմանների վերաբերյալ: Առաջարկվեց նաև կառուցապատման նորմերի փաստացի կատարման նկատմամբ հսկողությունը խստացնող, այդ թվում թափոնների կառավարման համակարգում հաշվառվող տվյալների հավաքման վերաբերյալ տեղեկատվությունը ևս արտացոլել նշված հարթակում:
Արդյունավետ և կառուցողական քննարկման ընթացքում հավաքված կարծիքներն ու գաղափարներիը հիմք կդառնան «Կանաչ զարգացում» հարթակի մշակման հանձնառության իրագործման գործընթացում, ինչը հնարավորություն կտա բարձրացնել իրազեկվածության մակարդակը «կանաչ» ծրագրերի իրականացման և վերահսկման նկատմամբ՝ դրանք դարձնելով թափանցիկ, նորարար և հաշվետվողական:
 

Լուսանկարներ