2024թ. ծրագրով մայրաքաղաքում կհիմնանորոգվի 121 բակային տարածք
Արզումանյան փ. 10 և 17 շենքերի բնակիչների հետ շարունակվում են վերականգնման ծրագրի վերաբերյալ բանակցությունները: 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդրին լուծում տալու նպատակով մշակվել է ծրագիր, ըստ որի՝ նախկին շենքի փոխարեն կկառուցվի նորը:
«Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանի քաղաքապետարանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում է, սա երևանցիների անվտանգության խնդրի լուծում եմ ես համարում: Այդ բնակարանների արժեքը 0-ին մոտ է, 0 արժեք ունեցող բնակարանների համար Երևանի քաղաքապետարանը նախագծել է ծրագիր, որով բնակիչներին միաժամանակ վարձակալության գումար է փոխհատուցվելու, որից հետո նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու»,-ընդգծել է Տիգրան Ավինյանը:
***
Մայրաքաղաքում ընթացիկ տարում նախատեսված է բարեկարգել 121 բակային տարածք: Ըստ վարչական շրջանների ղեկավարների զեկույցների՝ որոշ բակերում շինարարությունը դեռևս շարունակվում է:
***
Երևանի մետրոպոլիտենում այս շաբաթ միասնական վճարային համակարգով անցել է 341.589 ուղևոր:
«Արդեն մի քանի ամիս է, ինչ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գործում է ժետոններ ընդունող միայն մեկ անցակետ, մյուսները վճարման էլեկտրոնային համակարգով են աշխատում»,-նշել է մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
Մետրոպոլիտենը նոյեմբերի 1-ից ամբողջությամբ կանցնի վճարման էլեկտրոնային համակարգի:
***
Մայրաքաղաքում վերջին երեք ամիսների ընթացքում տարբեր մարզաձևերից 11 միջազգային և համապետական մրցաշար է անցկացվել։
***
Հասարակական կարգի պահպանության ծառայությունը հաշվետու ժամանակահատվածում Երևանի վարչական տարածքում քաղաքաշինության, առևտրի և ծառայությունների, ինչպես նաև կոմունալ տնտեսության ոլորտներում արձանագրել է 491 խախտում, որից 112-ը կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակները կազմակերպված չլինելու վերաբերյալ են եղել:
Լուսանկարներ