Այս տարի ևս քաղաքը կձևավորվի նախորդ տարվա գեղարվեստական լույսերով ու դեկորներով
Երևանում մեկնարկել է ամանորյա տոնական ձևավորումը: Այս տարի հիմնականում կօգտագործվեն նախորդ տարվա դեկորներն ու լուսավորությունը:
Նոր ծախսեր համայնքը չի արել, ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
«Անցյալ տարի, երբ նոր գույք էինք ձեռք բերում, շատերը քնարկում էին, թե որքանով է դա արդարացված: Ինչպես նախորդ տարի էինք նշում, ձեռք բերված գույքը մեկանգամյա օգտագործման համար չէր, ինչում կարող են մեր բնակիչները համոզվել այս և հաջորդ տարիներին»,-ասում է Սուրեն Գրիգորյանը:
Աշխատանքներն իրականացնում է մասնավոր ընկերությունը: Հանրապետության հրապարակի և գլխավոր տոնածառի ձևավորումը ևս կլինի նույնը:
Տեխնիկական առումով, սակայն, մոտեցումը կտարբերվի: Լուսավորություն անցկացնելու համար կտեղադրվեն մետաղական թեթև կոնստրուկցիաներ, որոնք ավելի քիչ միջամտություն կպահանջեն:
«Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ, ինչպես խոստացել էին, անցյալ տարի շենքերին բացված բոլոր անցքերը փակվել են»
Թեև տոնական ձևավորումն ավելի ընդգծված կլինի կենտրոնում, բայց համապատասխան մթնոլորտ կապահովվի նաև վարչական բոլոր շրջաններում:
Մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար այս տարի կգործի նաև Ամանորի և սուրբծննդյան տոնավաճառը:
«Երևանը միայն Կենտրոնը չէ: Մենք պետք է անենք այնպես, որ մեր համաքաղաքացիները տոնական շունչը զգան նույն ուժգնությամբ, ինչ Կենտրոնի բնակիչները: Ամանորի միջոցառումներն առաջին հերթին ամենասպասվածն են երեխաների համար, մենք չենք կարող սառեցնել նրանց մանկությունը: Ու պետք է այդ մանկությունը լինի վառ և, կարծում եմ, հատկապես Արցախից ժամանած մեր երեխաները դրա կարիքն ունեն»,-նշում է Սուրեն Գրիգորյանը:
Քաղաքի տոնական լույսերը կմիանան դեկտեմբերի 10-ից հետո: Մինչ այդ ձևավորման միջոցառումները կշարունակվեն, ընդորում, մի մասը կիրականացվի գիշերային ժամերին՝ բնակիչներին հնարավորին քիչ անհարմարություն պատճառելու համար: