«Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով ֆոտոցուցահանդես՝ Պետրոպավլովյան ամրոցում
Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքի Պետրոպավլովյան ամրոցում բացվել է «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Շուրջ 86 լուսանկարներից կազմված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պեդտերբուրգի նահանգապետը շրջել և ծանոթացել են ներկայացված լուսանկարներին: Պատասխանատուները նշել են, որ Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների հավաքածուն հանդիսացող լուսանկարները ներկայացնում են Երևանի հին ու նոր փողոցները, թաղամասերը, հասարակական շենքերը, հուշարձանները, համաքաղաքային և տոնական միջոցառումները, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել Երևանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:
Ի դեպ, Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում բացված «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 6-20-ը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն