Ընթացքում է վերելակների փոխարինման 2023թ. ծրագիրը
Երևանյան շենքերի վերելակների շահագործման ժամկետը 25 տարի է, բայց դրանք ավելի քան 4 տասնամյակ են սպասարկում քաղաքացիներին։ Երևանի քաղաքապետարանը 2023թ ծրագրով շարունակում է վերելակների փոխարինման ծրագիրը՝ առավել մեծ ծավալներով։
«Ունենք 3 պայմանագիր: Առաջինով՝ 100, երկրորդով՝ 400 և երրորդ բաղադիչով 200 վերելակի փոխարինում է նախատեսված: Արդեն իսկ մեկնարկել է 100 վերելակի ծրագիրը, ունենք նաև ավարտված ու շահագործվող վերելակներ»,-ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
Մեկ վերելակի տեղադրման համար մինչև 40 օր է տրված: Ժամկետից շուտ ավարտելու համար շենքերի ամեն մի մուտքում առանձին խումբ է աշխատում:
Շարժիչից մինչև խցիկ. ամբողջությամբ նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Նոր վերելակները հարմարավետ են նաև հենաշարժողական ու տեսողական խնդիրներով անձանց համար:
Վերելակների տեխսպասարկումը տեղադրումից հետո մեկ տարի իրականացնում է կապալառուն: Ընթացիկը՝ համատիրությունների վերելակային ծառայությունների ուժերով: Նոր վերելակները նաև էներգախնայող են և շուրջ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը:
Որպեսզի վերելակները հաճախակի չխափանվեն, բնակիչները պետք է խնամքով օգտագործեն ու պահպանեն: Նախքան շահագործումը բոլոր վերելակները պարտադիր մասնագիտական փորձաքննություն են անցնում:
«Այս տարվա ծրագրի ծավալները դեռևս չհաշված` քաղաքում փոխարինման ենթակա 3198 վերելակ ունենք: Կարևոր է նշել, որ վերելակները բնակիչների բաժնային սեփականությունն են, և համայնքը չունի դրանք փոխարինելու օրենսդրական պարտավորություն: Սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգությունը, հարմարավետությունն ու միաժամանակ սոցիալական բեռը, համայնքն ինքն է միջոցներ հատկացնում»,-նշում է կոմունալ տնտեսության վարչության պետը:
Վերելակների փոխարինման ծրագիրը քաղաքապետարանն իրականացնում է համայնքի միջոցներով, այս տարի արդեն նաև կառավարությունն է մեծապես աջակցում:
2019-ից մեկնարկած ծրագրով Երևանում արդեն իսկ 1041 վերելակ է փոխարինվել․
2019թ.՝ 20,
2020թ․՝ 500,
2021թ․՝ 54,
2022թ․՝ 467։
«Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում խափանումների վերաբերյալ»,-նշում է Արսեն Կարոյանը։
Ծրագիրը շարունակական կլինի նաև հաջորդող տարիներին՝ մինչև Երևանի բազմաբնակարան բնակելի բոլոր շենքերի վերելակները կլինեն փոխարինված ու ապահով: