Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր

02.03.2026

Մեծ թափով շարունակվում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարությունը: Մարզահամալիրի 6 մասնաշենքերում ավարտվել են 1-ին հարկի պատերի ամրանավորման և բետոնացման աշխատանքները, իսկ 1-ին, 2-րդ, 3-րդ մարզադահլիճային մասնաշենքերի երկաթբետոնե կոնստրուկցիաների պատրաստումը 0-ից բարձր նիշում կատարված է միջինը 70-80 տոկոսով։ Միջազգային չափանիշներով կառուցվող կենտրոնում հարմարավետ պայմաններ կապահովվեն շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների համար: Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։ 

***

Նորագավիթի 1-ին փողոց-Արտաշատի խճուղի խաչմերուկում նախատեսվում է ուղեանցի (էստակադայի) կառուցումը: Շինարարության մրցույթը հայտարարվել է, բացումը նախատեսվում է մարտի 30-ին։ Հաշվի առնելով խաչմերուկում տրանսպորտային հոսքի խտությունը՝ նախագծի իրագործումը հնարավորություն կտա առանձնացնել տրանսպորտային հոսքը տարբեր մակարդակներով, ինչի շնորհիվ կնվազեն խցանումները, ճանապարհատրանսպորտային պատահարները, կապահովվի անվտանգ երթևեկություն, ինչպես նաև՝ հետիոտնի անվտանգ տեղաշարժը: 

***

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու նպատակով կայացել է ներդրումային ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը: Այս շաբաթ կկնքվի պայմանագիր հաղթող ընկերության (կոնսորցիումի) հետ, այնուհետև կապահովվի ֆինանսական միջոցների հատկացման գործընթացը, որից հետո փաստացի աշխատանքները կարող են մեկնարկել։ Աշխատանքի իրականացման համար հատկացված է 120 օրացուցային օր։

***

Երևանում դիտարկվում է Ուլնեցի-Ռուբինյանց-Աճառյան երկաթգծի ծրագրով նոր ճանապարհի կառուցման հնարավորությունը: Այն այլընտրանք կլինի Աճառյան-Մյասնիկյան ճանապարհահատվածների համար՝ բեռնաթափելով երթևեկությունը: Տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ավարտված է, և դրա արդյունքներով որոշումներ կկայացվեն ներդրումային ծրագրի վերաբերյալ։ 

***

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությանը նախապատրաստվելուն  զուգահեռ՝ քննարկվում է նաև 48 նոր վագոն ձեռք բերելու, դեպոն ու մի շարք այլ ենթակառուցվածքներ արդիականացնելու ծրագիրը:

Լուսանկարներ