«Երևան քաղաքում ապօրինի շինություններ այլևս չեն լինելու». քաղաքապետ Տիգրան Ավինյան

08.01.2024

Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող հատվածը կկանաչապատվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վերոնշյալ գոտում 25 հա անտառապատման ենթակա տարածք կա, որը բնապահպանական տեսանկյունից կարևոր դեր կունենա քաղաքի կենտրոնի համար: Մինչ նախագծի մեկնարկը տարածքը կմաքրվի, կազատվեն հողազավթված տարածքները: 
«Բանջարանոցների ու ապօրինի շինարարության ժամանակաշրջանը վաղուց սպառվել է: Մենք քննարկելու ենք օրենսդրական որոշակի փոփոխություններ, որոնք էլ ավելի են բարդացնելու նմանատիպ տարածքների զավթումը: Ինձ համար տարբերություն չկա՝ համայնքային բյուջեի՞ց են փող գողանում, թե՞ համայնքային հողերն են գողանում: Այդտեղ ունենք գործելու դաշտ, ոչ թե բանակցելու: Երևանի կանաչ ֆոնդը տասնամյակներով նվազել է նաև նման գործողությունների արդյունքում»,- ընդգծել է քաղաքապետը: 
***
2023թ. ընդհանուր առմամբ լէդ լուսատուներով է փոխարինվել 11563 նատրիումային և սնդիկային լամպ: Քաղաքն ամբողջությամբ էներգախնայող լուսատուներով հագեցնելու ծրագիրը նախատեսվում է ավարտել 2026թ.:
***
«Օղակաձև» զբոսայգու 4-րդ հատվածն ամբողջությամբ կբարեկարգվի, բնակիչների հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: Նախագիծը նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրով:  
«Բոլոր այն հատվածները, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք երևանցիներին»,- նշել է քաղաքապետը: 
***
Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանը կհամալրվի ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված ևս մեկ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմով։ 
Նախորդ տարի գործարկվել էր երեք նոր շարժակազմ ՝ երեք վագոնանոց։
 Այսպիսով, գնացքների հավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոնանոց շարժակազմ, որն էլ էականորեն կբարելավի ուղևորների հարմարավետ փոխադրումը:

***
«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» համար «Հրազդան» մարզադաշտին կից ավելի քան 15500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Մարզական կառույցը համապատասխանելու է մարզումներ ու միջազգային մրցույթներ կազմակերպելու  բոլոր չափանիշներին:
 

Լուսանկարներ