Երևանը կանդամակցի «Բաց կառավարման գործընկերությանը»
Երևանը մտադիր է անդամակցել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը: Նպատակն է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքով կառավարման համակարգը դարձնել առավել թափանցիկ, հաշվետու, նորարար և մասնակցային:
Երևանի քաղաքապետարանում հրավիրված հանդիպում-քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, «ԲԿԳ-Հայաստան» նախաձեռնության համակարգող Լիլյա Աֆրիկյանը, ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ծրագրով հետաքրքրված հասարակական տարբեր կառույցների ներկայացուցիչներ, Երևանի բնակիչներ:
Նախաձեռնության շնորհիվ կբարելավվի ոլորտը, այն կդառնա քաղաքացիակենտրոն, կբարձրացնա կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը և հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը:
«Երևանի քաղաքապետարանը վերջին շրջանում ձեռնարկում է տարբեր միջոցառումներ, որպեսզի քաղաքային իշխանության աշխատանքը լինի հնարավորինս բաց բնակչության համար: Այս նախաձեռնությունն իր հերթին ստեղծում է նոր կարևոր երկխոսություն՝ քաղաքացի-համայնք համագործակցությունն ամրապնդելու համար, ինչն այսօր մեր գլխավոր նպատակներից է: Լիահույս եմ, որ «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակում «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանն անդամակցելով կունենանք ակտիվ, փոխշահավետ և առավել թափանցիկ համագործակցություն» ,- ընդգծել է Լևոն Հովհաննիսյանը:
Հանդիպման մասնակիցները քննարկել և կարևորել են քաղաքապետարանի անդամակցությունը և պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալու հիմնախնդիրների բարձրացմանն ու ծրագրերի մշակմանը:
«ԲԿԳ-Հայաստան» նախաձեռնության համակարգող Լիլյա Աֆրիկյանը մանրամասնել է. ՀՀ կառավությունն իրականացրել է գործողությունների մի քանի ծրագրեր՝ տեղական ինքնակառավարման, տեղեկատվության ազատության և մատչելիության, սոցիալական հասանելիության, առողջապահության, կրթության, գնումների ոլորտներում:
Նշենք, որ գործընկերությունը ստեղծվել է 2011 թվականին: Ծրագրին միացած է 56 տեղական ինքնակառավարման մարմին:
Առաջիկայում Երևանը կներկայացնի անդամակցության իր հայտը, այնուհետ կձևավորվի աշխատանքային խումբ, և կմշակվեն կոնկրետ ծրագրեր: