Բացվել է Ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսը

16.06.2022
Մշակույթ

Ժամանակակից արվեստի թանգարանը 50-ամյա հոբելյանը նշում է նոր ու բացառիկ ցուցադրությամբ: Այն ներկայացված է Հանրապետության հրապարակի՝ ԱԳՆ նախկին շենքում: Թանգարանի չցուցադրվող ֆոնդերից դուրս է բերվել 300-ից ավելի բացառիկ գործ, այդ թվում՝ Ժանսեմի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Վրույր Գալստյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Էլիբեկյանների:

 

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ:

 

Ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի և թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանի ուղեկցությամբ Լևոն Հովհաննիսյանը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել ցուցադրությանը:

 

Քաղաքապետի անունից շնորհավորելով թանգարանի հոբելյանը՝ Լևոն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը մշտապես լինելու է հայկական ժամանակակից արվեստի կողքին:

 

«50 տարի առաջ այս օրերին Երևանում թևածում էր աննախադեպ մի գաղափար, խորհրդային պետության համար անիրականանալի թվացող մի ձեռնարկ, որն իր շուրջը համախմբեց մեր երկրի և մշակույթի նվիրյալ մարդկանց: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանն իր գործունեության ամբողջ ընթացքում հավատարիմ մնաց կոչմանն ու առաքելությանը: Այս օրը նաև Հենրիկ Իգիթյանի հիշատակի տուրքն է: Ուրախ եմ, որ հոբելյանական մեծամասշտաբ ցուցադրության իրականացմանը մաս կազմեց նաև Երևանի քաղաքապետարանը»,-նշել է քաղաքապետի առաջին տեղակալն ու հավելել, որ համայնքը կարևորում է մշակութային օջախների շենքային պայմանների բարելավումը և այս ուղղությամբ աշխատանքներ տանում:

 

Հիմնադրման 50-ամյակի առթիվ Ժամանակակից արվեստի թանգարանը պարգևատրվել է «Երևան» ոսկե հուշամեդալով: Պարգևատրվել են նաև աշխատակիցները. երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար փոխտնօրեն Գագիկ Կարապետյանն ու գլխավոր հաշվապահ Համեստ Գաբրիելյանը՝ «Էրեբունի Երևան 2800-ամյակի» հուշամեդալով, մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են քաղաքապետի պատվոգրի:

 

Միջոցառման շրջանակում հրավիրված ասուլիսին քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը նշել է, որ քաղաքային իշխանությունն առաջիկայում կընդլայնի համայնքային մշակութային կենտրոններին ու թանգարաններին ցուցաբերվող աջակցությունը։

 

«Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը բացառիկ մշակութային օջախ է, որը կարող է ոչ միայն հավասար կանգնել աշխարհի մոդեռն արվեստի կենտրոնների կողքին, այլև լինել լավագույններից»,-ընդգծել է Սարգսյանը:

 

Այցելուների համար ցուցահանդեսը բաց կլինի հունիսի 17-ից, յուրաքանչյուր օր, բացի երկուշաբթիից, ժամը 11:00-18:00-ն և կգործի 2 ամիս:

Տեսանյութ

Բացվել է Ժամանակակից արվեստի թանգարանի 50-ամյակին նվիրված ցուցահանդեսը