Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3695-Ա 18.12.2018թ.
ԴԻՄՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Հարություն Ղասաբյանի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ Ղ-2382 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2018 թվականի նոյեմբերի 3-ին, ժամը 12.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով ներկայացել է Հարություն Ղասաբյանը:
Ուսումնասիրելով Հարություն Ղասաբյանի 2018 թվականի հոկտեմբերի 29–ի թիվ Ղ-2382 դիմումը, գնահատելով դիմումներին կից և վարչական վարույթի ընթացքում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն՝ 2018 թվականի օգոստոսի 18-ին տրված հ. KJ321180 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի՝ 17RS177 հաշվառման համարանիշով «HONDA fit 1.5L» մակնիշի ավտոմեքենան հանդիսանում է Հարություն Ղասաբյանի սեփականությունը:
Համաձայն Հարություն Ղասաբյանի 2018 թվականի հոկտեմբերի 29–ի թիվ Ղ-2382 դիմումում նշված, ինչպես նաև վարչական վարույթի լսումների ժամանակ Հարություն Ղասաբյանի կողմից հայտնած փաստերի՝ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին, Երևան քաղաքի Տերյան փողոցի հ.59 շենքի դիմաց կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենայի վրա տապալվել է նույն փողոցի վրա, ավտոմեքենայի կայանման դիմացի մայթին գտնվող հաստաբուն ծառը, ինչի հետևանքով իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվել է: Ստացված վնասվածքների վերաբերյալ «Գրանդ Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի հոկտեմբերի 27-ին տրվել է տեղեկանք, ըստ որի՝ ավտոմեքենայի վերանորոգման ծախսը կազմում է 736400 /յոթ հարյուր երեսունվեց հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
Վարույթի լսումների ընթացքում Հարություն Ղասաբյանը հայտնել է դիրքորոշում այն մասին, որ իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենայի վրա ընկած ծառը չի տապալվել բնական աղետի /քամի, փոթորիկ, երկրաշարժ, կարկուտ և այլն/ հետևանքով, այլ տապալվել է փտած լինելու հետևանքով, որը ենթակա է եղել հատման, սակայն Երևանի քաղաքապետարանի կողմից չի հատվել:
Արդյունքում, Հարություն Ղասաբյանը խնդրել է փոխհատուցել իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենային պատճառված վնասը 736400 /յոթ հարյուր երեսունվեց հազար չորս հարյուր/ ՀՀ դրամի չափով՝ հիմք ընդունելով «Գրանդ Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի հոկտեմբերի 27-ին տրված տեղեկանքը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի 2018 թվականի նոյեմբերի 12-ի հ.17/Ղ2382 գրությամբ հայտնվել է, որ Տերյան փողոցի հ.59 հասցեում տապալվել է սոսի ծառատեսակ, որը գտնվել է չոր վիճակում: Ծառի հավանական չորացումը կապված է Տերյան փողոցի ինտենսիվ երթևեկության հետ, որի արդյունքում շրջակա միջավայր են արտանետվում մի շարք վնասակար նյութեր՝ հիմնականում ածխաթթու գազ, որը խիստ բացասաբար է ազդում հատկապես սոսի ծառատեսակի վրա:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության 2018 թվականի նոյեմբերի 22-ի հ.09/Մ-9457 գրությամբ, Երևան քաղաքի Տերյան փողոցի հ.59 հասցեի շենքի դիմաց կայանված ավտոմեքենաներին ծառի տապալման հետևանքով հասցված վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիներ Հայկ Մուսաելյանի և Հարություն Ղասաբյանի համապատասխանաբար 2018 թվականի հոկտեմբերի 27-ի թիվ Մ-9457 և 2018 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ Ղ-2382 դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի հետագա ընթացքը սահմանված կարգով ապահովելու անհրաժեշտության հետ կապված, տրամադրվել է «Արթին Էնթրփրայս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի նոյեմբերի 20-ի գրությունը, որի համաձայն՝ 17RS177 հաշվառման համարանիշով «HONDA fit 1.5L» մակնիշի ավտոմեքենայի վերանորոգման ծառայության արժեքը կազմում է 726,000 /յոթ հարյուր քսանվեց հազար/ ՀՀ դրամ:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Հարություն Ղասաբյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին 2018 թվականի հոկտեմբերի 29–ի թիվ Ղ-2382 դիմումը բավարարել մասնակի՝ 726,000 /յոթ հարյուր քսանվեց հազար/
դրամի չափով:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «Արթին Էնթրփրայս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի նոյեմբերի 20-ի գրությամբ 17RS177 հաշվառման համարանիշով «HONDA fit 1.5L» մակնիշի ավտոմեքենայի վերանորոգման ծառայության արժեքը՝ 726,000 /յոթ հարյուր քսանվեց հազար/
ՀՀ դրամ գումարը, որպես պատճառված վնաս, փոխհատուցել Հարություն Ղասաբյանին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ