Ճապոնացի արվեստագետի յուրօրինակ նվերը Երևանին՝ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևանում գտնվող ճապոնացի հանրահայտ արվեստագետ, պրոֆեսոր Կունիտո Նագաոկան պատճենել է Երևանի «անձնագիր» համարվող ուրարտական սեպագիր արձանագրությունը, որը պահպանվում է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանում: Արվեստագետը չինական ավանդական Տակու-Հոն դրոշմատպման եղանակով արտատպել է արձանագրությունը, ինչպես նաև Երևանի պատմության թանգարանում գտնվող հայտնի խաչքարի մեկ օրինակ: Հարկ է նշել, որ այդ տեխնիկային այսօր հիմնականում տիրապետում են ճապոնացիները: Դրոշմատպման համար օգտագործվել է բարակ և ամուր թուղթ (բնական թելատու բույսերից պատրաստված) և համապատասխան ստվերաներկ (տուշ): Երևանում արվեստագետը օգտագործել է ճապոնական «տանգո» տիպի թուղթ, որը պատրաստվում է հատուկ պատվերով: Յուրաքանչյուր ձեռագործ դրոշմատիպ համարվում է բնօրինակ և արվեստագետի ստորագրությունն է կրում:
«Ես տպավորված եմ հայերի մշակութային, հոգևոր ավանդույթներով և ուզում եմ կենդանացնել ու փաստագրել հին խաչքարերի առաքելությունն իբրև քարե դրոշմատիպեր՝ նրանց վերադարձնելով ժամանակակից աշխարհ` իրենց ձևերի ամբողջ հարստությամբ և փորագրությունների ողջ նրբությամբ: Հատուկ ուզում եմ նշել, որ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը 21-րդ դարում յուրօրինակ արվեստի գլուխգործոցի մաս կարող է կազմել, չնայած, որ այն արվել է հազարամյակներ առաջ»,- նշել է ճապոնացի արվեստագետը:
Աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ողջունելով և շնորհակալություն հայտնելով ճապոնացի արվեստագետին նման յուրօրինակ նվերի համար, նշել է. «Երևանի համար այս տարին հոբելյանական է, և յուրօրինակ այս նվերներն իսկապես խորհրդանշական են մայրաքաղաքի համար: Ըստ այդմ, դրանք անպայման կդառնան այլ երկրներում նախատեսվող ցուցահանդեսների կարևոր բաղադրիչներ՝ օտարազգիներին առավել հանգամանորեն ներկայացնելով հայկական մշակույթը»:
Ճապոնացի պրոֆեսորը արտատպած օրինակները հանձնել է Երևանի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական թանգարաններին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն