«Երևան համայնքից զավթված հողը նույնպես գողություն է». Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող 26 հա տարածքը կկանաչապատվի

26.02.2024

Տասնամյակներ շարունակ անկանոն ու ապօրինի կառուցապատված Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքը կկանաչապատվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ համայնքից զավթված տարածքները կմաքրվեն ապօրինի շինություններից, 26 հա-ում կհիմնվի կանաչ գոտի:  
«Տասնամյակներով մենք նման քաղաքականության հետևանքով Երևանում կորցրել ենք ահռելի ծավալի կանաչապատ տարածքներ, և տարբեր հիմնավորումներով ու արդարացումներով վերջ չի դրվել անկանոն կառուցապատմանը կանաչ տարածքների հաշվին: Արդեն նվազագույնը մեկ-երկու տարի է, ինչ այդ տրամաբանությանը վերջ է դրվում: Երևան համայնքից և, մասնավորապես, կանաչ տարածքներից զավթված հողը  նույնպես գողություն է, այն, ինչը հանրային է, պետք է մնա հանրային, այն, ինչը որ կանաչ տարածք է, պետք է մնա կանաչ տարածք»,- ընդգծել է քաղաքապետը:

***
Գարնանային ծառատունկի ընթացքում երևանյան շուրջ 20 այգիներում և պուրակներում կիրականացվեն արժեքավոր ծառերով լրացման միջոցառումներ. տնկվելու է 50 հազար ծաղկող թուփ և շուրջ կես միլիոն ծաղիկ ու զարդարուն թուփ: 2024թ. կանաչապատման ոլորտում ծավալուն ծրագրեր կիրականացվեն՝ անտառային գոտիները վերականգնելու և հիմնելու, կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինելու նպատակով: 

***
2024թ. մայրաքաղաքի փողոցներում նախատեսվում է իրականացնել 55 կմ միջին նորոգում:

***
Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը զուհագեռ՝ կտեղադրվի հեռակառավարման նոր համակարգ: Այն հնարավորություն կտա ավելի  հեշտ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագորեն արձագանքել: 

***
Կոնդի վերակառուցման նախագծով լուծում կստանա բնակիչների սեփականության իրավունքին վերաբերող խնդիրը: Տասնամյակներ շարունակ կոնդեցիները բախվել են տարբեր խնդիրների: Թաղամասում ընդհանուր առմամբ գույքագրված է շուրջ 900 գույքային միավոր: Այժմ աշխատանքներ են տարվում տների և հարակից տարածքների սահմանները ճշտելու և սեփականության վկայականներ տրամադրելու նպատակով: 

***
Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծի ամբողջական փաթեթը պարզ փորձաքննության փուլում է: Կայարանի շինարարությունը նախատեսվում է սկսել այս տարի:  

***
Կհստակեցվեն շինբարեկարգման ծրագրերով իրականացվող ժամկետանց շինարարությունների վերջնաժամկետները: Հակառակ պարագայում ծրագրերն իրականացնող ընկերությունների հետ համայնքը միակողմանի կլուծի պայմանագրերը: 
«Խաղի նոր կանոններն այլևս ուշացում չեն ենթադրում: Վստահ եմ, որ ժամանակի ու որակի տեսանկյունից անգամ պայմանագրերի լուծման դեպքում միանշանակ շահելու ենք»,- նկատել է Տիգրան Ավինյանը:  
 

Լուսանկարներ