«Արտիստը՝ դպրոցին» ծրագիրը՝ Թաթոսի հետ

06.03.2026

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2025 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվեց «Արտիստը՝ դպրոցին» ծրագիրը, որի ընթացքում ՀՀ ժողովրդական նկարիչ, անվանի գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս) վարպետության դաս-հանդիպումներ անցկացրեց Երևանի ենթակայության երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում:
Համայնքապատկան 20 արվեստի դպրոցներում կայացած վարպետության դասընթացներին մասնակցեց շուրջ 300 դպրոցական. 2 ամիս շարունակ անվանի արվեստագետի հսկողությամբ նրանք ստեղծեցին կերպարվեստի գործեր, որոնցից լավագույնները կներկայացվեն ս.թ. մարտի 16-18-ը Հայաստանի նկարիչների միությունում կայանալիք ամփոփիչ ցուցահանդեսին:
Ընտրված շուրջ 250 աշխատանքները ընդգրկվել են հատուկ հրատարակված պատկերագրքում, որի շնորհանդեսը կկայանա մարտի 16-ին՝ ժ. 15:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:
Մշակութային կրթության ոլորտի շահառուներին մատուցվող ծառայությունները շարունակաբար բարելավելու, տաղանդավոր և օժտված երեխաներին բացահայտելու, նրանց հետագա մասնագիտական առաջխաղացմանը նպաստելու, ինչպես նաև արվեստի գործիչների և մշակութային կրթության հաստատությունների միջև նոր կապեր ձևավորելու նպատակով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած «Արտիստը՝ դպրոցին» ծրագրի հաջորդ շրջափուլը կկայանա 2026 թվականի գարնանը:

Լուսանկարներ