Բացվել է «Երևանս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է լուսանկարիչ, քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության աշխատակից Վարդան Պետրոսյանի` «Երևանս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ավելի քան 80 աշխատանքներում Երևանը ներկայացված է տարվա տարբեր եղանակներին իր ընդգծվող հետաքրքիր դիմագծով:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շրջելով և ծանոթանալով աշխատանքներին՝ քաղաքապետը շնորհավորել է հեղինակին՝ մաղթելով ստեղծագործական նորանոր հաջողություններ: Վարդան Պետրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին և աշխատակազմի կազմակերպական վարչությանը՝ ցուցահանդեսի կազմակերպման և անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար: Հեղինակը նաև նշել է, որ հատկապես վերևից արված լուսանկարները, որտեղ ուրվագծվում է թամանյանական ճառագայթաձև Երևանը, տպավորել են իրեն, ինչն էլ հիմք է հանդիսացել մայրաքաղաքին նվիրված լուսանկարների ցուցադրություն կազմակերպելու համար:
«Երևանս» խորագրով լուսանկարների ցուցահանդեսն առաջիկայում կներկայացվի նաև «Մոսկվա» կինոթատրոնի սրահում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն