«Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը երեկոյան շարունակվել է գրական համերգով
«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, Թարգմանչաց տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված «Ընթերցող Երևան» խորագրով գրքի ցուցահանդես-տոնավաճառը երեկոյան շարունակվել է գրական բոհեմ համերգ-երեկոյով:
Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը շրջել է ցուցահանդես-վաճառքի տաղավարներում, ծանոթացել հրատարակչությունների և գրախանութների ներկայացրած գրականության նոր ընտրանուն, տպագրության նոր մոտեցումներին: Քաղաքապետը նաև գրքեր է գնել իր երեխաների համար:
Ցուցահանդեսում առանձին ցուցադրությամբ ներկայացվել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի բացառիկ հրատարակություններ:
Համերգային երեկոյի ընթացքում երգիչ-երգահաններն ու ասմունքի վարպետներն իրենց մեկնաբանությամբ ներկայացրել են հայ պոետների գործերը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ընդգծելով, որ արդեն 4-րդ տարին անցկացվող «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գրքին նվիրված միջոցառումները, հատկանշել է նաև, որ վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից լայնածավալ աշխատանքներ են տարվել հատկապես պատանիների և երիտասարդների շրջանում ընթերցանությունը խթանելու և մայրաքաղաքի ընթերցասեր հասարակության համար առավել տրամադրող պայմաններ ստեղծելու ուղղությամբ, ինչի շնորհիվ զգալիորեն ավելացել է քաղաքապետարանի ենթակայության գրադարանների այցելուների թիվը:
Միջոցառմանը ներկա Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ողջունելով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունը, ընդգծել է, որ այսօրինակ միջոցառումները կարևոր են հատկապես նոր սերնդի հետաքրքրասիրությունն առ գիրք ուղղելու, գիրքն արժևորելու և այն գնահատելու համար:
Ցուցահանդես-վաճառքը կգործի նաև այսօր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն