Երևան քաղաքի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախևառաջ անդրադարձել է վերջին օրերին մեր պետության դեմ Ադրբեջանի սանձարձակած դատապարտելի պատերազմին, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք նրա ներխուժմանը, խաղաղ բնակավայրերի հրետակոծության, ավերածությունների և ցավալի զոհերի խնդրին և Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիվ ռազմական գործողությունների ու սպառնալիքների անթույլատրելիությանը:
Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հետ, և համոզմունք հայտնել, որ երկու քաղաքների օրենսդիր մարմինների միջև ստորագրվելիք փաստաթուղթը նոր հեռանկարներ կբացի նաև այս մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին իր հերթին նկատել է, որ երկու քաղաքների միջև իսկապես առկա է գործակցության լայն դաշտ, ինչը հնարավորություն կտա ընդգրկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:
Պաշտոնական ձևաչափով հանդիպումից հետո Երևան քաղաքի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին:
Փոխըմբռնման հուշագրով գործակցություն կծավալվի տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության և հողօգտագործման, բյուջետային գործընթացի և հարկային քաղաքականության, մշակույթի, կրթության, նորագույն տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի և այլ բնագավառներում: