12 մետրանոց «MAN» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն շահագործվում են

15.04.2023
Տրանսպորտ

Երևանի ձեռք բերած 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօր դուրս եկավ ուղեգիծ: Համար 1 ավտոբուսային նոր երթուղին կաշխատի 14 շարժակազմով. այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին:

Ավտոբուսների հավաքակայան է այցելել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, զրուցել վարորդների հետ և ընդգծել՝ նոր ավտոբուսներով քաղաքացիներին պետք է մատուցվի նոր որակի ծառայություն:

«Այսօրվանից փուլ առ փուլ երթուղի են մտնելու գերմանական «MAN» մակնիշի 12մ և 8.6մ 150 «Ժոնգ Թոնգ» 87 ավտոբուսները։ Ուզում եմ վստահեցնել, որ պատշաճ ծառայութուններ ենք մատուցելու մեր քաղաքացիներին, և այն խնդիրները, որ կան տրանսպորտային ոլորտում, նվազեցնելու ենք։ Ծրագիրն իրականացվում է մեր գործընկերների՝ ՎԶԵԲ-ի, Եվրամիության և, իհարկե, ՀՀ Կառավարության աջակցությամբ: Բացի այդ, կլինի դա տրանսպորտային բարեփոխում, թե այլ ծրագիր, մեր քաղաքացիները պետք է իմանան, որ բոլոր հարկերը և տուրքերը, որոնք վճարում են իրենք, հիմա առավելագույնս օգտագործվում են իրեց օգտակար գործողության գործակցով»,-ընդգծել է փոխքաղաքապետը:

ԵՐԹՈՒՂԻ - Չավուշի հրապարակից Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան, Լենինգրադյան փողոցներով, ուղեգիծը կշարունակվի Ծիծեռնակաբերդի խճուղով ու Աթենքի փողոցով դեպի «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ Մաշտոցի պողոտայով, Կորյունի, Աբովյան փողոցներով կբարձրանա դեպի Սարալանջ ու Ազատության պողոտա, Պ.Սևակի, Կ.Ուլնեցու, Է. Հասրաթյան, Զ. Քանաքեռցու փողոցներ, Թբիլիսյան խճուղով կհասնի մինչև Հյուսիսային ավտոկայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով:

12 մետրանոց նոր ավտոբուսները կարող են տեղափոխել 25 նստած և 80 կանգնած ուղևոր: Շարժակազմերն ունեն օդափոխության և տաքացման համակարգեր:

Ավտոբուսները ցածրահատակ են և հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար: Այստեղ նաև առանձին՝ հատուկ նստատեղեր են նախատեսված:

Սրահը կահավորված է անվտանգության համակարգերով ու տեսախցիկներով: Ավոտբուսներն աշխատում են սեղմված բնական գազով, ինչը հատկապես կարևոր է բնապահպանական ու «կանաչ քաղաք» գաղափարի իրագործման առումով:

Սահմանված է հստակ ժամանակացույց, հարմարավետ ավտոբոսներ են: Համայնքն սկսել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը, ինչը միանգամայն կհեշտացնի ու առավել հարմարավետ կդարձնի վճարումը:

Նախատեսվում է նաև հանրային փոխադրամիջոցի համար երթևեկության առանձնացված գծեր ունենալ: Կկառուցվեն ժամանակակից կանգառասրահներ:

«Եթե 80 ավտոմեքենա միջինում տեղափոխում է 100-120 մարդու, ապա 1 ավտոբուսն այդ նույն քանակն է գրեթե տեղափոխում։ Ուստի, ավտոբուսը պետք է ունենա առավելություն և առանձնացված գիծ։ Գործըթնացը կսկսենք մայիսից»,-մանրամասնում է Տիգրան Ավինյանը:

Նոր «Ժոնգ Թոնգ» մակնիշի 14 ավտոբուսներն էլ համալրել ու սպասարկում են գործող հ. 58 ավտոբուսային երթուղին: 8.6 մետրանոց՝ ավելի քան 60 ուղևոր փոխադրելու հնարավորությամբ ավտոբուսներն էապես կբարելավեն ուղեգծի աշխատանքը, կկրճատեն քաղաքացիների սպասելու ժամանակը:

Նոր ուղեգիծն սկսվում է Էրեբունի զանգվածից, ապա Խաղաղ Դոնի, Տիտոգրադյան, Այվազովսկու, էրեբունու, Աթոյան, Բելինսկու և Ս.Դավթի փողոցներով դուրս է գալիս Տ.Մեծի պողոտա, Հանրապետության հրապարկ, Ամիրյան փողոց, Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաներով շարժվում Կասյան փողոց, Կոմիտասի, Ազատության պողոտաներ, որից հետո ուղեգիծը կշարունակվի Պ.Սևակի, Ռուբինյանց, Խուդյակովի, Ն.Սաֆարյան, Մարշալ Բաբաջանյան, Աշխաբադի փողոցներով դեպի Ավան-Առինջի վերջնականգառ: Հետադարձը՝ նույն ուղեգծով է:

Առաջիկա ամիսներին ներկրված բոլոր ավտոբուսները հերթով երթուղի դուրս կգան: Ավտոբուսների ձեռքբերումը հասարակական տրանսպորտի բարեփոխման միայն մեկ բաղադրիչն է: Համայնքային իշխանությունը կշարունակի աշխատանքները՝ խնդիրը համակարգային և վերջնականապես լուծելու համար:

«Փոխարինելու ենք հին չինական ավտոբուսները էլեկտրաավտոբուսներով, 18 մ-ոց ավտոբուսներ ենք ունենալու, ներդրվելու է կառավարման համակարգ»,-նշում է Տիգրան Ավինյանը։

Լուսանկարներ