Առավել բաց և թափանցիկ աշխատանք, քաղաքացիների ներգրավում. քննարկվել է «Բաց կառավարման գործընկերության» հետ ծրագրերի ընթացքը

09.02.2023
Կանաչ զարգացում

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը  հյուընկալել է «Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության» արևելյան գործընկերության ծրագրի ղեկավար Պիտեր Վարգային: Հանդիպմանը մասնակացել են նաև «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան»-ի համակարգող Լիլյա Աֆրիկյանը, քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:
2022 թվականին Երևանը դարձել է «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության անդամ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, նաև ակտիվ քաղաքացիների հետ համատեղ գործակցությամբ մշակվել է Երևանի 2023-2024թթ. գործողությունների ծրագիրը, որը տարեվերջին հաստատվել է Երևանի ավագանու կողմից, իսկ հունվարին արդեն հրապարակվել «Բաց կառավարման գործընկերության» պաշտոնական էջում: 
«Որպես «Բաց կառավարման գործընկերության» ընտանիքի անդամ՝ առաջին անգամ ենք մշակում նման ծրագիր և անելու ենք հնարավորն այն հաջողությամբ կյանքի կոչելու համար, որպեսզի հետագայում առավել հավակնոտ հանձնառություններ ստանձնենք: Մինչև 2024 թվականը գործողությունների ծրագրով ստանձնել ենք երեք հիմնական հանձնառություն: Կառավարման թափանցիկությունը բխում է պետության ու քաղաքական թիմի որդեգրած քաղաքականությունից և ժողովրդավար երկիր ունենալու մեր ընդհանուր նպատակներից: Լիահույս եմ, որ փոխգործակցության շնորհիվ կառավարման համակարգը միասին կդարձնենք առավել թափանցիկ, քաղաքացիակենտրոն, մասնակցային և նորարար»,-ընդգծել է Լևոն Հովհաննիսյանն ու ներկայացրել այս առումով վերջին տարիների աշխատանքները՝ մասնավորեցնելով փաստաթղթաշրջանառության թվայնացման, անկանխիկ վճարումների նոր համակարգերի ներդրումը, առցանց ծառայությունների ավելացումը: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ քաղաքային իշխանությունը պարբերաբար մշակում է ծրագրեր՝ քաղաքացիներին ներգրավելով քաղաքի զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման ու կիրառման գործընթացներում: 
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ «Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության» արևելյան գործընկերության ծրագրի ղեկավար Պիտեր Վարգան նշել է, որ կառույցը պատրաստակամ է աջակցել Երևանին  հանձնառությունների կատարման գործում. «Ուրախ ենք, որ այսուհետ մեր թիմի և Բաց կառավարման մեծ ընտանիքի անդամ եք: Նախանշված բոլոր ուղղությունները կարևոր են: Վստահ եմ, որ Երևանը մեծ հաջողություններ կգրանցի, և առաջիկա տարիներին ծրագրով էական բարելավումներ կգրանցվեն:  Մայիսին կազմակերպության անդամ բոլոր երկրներում անցկացվում է բաց կառավարման գործընկերության շաբաթ, կազմակերպվում հետաքրքիր միջոցառումներ, որին, հուսով ենք, կմասնակցի նաև Երևանը: Իսկ արդեն սեպտեմբերին Էստոնիայում նախատեսվում է անցկացնել գագաթնաժողով, որին սիրով կսպասենք նաև Երևանի պատվիրակությանը»: 
«Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան»-ի համակարգող Լիլյա Աֆրիկյանն իր հերթին առանձնացրել է համայնքային ծառայողների բարեվարքության կանոնների մշակումն ու ներդրումը, ինչը, ըստ նրա, ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք տեխնիկական խնդիրներ: 
 

Լուսանկարներ