Աշխատանքային քննարկում՝ վտանգավոր թափոնների կառավարման ծրագրերի գործարկման վերաբերյալ
Վտանգավոր թափոնների կառավարմանն ուղղված ծրագրային աշխատանքների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանում անցկացվել է աշխատանքային քննարկում՝ «Sweco International AB» (Sweco) ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի, բնապահպանության վարչությունների, «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի, ինչպես նաև «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի իրականացման գրասենյակի աշխատանքային խմբի ներկայացուցիչները:
«Sweco International AB» ընկերությանն Ասիական զարգացման բանկի կողմից հանձնարարվել է աջակցել շրջակա միջավայրի նախարարությանը՝ բարելավելու վտանգավոր թափոնների կառավարումը Հայաստանում:
Իրավական, տեխնիկական և մի շարք այլ խնդիրներ լուծելու, համակարգը բարելավելու և հստակ լուծումներ առաջարկելու համար «Sweco»-ն 17 ամիս կաշխատի մեր երկրում: Աշխատանքի շրջանակը ներառում է վտանգավոր թափոնների սահմանված առաջնահերթ տեսակների հավաքման, պահեստավորման և մշակման օբյեկտների տեխնիկական բնութագրերը, շահագրգիռ կողմերի համակարգումը, տվյալների հավաքագրումն ու այլ ուղղություններ:
Քաղաքապետարանի կողմից ներկայացվել են ոլորտի հիմնական առաջնահերթությունները: Կողմերը քննարկել են նաև Վարշավայի, Տիրանայի և Իլ-դե-Ֆրանսի հետ գործակցության ծրագրերի մանրամասները:
Համատեղ քննարկումները կլինեն շարունակական: