«Բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերը քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի բանկերի ղեկավարներին: Կարևորելով համայնք-մասնավոր գործակցության հաստատումն ու զարգացումը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր:
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր նախագծերի: Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է տալիս համադրել համայնքային առաջնահերթություններն ու մասնավոր հատվածի ներուժը՝ իրագործելով ենթակառուցվածքային զարգացման համատեղ տարբեր ծրագրեր։
Կառուցապատող ընկերություն ընտրելու համար կարևոր այս նախագծերն, ի դեպ, առաջիկայում կդրվեն մրցույթի: Դրանք հասանելի են GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ներդրումային ծրագրերի հարթակում:
Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն բանկերին, որոնք արդեն դարձել են Երևանի վստահելի գործընկերը և իրենց ակտիվ մասնակցությունն են ունենալու քաղաքի համար կարևոր նախագծերի կյանքի կոչմանը: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ գործընկեր բանկերի շրջանակն առաջիկայում ևս կընդլայնվի: