Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

16.03.2026

Երևանի քաղաքապետարանը 2026թ. նախատեսում է գնել մոտ 69 միավոր հատուկ տեխնիկա՝ սանմաքրման ու աղբահանության ծառայությունները բարելավելու համար: 
***
Երևանում տրոլեյբուսների էլեկտրամատակարարումը կատարվում է 23 ենթակայաններով։ 2025թ. ներդրված թվային նոր համակարգը հնարավորություն է տալիս մեկ կենտրոնից հեռավար կերպով վերահսկել ու կառավարել ենթակայանների աշխատանքը, հետևել տեխնիկական պարամետրերին և ապահովել անվտանգությունը, որի շնորհիվ տարեկան կխնայվի շուրջ 100 մլն դրամ։ 
***
2026թ. հունվարի 5-ին հիմնադրված «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը» նպատակ ունի ձևավորել Երևանի հանրային տրանսպորտի տվյալահեն կառավարման համակարգ՝ տրամադրելով վերլուծական տվյալներ ընդհանուր շարժունակության վերաբերյալ: Մեկնարկային փուլում կենտրոնի անձնակազմը համալրվել է շուրջ 60%-ով, իրականացվել է երթուղային ցանցի և կանգառների համադրման աշխատանքների մոտ 70%-ը, ինչպես նաև թվայնացվել է 81 երթուղի (64՝ ավտոբուսային, 5՝ տրոլեյբուսային, 12՝ միկրոավտոբուսային)։ Մշտադիտարկման նպատակով փորձնական եղանակով կիրառվում են «Wialon և Nimbus» համակարգերը, որոնց շնորհիվ կանգառները բաց թողնելու դեպքերը նվազել են՝ 81-ից 35-ի։ Միաժամանակ բացահայտվել է երթուղուց շեղվելու 125 դեպք, բարելավվել են որոշ երթուղիներ, և ուսումնասիրվել է քաղաքացիների 322 բողոք։ Նշենք նաև, որ Yandex ընկերության հետ ձեռք է բերվել համագործակցության պայմանավորվածություն, և քննարկվում է նրանց ծրագրային լուծումների կիրառելու հնարավորությունը։ 
***
Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի և Արցախի  փողոցների խաչմերուկը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը կհիմնանորոգվի: Աշխատանքների ձեռքբերման հայտերը կբացվեն ապրիլի 6-ն է: 

***
Կենտրոն վարչական շրջանի Ծովակալ Իսակովի 2/1 հասցեում գտնվող Երևանի Վաղարշ Վաղարշյանի անվան հ. 80 դպրոցի բակի խաղահրապարակն ու հանրային ֆուտբոլի դաշտը կհիմնանորոգվի: Աշխատանքային նախագիծը մշակել է «ԻՆԻՇԸԹԻՎ» ՍՊԸ-ն. նախատեսվում է իրականացնել շուրջ 765 քմ մեծածավալ հիմնանորոգում՝ ստեղծելով հարմարավետ և ժամանակակից մարզական տարածքներ՝ վազքուղիներով, հեռացատկի և թիմային խաղերի համար նախատեսված գոտիներով, ինչպես նաև հանրային ֆուտբոլի դաշտ՝ դպրոցականների և Կիլիկիա թաղամասի մարզասեր բնակչության համար:  
***

2025թ. ընթացքում «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի կլինիկա է տեղափոխվել 4140 թափառող շուն։ Մասնավորապես, ստերջացվել և կատաղություն հիվանդության դեմ պատվաստվել է 2703 շուն, կատաղություն հիվանդության դեմ վերապատվաստվել է 671 շուն, քնեցում/անկում՝ 766 շուն, խնամակալ է գտել 83 շուն։ Մայրաքաղաքի փողոցներից և բակերից հավաքվել և ոչնչացման է ուղարկվել 1158 անկած կենդանու դի։ Կազմակերպված կրթական արշավներին մասնակցել է շուրջ 200 երեխա։ Տարվա ընթացքում կազմակերվել են կենդանիների խնամքի օրեր, որոնց մասնակցել են բազմաթիվ անհատներ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
***
Երևանում, մթնոլորտային առաստաղի բարձրացմամբ պայմանավորված, փետրվար ամսին ստացված  տվյալներով օդի որակը լավ վիճակում է՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Օդի որակին և քաղաքին վերաբերող մի շարք կարևոր տվյալներ կարող եք տեսնել  gis.yerevan.am հարթակում։
***
Նոր Նորք վարչական շրջանի 2026թ․ աշխատանքային ծրագրով բարեկարգվում է Մոլդովական փողոց հ․29/6 հասցեից Բագրևանդի փողոց ընկած մայթային հատվածը։

Լուսանկարներ