Ազատության հրապարակը՝ խաղահրապարակ. հունիսմեկյան միջոցառումները՝ Երևանում
Տարվա ամենամանկական օրը՝ հունիսի 1-ը, մայրաքաղաքում հագեցած էր միջոցառումներով: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երեխաների ժամանցը հետաքրքիր կազմակերպելու համար հրապարակում ձևավորված էր ավելի քան տասը տարբեր տաղավար:
Բեմում մանկական երգչախմբերն էին՝ համերգային ծրագրով, նաև երաժշտական գունագեղ բեմադրությամբ:
Նկարչական սեղաններ, հատուկ նկարազարդման բավիղներ, փորձարարական լաբորատորիա. մանկական ամենավառ երևակայությունն այստեղ իրականություն էր: Միջոցառումները ոչ միայն ժամանցային էին, այլև ուսուցողական:
Խաղահրապարակում նաև հայկական սիրված մուլտֆիլմերը վայելելու հնարավորություն էր ստեղծված վրանային կինոթատրոնում: Միջոցառմանը մասնակցելու համար Երևան էին ժամանել նաև մարզերից:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Երևանի ու մայրաքաղաքի փոքրիկ հյուրերի համար իրական տոն դարձնելը քաղաքային իշխանության գլխավոր առաջադրանքն էր: Նոր, տարբերվող ձևավորումներն ու նոր լուծումները խաղահրապարակը վերածեցին մանկության մոլորակի:
Երևանի բնակիչների, նաև դստեր ու կնոջ հետ օրվա միջոցառումների մասնակից է դարձել նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Կեսօրից մեկնարկած տոնական ծրագիրը կշարունակվի մինչ երեկո: Հունիսմեկյան միջոցառումներ են անցկացվում նաև Երևանի վարչական բոլոր շրջաններում: