Դեպի ուղիղ ժողովրդավարություն. գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» հարթակը

08.07.2019

Երևանի քաղաքապետարանը գործարկել է «Ակտիվ քաղաքացի» (Activecitizen.am) հարթակը: Արդեն այսօրվանից քաղաքացիները կարող են գրանցվել կայքում, հարթակի միջոցով ներկայացնել իրենց գաղափարներն ու նախագծերը՝ մայրաքաղաքում կյանքի կոչելու համար: Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը, խոսելով նախաձեռնության մասին, նշում է, որ այն ուղղված է քաղաքացիների հետ առավել արդյունավետ և սերտ համագործակցություն ու մասնակցային կառավարում ապահովելուն: 

«Սա գաղափարների փոխանցման մի հարթակ է, որը բխում է ուղիղ ժողովրդավարության սկզբունքներից: Մոտեցումը քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական դրույթներից է: Ակնկալում ենք քաղաքացիների կողմից ակտիվություն՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում »,- նշում է փոխքաղաքապետը:
Ակտիվ քաղաքացի դառնալու և առաջարկներ ներկայացնելու համար պարզապես հարկավոր է գրանցվել կայքում: Համապատասխան դաշտերում պետք է լրացնել հանրային ծառայության համարանիշը, ինչպես նաև նույնականացման քարտի կամ անձնագրի տվյալները: Սրանով բացառվում է կեղծ հաշիվների ստեղծումն ու ապահովվում է իրական մարդկանց գրանցումը:
«Արվել է այնպես, որ հարթակը լինի շատ պաշտպանված: Այն հիմնված է բլոկչեյն համակարգի վրա, և ամեն քվե ունի իր յուրահատուկ կոդը: Սա ուղիղ կառավարման մեխանիզմ է, և արվել է այնպես, որ բացառվի կեղծ օգտատերերի գրանցումը: Ամեն մարդ իր ձայնի տերն է և իր ձայնը տեսանելի է»,- նշում է Սերգեյ Հարությունյանը:
«Հետադարձ կապի ապահովման և օգտատիրոջ գրանցումը հաստատելու համար անհրաժեշտ է համապատասխան դաշտերում լրացնել նաև էլեկտրոնային հասցե և բջջային հեռախոսահամար, որի միջոցով էլ քաղաքացին ստանում է իր գաղտնաբառը»,- ասում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Երևանի քաղաքապետարանը քաղաքացիների առաջարկները կյանքի կոչելու համար 500 մլն դրամ է նախատեսել համայնքային բյուջեից: Կարևոր է իմանալ, որ սա համայնքի կողմից տրվող դրամաշնորհ չէ՝ ակտիվ քաղաքացիները իրենց առաջարկած գաղափարների դիմաց գումար չեն ստանալու:
«Այն նախագծերը, որոնք կհավաքեն առավել շատ ձայներ, 500 մլն դրամ բյուջեի սահմաններում Երևանի քաղաքապետարանը կիրականացնի: Նախագծերի մաքսիմալ արժեքը որոշվել է 30 մլն դրամ: Դա նշանակում է, որ կարող են լինել մեծ քանակի նախագծեր, որոնք կարող են արժենալ 1 մլն, 5 մլն կամ 10 մլն, այսինքն չպետք է գերազանցեն 30 մլն դրամը»,- տեղեկացնում է Երևանի քաղաքապետի տեղակալը:
Առաջարկվող նախագծերի ընտրությունը ևս կկատարեն հենց քաղաքացիները՝ քվեարկության միջոցով: Առաջարկներ ներկայացնելու համար այսօրվանից սկսած ակտիվ քաղաքացիներն ունեն 84 օր, 8 ժամ, 31 րոպե և 29 վայրկյան:
«Այսօրվանից արդեն մենք ընդունում ենք առաջարկներ մինչ սեպտեմբերի 30-ը ներառյալ: Հոկտեմբերի 10-ից կմեկնարկի քվեարկությունը և կտևի մինչև նոյեմբերի 10-ը: Այն նախագծերը, որոնք կհավաքեն շատ քվեներ, կհամարվեն հաղթող և կդրվեն մրցույթի՝ իրականացման համար: Ուղիղ գործառույթ առաջարկ անողի և քաղաքապետարանի միջև գոյություն չունի: Դա ընդամենը գաղափար է, որը առաջարկում է մեզ քաղաքացին, և հենց քաղաքացիներն էլ քվեարկելու են՝ իրականանա այդ նախագիծը, թե ոչ»,- ասում է Սերգեյ Հարությունյանը:
Նախագծերն ընդունվում են ցանկացած տարիքի բոլոր օգտատերերից: Փոխարենը՝ քվեարկությանը կարող են մասնակցել միայն Երևանում ընտրելու իրավունք ունեցող անձինք: Միևնույն ժամանակ, Երևանի քաղաքապետարանի համար առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց:
«Այս հարթակը կտա նաև հնարավորություն՝ ապագայում անցկացնելու էլեկտրոնային հանրաքվե: Մի շարք երկրներում արդեն նաև ընտրություններն են անցկացվում էլեկտրոնային տարբերակով: Երևանի քաղաքապետարանն էլեկտրոնային կառավարման մի շարք համակարգեր է ներդրել, որոնք լինելու են շարունակական, որպեսզի մեր քաղաքացիներին մատուցենք էլ ավելի հասանելի, էլ ավելի մատչելի և ընդունելի տարբերակներ՝ տարբեր բնագավառներում»,-ասում է Սերգեյ Հարությունյանը:
Շնորհիվ գործարկված հարթակի՝ երևանցիները հնարավորություն ունեն քաղաքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրը՝ ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելով մայրաքաղաքի կյանքը: Քաղաքային իշխանությունները քաղաքացիներից ակնկալում են ակտիվ մասնակցություն՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում:

Լուսանկարներ

Տեսնել ավելին