Երևանը հռչակվել է Եվրոպական ուսանողական մայրաքաղաք

07.05.2015

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանը 2015 թվականի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում Երևան ժամանած Եվրոպական ուսանողական միության պատվիրակներին, նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային՝ Երևանը Եվրոպական ուսանողական մայրաքաղաք ճանաչելու հարցում ունեցած ներդրման ու նաև այս հանդիպումը նախաձեռնելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Եվրոպական ուսանողական մայրաքաղաք ճանաչվելը որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու պարտավորություն է: 

«Անշուշտ, պատվաբեր է լինել այս տարվա Եվրոպական ուսանողական մայրաքաղաքը, ինչը, թերևս, նաև օրինաչափ է, քանզի ուսանողներին և ընդհանրապես երիտասարդությանն առնչվող հարցերը միշտ եղել են Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, իսկ երիտասարդների հետ տարվող աշխատանքներն էլ՝ դիտվել մեր առաջնահերթությունների շարքում»,- ընդգծել է քաղաքապետը:

Առանձնակի կարևորելով երիտասարդության ակտիվ մասնակցությունը քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է լսելու և քննարկելու մայրաքաղաքի զարգացմանն ուղղված երիտասարդների կառուցողական առաջարկները:
«Երևանի քաղաքապետին կից գործող երիտասարդների խորհուրդը, որի ակտիվ անդամներից է նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան, իր անմիջական ու կարևոր մասնակցությունն ունի մայրաքաղաքում իրականացվող բոլոր ծրագրերում, որոնց մի մասն, ի դեպ, հենց երիտասարդության կողմից արված առաջարկությունների հիման վրա է կազմվում: Երևանի քաղաքապետարանում այսօր հարյուրավոր երիտասարդներ են աշխատում, ովքեր իրենց կարևոր ներդրումն ունեն մեր քաղաքի զարգացման պատասխանատու գործում: Ասում են «երիտասարդ ժամանակ մենք սովորում ենք, իսկ տարիների ընթացքում` հասկանում»: Այժմ ձեր կյանքի լավագույն ժամանակներն են՝ սովորելու, գիտելիքի և փորձի պաշար կուտակելու համար: Դուք իրապես մարդկության և քաղաքակրթության շարժիչ ուժն եք, նաև ապագայի հույսն ու երաշխիքը: Քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում ձեզ, նաև հաջողություն՝ ձեր բոլոր նախաձեռնություններում: Համոզված եմ, որ երևանյան հանդիպումը դրական շատ նոր լիցքեր կհաղորդի բոլորիդ ու դուք կսիրեք մեր 2797-ամյա քաղաքը, որն այս տարի դարձավ նաև ձեր մայրաքաղաքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Եվրոպական ուսանողական միության նախագահ Էլիզաբեթ Գեհրկեն էլ, շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար, նկատել է, որ Հայաստանի մայրաքաղաքն իսկապես երիտասարդության շնչով առլեցուն քաղաք է, և համոզմունք է հայտնել, որ Երևանը պատվով կկրի Եվրոպական ուսանողական մայրաքաղաքի կոչումը:
«Թեև կարճ ժամանակ է, ինչ Երևանում եմ, սակայն արդեն հասցրել եմ հիանալ ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ բնակիչների ջերմությամբ ու հյուրընկալությամբ: Վստահ եմ, որ 2015 թվականի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում կազմակերպվող բոլոր միջոցառումներն ուրույն հնարավորություն կընձեռեն էլ ավելի խորությամբ ուսումնասիրել փոխադարձ փորձն ու նախանշել դրանց փոխանակման արդյունավետ եղանակները», - նշել է Էլիզաբեթ Գեհրկեն՝ հավելելով, որ 1982թ.-ին հիմնադրված Եվրոպական ուսանողական միությունը ներկայացնում է եվրոպական 39 երկրների 47 ազգային ուսանողական միություններ:
Հարկ է նշել, որ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ) 2013թ.-ի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Զագրեբում (Խորվաթիա) ընթացող Եվրոպական ուսանողական միության 65-րդ կառավարման խորհրդին հայտ էր ներկայացրել 2015թ.-ին հյուրընկալել Եվրոպական ուսանողական ամենահեղինակավոր կազմակերպությանը: 2015թ.-ի ԵՈւՄ գարնանային նստաշրջանի հյուրընկալման համար պայքարում էին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (Հայաստան) և Իսրայելի ազգային ուսանողական միությունը (Իսրայել): Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվեց Երևանը և այդպիսով հռչակվեց նաև 2015թ. Եվրոպական ուսանողական մայրաքաղաք:
Միջոցառման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտերմիկ մթնոլորտում շփվել է հյուրերի հետ: Շնորհակալություն հայտնելով մշտական աջակցության համար՝ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Ալեքսանյանն էլ իր հերթին ուսանողների անունից մեկ անգամ ևս վստահեցրել է, որ պատրաստակամ են աշխուժացնել փոխգործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ՝ հատկանշելով, որ ի դեմս Տարոն Մարգարյանի՝ ունեն երիտասարդության ներուժն իրապես գնահատող և գործնական ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամ քաղաքապետ:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութ

Երևանը հռչակվել է Եվրոպական ուսանողական մայրաքաղաք
Տեսնել ավելին