Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր
Երևանում շարունակվում է փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը. մինչ օրս մայրաքաղաքում կտրվել է 15.000 քմ ասֆալտբետոնե ծածկույթ և ասֆալտապատվել 13.000 քմ: Մայրաքաղաքում առկա ավելի քան 300 փոս էլ կարգի է բերվել ժամանակավորապես:
Երևանի հ. 175 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճի վերանորոգումն ավարտվել է: Այն ներառված էր Երևանի քաղաքապետարանի 2025 թվականի ծրագրում: Ծրագրով դահլիճը հիմնանորոգվել է, փոխարինվել են հին դռներն ու լուսամուտները, սանհանգույցներում արդիականացվել է օդափոխության համակարգը, կառուցվել է ջրամատակարարման և ջրահեռացման ցանց: Բացի այդ, դահլիճը համալրվել է մարզական նոր գույքով:
Մարզական կյանքն էլ ավելի աշխուժացնելու և մեր երկրում թենիսը զարգացնելու նպատակով Երևանում նախատեսվում է կառուցել թենիսի միջազգային ակադեմիա, որը կհամապատասխանի միջազգային բոլոր չափորոշիչներին: Այն հնարավորություն կտա Երևանում անցկացնել միջազգային մրցաշարեր, ինչպես նաև պատրաստել բարձրորակ մարզիկներ:
Կայացել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի հարակից տարածքում քաղաքաշինական ներդրումային ծրագրի իրագործման երկփուլ մրցույթը: Հայտ են ներկայացրել միջազգային և տեղական ընկերություններ, որոնք հանդես են գալու իրենց նախնական էսքիզային առաջարկներով՝ քաղաքաշինական և ներդրումային հայեցակարգային լուծումներով:
GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգում տարածական տվյալների համալրումն ու նոր հարթակների ստեղծումը շարունակվում է: Արդեն գործարկվել է քաղաքաշինական ներդրումային ծրագրերի տեղեկատվական հարթակը, որը քաղաքացիներին հնարավորություն կտա պատկերացում կազմել Երևանում տարածական շերտերի մասին: Հարթակը կարևոր է ինչպես քաղաքացիների, այնպես էլ ներդրողներին համար՝ տվյալ ներդրումային ծրագրի տեղեկատվությունն ստանալու առումով: Օտարերկրյա ներդրողներին հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է այն թողարկել նաև օտարալեզու:
Երևանի համայնքապատկան նախակրթական հաստատությունները հիմնանորոգվում և բարեկարգվում են: Մասնավորապես, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հ. 40 մսուր-մանկապարտեզի, Կենտրոն վարչական շրջանի հ. 1 մսուր-մանկապարտեզի, ինչպես նաև Դավթաշեն վարչական շրջանի հ. 59 մանկապարտեզի շենքերը քանդելու և նոր մասնաշենքեր կառուցելու նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու և ձեռք բերման նպատակով մրցույթները կայացել են: Մեկնարկել է դրանց նախագծման փուլը: Վերոհիշյալ մանկապարտեզներն ունենալու են ֆիզկուլտուրայի և հանդիսությունների դահլիճ, հագեցվելու են օդափոխության, հակահրդեհային, ջրահեռացման և այլ ժամանակակից համակարգերով: Բակերում նախատեսվում է կառուցել ոռոգման համակարգ, ինչպես նաև տեղադրվելու են մանկական խաղասարքեր, բակերը կանաչապատվելու են: Մանկապարտեզների շինարարությունը ֆինանսավորովում է 2026թ. Երևան համայնքի բյուջեով:
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի մայթերն ամբողջապես կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն: էլեկտրական մալուխներն անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով, ինչպես նաև մայթերին առկա կենսունակությունը կորցրած ծառերը կփոխարինվեն նոր ծառատեսակներով և թփերով:
Երևանի քաղաքապետարանը հորդորում է գրանցել առանց համապատասխան թույլտվության տեղադրված ինքնասպասարկվող այն սարքավորումները (վճարային տերմինալներ բանկոմատներ, սուրճ/այլ սնունդ), որոնք գրանցված են GISYerevan.am էլեկտրոնային համակարգում. դրանց թիվն այս պահի դրությամբ 468-է, իսկ գրանցվածները՝ 2202:
Լուսանկարներ