Ամփոփվել են «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները. նախագծին մասնակցել է Երևանի հանրակրթական 70 դպրոց
Ամփոփվել են Երևանի հանրակրթական 70 դպրոցներում մեկնարկած «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի արդյունքները: Նախագծի նպատակն է բարելավել թափոնների կառավարման համակարգը Հայաստանում՝ դպրոցականների շրջանում կրթական ծրագրերի միջոցով ձևավորելով թափոնների տեսակավորման ավանդույթը: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի, «Այ Էս Էս Դի» hամայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության և «Կոկա-Կոլա Հելլենիք Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցչության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։
Այս տարի հաղթող են ճանաչվել ամենաշատ թափոն հավաքած Երևանի հ. 194 և հ. 40 հիմնական դպրոցները, իսկ հ. 152 հիմնական դպրոցն ստացել է հատուկ մրցանակ՝ կատարած բնապահպանական կարևոր աշխատանքի համար:
«Աշխարհն առանց թափոնների» ծրագիրը ևս միտված է դպրոցահասակ երեխաների իրազեկվածության բարձրացմանը, ովքեր մեկ անգամ ևս սովորում են, որ յուրաքանչյուր շիշ ունի երկրորդ «կյանք», և տեսակավորելով նրանք այդ շշին նոր «կյանք» են տալիս», - նշել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և կայունության բաժնի տնօրեն Էլինա Մարգարյանը։
«Թափոնների տեսակավորումը կարևորվում է ոչ միայն Երևանի, այլև ողջ հանրապետության համար, քանի որ այդպիսով կանխվում է շրջակա միջավայրի աղտոտումը»,- նշել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Գայանե Ներսիսյանը:
«Ընտրված բոլոր դպրոցներն սկսել են տեսակավորել թափոնները, որի շնորհիվ հավաքվել է ավելի քան 10,000 կգ թափոն», - տեղեկացրել է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Մխիթար Ավետիսյանը։
Նախագծով այս տարի Երևանի 70 դպրոցում նախապես տեղադրվել է 3500 տեսակավորման աման՝ պլաստիկե և թղթե թափոնների համար, կազմակերպվել են դասընթացներ ընտրված դպրոցների ավելի քան 3465 6-րդ դասարանցիների համար, ինչպես նաև հատուկ դասընթացավարների դասընթաց՝ որում ընդգրկված էր ընտրված 70 դպրոցների ուսուցիչ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ծրագրին մասնակցեց Երևանի 50 միջնակարգ դպրոց։