Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

09.02.2026

Երևանյան շուրջ 250 կամուրջներ ու կամրջային կառուցվածքներ գույքագրվել են: Երևանի քաղաքապետարանի կողմից առաջին անգամ իրականացվող այս գործընթացը հնարավորություն է տվել կամրջային յուրաքանչյուր կառուցվածքի վերաբերյալ ունենալ անձնագիր, որը ներառում է ամփոփ տեղեկատվություն առկա վիճակի մասին: Վերը նշվածը հնարավորություն կտա ըստ ռիսկայնության ու առաջնահերթության նախաձեռնել կամուրջների ու կամրջային այլ կառուցվածքների  վերակառուցման ու հիմնանորոգման գործընթաց: 
***
Վերջին երեք ու կես տարվա ընթացքում շուրջ 60 հա-ով ավելացել են Երևանի կանաչ տարածքները, ինչը ծավալներով ավելին է, քան դրան նախորդած 22 տարիների ընթացքում ստեղծված կանաչ տարածքը: Այս պահին այդ ցուցանիշը 910 հա է, որը ԽՍՀՄ լավագույն տարիների ցուցանիշն է. Երևանն ամբողջությամբ վերականգնել է կորցրած կանաչ տարածքները։ 
                                                                           ***
Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի և Արցախի  փողոցների խաչմերուկը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը պատրաստ է: Առկա է փորձաքննության դրական եզրակացություն: Ճանապարհահատվածի հիմնանորոգումը ներառվել է 2026թ. գնումների պլանում: Հայտերի բացման օրը կհրապարակվի հաջորդ շաբաթ:
***
2026թ. ընթացքում ևս Երևանում կշարունակվի թուջե ձուլվածքով քառաթև և  հնգաթև ուղեցույց-ցուցանակների և թուջե ձուլվածքով փողոցների անվանումների ու շենքերի համարակալման ցուցանակների տեղադրումը: Նախաձեռնվել է գնման գործընթաց. մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ այս շաբաթ կկնքվի համաձայնագիր և կտրվի ցուցանակների պատվերը:
***
GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգում արդեն իսկ առկա են ևս երկու կարևոր հարթակներ: Դրանք առաջիկայում հասանելի կլինեն նաև բնակիչներին:  
Առաջին հարթակում Երևանի եռաչափ քարտեզի վրա տեղակապված 4-րդ ռիսկայնության աստիճանի գործող քաղաքաշինական ծրագրերն են՝ եռաչափ մոդելների տեղակապմամբ, ինչպես նաև տվյալ ծրագրին առնչվող հիմնական տեղեկատվությամբ  (անկախ այ բանից, թե տվյալ ծրագրերը կառուցման որ փուլում են): Հանրության համար տվյալ հարթակը կծառայի որպես բաց տեղեկատվություն՝ գործող և նախատեսվող կառուցապատումների վերաբերյալ:   
Երկրորդ հարթակում կառուցապատողներին ներկայացվելու են քաղաքաշինական ներդրումային խոշոր առաջարկներ:  
***
Ձնամաքրման աշխատանքներից հետո ԵԱՍՄ համայնքային հիմնարկը շարունակում է մայրաքաղաքի փողոցների մաքրումը կուտակված աղ ու ավազից: Գործընթացն իրականացվում է վարչական շրջան  առ վարչական շրջան:     
***
Մայրաքաղաքի փողոցներում առաջացած փոսերը վերացնելու նպատակով այս պահին տրվում են տեղային լուծումներ. առաջիկա օրերին կմեկնարկի փոսային նորոգման ընթացիկ տարվա հիմնական ու լայնածավալ ծրագիրը՝ 200 հազար քմ ծավալով: 
***
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարաններում հիմնովին փոխարինվել են մուտքի և ելքի դռները, որոնք հարմարեցված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:

Լուսանկարներ