«Երևանը կայուն քայլերով ձևավորում է իր տեղը միջազգային մարզական օրակարգում». քաղաքապետ Տիգրան Ավինյան
Ապրիլի 14-19-ը մայրաքաղաքում անցկացվող «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը Հայաստան է բերել 14 երկրից ժամանած մարզիկների:
Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ջանքերով շուրջ մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում այս մրցաշարն ընդգրկվել է եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում:
Մարզական այս ստուգատեսի եզրափակիչ գոտեմարտերին ներկա է գտնվել Երևանի քաղաքապետը: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համատեղ այս մրցաշարը կազմակերպել է բարձր պատասխանատվությամբ՝ համոզված լինելով, որ մարզական հաջողությունները կառուցվում են հետևողական աշխատանքի և աջակցող միջավայրի շնորհիվ:
«Այս մրցաշարը վկայում է այն մասին, որ Երևանը կայուն քայլերով ձևավորում է իր տեղը միջազգային մարզական օրակարգում։ Մարզական միջոցառումների նման մակարդակով անցկացումն ամրապնդում է մեր քաղաքի հեղինակությունն ու բացում նոր հորիզոններ՝ մարզաձևերի զարգացման, մարզիկների առաջխաղացման և մարզական մշակույթի տարածման համար»,- նշել է քաղաքապետն ու մարզիկներին մաղթել ուժ, տոկունություն և վճռականություն՝ այս կարևոր փուլում։