«Առաջին քայլերը՝ դեպի կանաչ երազանք»
Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Երևանի քաղաքապետարանը կազմակերպեց «Առաջին քայլերը՝ դեպի կանաչ երազանք» խորագրով խաղ-միջոցառումը:
Այս տարի միջոցառման էպիկենտրոնում հիմնականում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն էին և նրանց ներգրավումը թեմատիկ խաղերում:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև ուսուցողական խաղ-դաս՝ բնության և շրջակա միջավայրի վերաբերյալ:
Դպրոցահասակ աշակերտները երեխաների համար պատրաստեցին փոքրիկ ներկայացում՝ թափոնների տեսակավորման և վերամշակման կարևորության վերաբերյալ: Աշակերտները երեխաներին նվիրեցին նաև վերամշակված թափոններից պատրաստված ծաղիկներ, զարդեր, խաղալիքներ:
Անցկացվեցին նաև թեմատիկ հանելուկային մրցույթներ: Պատասխանելով երեխաները հավաքեցին Երկիր մոլորակի և այն պաշտպանող ու մաքուր պահող փոքրիկների պատկերով փազլ:
Միջոցառման բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ և թեմատիկ նվերներ: Կայուն էներգիայի շաբաթն ավանդաբար կազմակերպվող և բարձր վարկանիշ ունեցող գործողությունների շարք է, որի նպատակն է մարդկանց իրազեկումը կլիմայի փոփոխության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության վերաբերյալ:
Կայուն էներգիայի շաբաթը համարվում է վերականգնվող էներգետիկային նվիրված ամենամասշտաբային միջոցառումը Եվրոպական միության անդամ և գործընկեր երկրների շարքում, որին արդեն հինգերորդ տարին է, ինչ միանում է Երևանի քաղաքապետարանը: