12 մետրանոց նոր ավտոբուսները մարտից երթուղի դուրս կգան

18.01.2023
Տրանսպորտ

12 մետրանոց 87 «MAN» մակնիշի ավտոբուսներից 44-ն արդեն Երևանում են: Փետրվարին կժամանի մյուս խմբաքանակը: Նոր ավտոբուսները համայնքը ձեռք է բերել ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով, ինչպես նաև Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի շնորհիվ, որի ամենամեծ ներդնողն է Եվրամիությունը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել են նոր ավտոբուսների հավաքակայան, այնուհետ կարճ ուղեգծով փորձարկել դրանք քաղաքային երթևեկության պայմաններում:

«Համայնքը թե՛ իր միջոցներով, և թե՛ Կառավարության ու միջազգային գործընկերների աջակցությամբ ձեռք է բերում նոր շարժակազմեր: «MAN» ավտոբուսների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 12 մլրդ դրամ: Բացի այդ, համայնքը մոտ 6.5 մլրդ ծախսել 150 «Ժոնգ Թոնգ» մակնիշի ավտոբուսների, մոտ 2 մլրդ դրամ էլ՝ 15 նոր տրոլեյբուսների համար: Այս գնումները հնարավոր է եղել նաև երևանցիների վճարվող հարկերի միջոցով» ,-ասում է Լևոն Հովհաննիսյանը:

«Վստահաբար տրանսպորտի խնդիրը Երևանում ամենասուրն է այս պահին: Քաղաքապետարանը շարունակաբար ջանքեր է գործադրում՝ խնդիրը համակարգային լուծելու համար: Ավտոբուսների ներկրումը կարևոր բարեփոխումների մեկ բաղադրիչն է: Կան նաև հաջորդական քայլերը, որոնց իրականացումից հետո, տրանսպորտի խնդիրը, կարծում եմ, մեկ-երկու տարվա ընթացքում վերջնականապես կլուծվի»,-նշել է Տիգրան Ավինյանը և հավելել, որ նոր ավտոբուսներն երթուղի դուրս կգան արդեն մարտին:

«Սա տնտեսական ներդրումային առաջին համաձայնագիրն է, որը մենք ստորագրել «կանաչ» քաղաք ունենալու համար: Հուսով ենք, որ ավտոբուսների շնորհիվ Երևանի օդի որակը էապես կբարելավվի»,- նշում է ԵՄ դեսպանը:

«Մենք կարևորում ենք ոչ միայն ավտոբուսների ձեռքբերումը, այլև քաղաքում ընդհանուր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը: Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախագծերն, իհարկե, շարունակական են լինելու» ,-ընդգծել է ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Ավտոբուսները հարմարավետ են ինչպես նստած, այնպես էլ կանգնած ուղևորների համար: Սրահն ամբողջությամբ կահավորված է տեսախցիկներով, որոնք հետագայում կմիացվեն կառավարման կենտրոնին:

«12 մետրանոց, սեղմված բնական գազով աշխատող, ցածրահատակ ավտոբուսներն են: էստեղ կա հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար ոտնակ, որով կարող են բարձրանալ ավտոբուս: Այստեղ նաև առանձին հատուկ նստատեղեր են նախատեսված» ,- նշում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը:

Ավտոբուսների որոշ վարորդներ այս ընթացքում նաև հատուկ վերապատրաստում են անցել Գերմանիայում:

Փուլ առ փուլ իրականացվող տրանսպորտային բարեփոխումների շարքում այս տարի նախատեսվում է ներդնել նաև տոմսային համակարգը:

«Մենք արդեն ունենք տոմսային համակարգի ներդրող ընկերություն, որը կազմակերպելու է միասնական տոմսային համակարգի ներդրումը ոչ միայն ավտոբուսներոմ, այլև դիտարկում ենք նույն համակարգը տեղադրել մետրոյում: Վստահաբար այն հնարավորություն կտա ձերբազատվել մետաղադրամներից» -ասում է փոխքաղաքապետ Ավինյանը:

Սահմանված հստակ ժամանակացույց, հարմարավետ ավտոբոսներ, վճարման նոր համակարգ: Իսկ կռացած, անհարմար միկրոավտոբուսներով երթևեկելն արդեն շուտով անցյալում կմնա:

Տեսանյութ

12 մետրանոց նոր ավտոբուսները մարտից երթուղի դուրս կգան
Տեսնել ավելին