Աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոն՝ երևանյան բեմում
Պլասիդո Դոմինգոն «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ երևանցիների և Երևանի հյուրերի համար:
Աշխարհահռչակ երաժիշտը Հայաստանում երկրորդ անգամ էր, վստահեցնում է, որ հայ հանդիսատեսն իր համար յուրահատուկ էներգիա ունի: Անվանի գործչին Հայաստան էր բերել Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
«Operalia 2022» համաշխարհային մրցույթի («Operalia 2022 World Opera Competition») առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանի հետ երևանյան բեմում ելույթ ունեցող արտիստը համերգը եզրափակեց Երևանի՝ «Էրեբունի-Երևան» օրհներգով:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օպերային արվեստի մեծանուն ներկայացուցչին՝ Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել էր Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: