Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

19.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ


18 ապրիլի, 2023 թվական N 759-Ն


ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 37-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1.    Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի «Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություն պատվիրակելու և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները հաստատելու մասին» N 37-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1)    Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․


«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»


2)    Որոշման 1-ին կետում «տեղադրելու» բառը փոխարինել «և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու)» բառերով։
3)    Որոշման 2-րդ կետում «տեղաբաշխման (տեղադրման)» բառերը փոխարինել «և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման)» բառերով
4)    Որոշման 2․1․ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․1․ Հաստատել Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվություն ստանալու դիմումի և արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) և արտաքին գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվության ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի:».

5)    Որոշման N 1 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ ․

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ».

«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.    Սույն կանոնները (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի (այսուհետ՝ գովազդ) և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) կարգն ու պայմանները և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:
2.    Սույն կանոնները կիրառելի են արտաքին գովազդի և գովազդի միջոցների նկատմամբ ինչպես դրանց տեղաբաշխման, այնպես էլ տեղաբաշխումից հետո՝ շահագործման փուլում։
3.    Գովազդի և արտաքին գովազդի միջոցի տեղաբաշխումն իրականացվում է «Գովազդի մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին և սույն կանոնների պահանջներին համապատասխան:
4.    Երևան քաղաքի վարչական սահմաններում գովազդը կարող է տեղաբաշխվել, վահանակների, ցուցատախտակների, պիլլարների, պատի մեծանկարների, էլեկտրոնային էկրանների, բարձակների, տրանսպորտային միջոցների, հասարակական և այլ տրանսպորտի կանգառասրահների, ցուցափեղկերի, հեռախոսախցիկների, բանկոմատների, վճարային տերմինալների, առևտրի ավտոմատ (վենդինգային) սարքավորումների, սառնարանների, հովանոցների, հովհարների և գովազդի այլ միջոցների (այսուհետ՝ արտաքին գովազդի միջոց կամ գովազդի միջոց) կիրառմամբ (վրա)։
5.    Գովազդը կամ գովազդի միջոցը կարող է տեղաբաշխվել (տեղադրվել) պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի, շենքերի, շինությունների (հիմնական կամ ոչ հիմնական) և դրանց վրա տեղակայված այլ կառույցների կամ կոնստրուկցիաների, անցումների, կամուրջների, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների (այսուհետ նաև՝ գովազդի օբյեկտ) կիրառմամբ (վրա):
6.    Գովազդը, գովազդի միջոցը պետք է համահունչ լինի Երևան քաղաքի ճարտարապետությանը և համապատասխանի այն օբյեկտին կամ միջավայրին, որտեղ տեղադրված (տեղակայված) է։
7.    Գովազդը, գովազդի միջոցը պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող հողամասերում կարող է տեղադրվել (տեղաբաշխվել) Հայաստանի Հանրապետության հողային հարաբերությունները և քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական ակտերին համապատասխան, պետական կամ համայնքային համապատասխան մարմնի համաձայնության դեպքում:
8.    Բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային սեփականության վրա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված համապատասխան համաձայնության առկայության դեպքում:
9.    Պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող գովազդի օբյեկտի վրա գովազդ, գովազդի միջոց տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվությունը տրվում է միայն տվյալ գովազդի օբյեկտի սեփականատիրոջ, օրինական օգտագործողի կամ տիրապետողի համաձայնության, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի առկայության դեպքում:
10.    Այն դեպքում, երբ գովազդ տեղաբաշխելու (տեղադրելու) թույլտվությունը հայցվում է այնպիսի ապրանքների կամ ծառայությունների գովազդի համար, որոնց իրացման (այլ անձանց փոխանցման) կամ մատուցման համար պահանջվում է թույլտվություն (լիցենզիա, այլ թույլատվական բնույթի փաստաթուղթ), գովազդ տեղաբաշխելու թույլտվությունը կարող է տրամադրվել միայն նման թույլտվության առկայության դեպքում և դրա գործողությունը չգերազանցող ժամկետով։
11.    Այն դեպքում, երբ գովազդի, գովազդի միջոցի տեղաբաշխումը (տեղադրումը) կարող է առնչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթներին, գովազդ կամ գովազդի միջոց տեղադրելու թույլտվություն տալու հարցը որոշելիս, պետք է հաշվի առնվեն այդ ստորաբաժանումների կարծիքները։»․

II. ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
 ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

12.    Երևան քաղաքում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:
13.    Երևան քաղաքում գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տալիս են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:
14.    Գովազդ տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևի (Ձև 1) դիմում է ներկայացնում դրա տեղաբաշխման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ Երևան քաղաքի որևէ վարչական շրջանի ղեկավարին:
15.    Դիմումը պետք է պարունակի․
1)    վարչական շրջանի անվանումը,
2)    վարչական շրջանի ղեկավարի անունը և ազգանունը,
3)    դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը),
4)    դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),
5)    դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),
6)    գովազդի տեղաբաշխման ժամկետը, որով դիմողը ցանկանում է տեղաբաշխել գովազդը,
7)    Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի (եթե գովազդը նախատեսվում է տեղադրել համայնքային գույքի վրա, դրա օգտագործմամբ) օգտագործման համաձայնություն տալու մասին հայցում,
8)    դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,
9)    դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,
10)    դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը, տվյալներ այն գովազդային միջոցի մասին, որի վրա նախատեսվում է տեղադրել գովազդը, մասնավորապես՝ գովազդային միջոցի հասցեն, դրա տեսակը:
16.    Դիմումին կցվում են.
1)    դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2)    գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը)՝ գովազդի չափերի նշումով, իսկ էլեկտրոնային էկրանի վրա գովազդ տեղադրելու դեպքում՝ էլեկտրոնային գովազդային նյութերը կրիչով,
3)    եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
4)    հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր,
5)    տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:
17.    Գովազդի միջոց տեղադրելու համար, անձը սույն որոշման N 2 հավելվածով սահմանված ձևի (Ձև 3) դիմում է ներկայացնում դրա տեղադրման վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, իսկ տրանսպորտային միջոցի վրա գովազդի միջոց տեղադրելու դեպքում՝ Երևան քաղաքի որևէ վարչական շրջանի ղեկավարին:
18.    Դիմումը պետք է պարունակի․
1)    վարչական շրջանի անվանումը,
2)    վարչական շրջանի ղեկավարի անունը և ազգանունը,
3)    դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, պետական գրանցման համարը (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման համարը),
4)    դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը),
5)    դիմողի հետ կապ հաստատելու միջոց հանդիսացող բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (դրա առկայության դեպքում),
6)    գովազդային միջոցի տեղադրման վայրը և ժամկետը, որով դիմողը ցանկանում է տեղադրել գովազդի միջոցը,
7)    Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի (եթե գովազդի միջոցը նախատեսվում է տեղադրել համայնքային գույքի վրա, դրա օգտագործմամբ) օգտագործման համաձայնություն տալու մասին հայցում,
8)    դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը,
9)    դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը,
10)    դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը։
19.    Դիմումին կցվում են.
1)    դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
2)    գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում՝ համապատասխան փորձաքննության եզրակացությունը,
3)    եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
4)    հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր,
5)    տեղական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:
20.    Մեկից ավելի վարչական շրջաններում գովազդային գործունեություն իրականացնող գովազդակիրներն ուրվանկարների և համապատասխան փորձաքննության մոնտաժային նախագծերի համաձայնեցման համար մինչև սույն կանոնների 14-րդ կետով սահմանված կարգով համապատասխան վարչական շրջան դիմում ներկայացնելը կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ ներկայացնելով գովազդային ուրվանկարների փաթեթները կամ գովազդային միջոցների նախագծերը։ Ներկայացվող դիմումում պետք է նշվեն գովազդի տեղադիրը (հասցե) ըստ վարչական շրջանների, արտաքին չափերը, մակերեսը և տեղադրման ժամանակացույցը։
21.    Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ) սույն որոշման 14-րդ կամ 17-րդ կետով նախատեսված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է դրանց համապատասխանությունը սույն կանոնների պահանջներին: Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Աշխատակազմը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Աշխատակազմը դիմողին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել այն:
22.    Եթե դիմումում կամ կից փաստաթղթերում առկա են ոչ ձևական, էական սխալներ, կամ Կանոնների 21-րդ կետում սահմանված ժամկետում ձևական թերությունները չեն շտկվել, ապա վարչական շրջանի ղեկավարը դիմումը ստանալուց կամ թերությունները շտկելու համար սահմանված ժամկետի լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մերժում է դիմումը:
23.    Եթե դիմումը և կից փաստաթղթերը համապատասխանում են Կանոնների պահանջներին, կամ դիմողի կողմից վերացվել են ձևական խախտումները, ապա Աշխատակազմը դիմումի Կանոնների պահանջներին համապատասխանելու մեջ հավաստվելուց կամ ձևական խախտումները դիմողի կողմից վերացվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ ուրվանկարների և համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության համապատասխան հողհատկացման, Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման (համաձայնության) թույլտվության հարցերի քննարկման և լուծման համար։
24.    Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Կանոնների պահանջներին: Այն դեպքում, եթե համաձայնության տրամադրման համար անհրաժեշտ է հաշվի առնել Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կարծիքները, ապա ապահովելով այդ գործընթացը, դիմումը ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում տալիս է համաձայնություն կամ մերժում դրա տրամադրումը:
25.    Ըստ անհրաժեշտության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը սահմանված կարգով նախաձեռնում է նաև Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան հողհատկացման գործընթացը, ինչպես նաև համաձայնություն է տալիս հենասյուների կամ այլ գույքի վրա գովազդի միջոցի տեղադրման համար: Եթե համապատասխան հողամասի տրամադրումը կամ հենասյուների կամ այլ գույքի վրա գովազդի միջոցի տեղադրման համար համաձայնություն տալը հնարավոր չէ կամ գովազդը, գովազդի միջոցը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության (այդ թվում՝ Կանոնների) պահանջներին, կամ կարող է խախտել ճանապարհային երթևեկությունը կամ այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ապա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը մերժում է համաձայնության տրամադրումը Կանոնների 24-րդ կետում սահմանված ժամկետում:
26.    Վարչական շրջանի ղեկավարի կողմից ներկայացված դիմումի և դրան կից փաստաթղթերի սույն կանոններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կիրառելի պահանջներին համապատասխանելու դեպքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից տրվում է համաձայնություն ներկայացված դիմումի հիման վրա համապատասխան թույլտվություն տրամադրելու վերաբերյալ։ Թույլտվությունը տրվում է դիմումում նշված ժամկետով։
27.    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից համաձայնություն տրված ուրվանկարները, սահմանված չափի տեղական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերը, ինչպես նաև սույն կանոններով նախատեսված այլ փաստաթղթերը (հողհատկացման որոշում և այլն) ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդի տեղաբաշխման կամ գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն՝ համաձայն ձևի: Վարչական շրջանի ղեկավարի կողմից նշված թույլտվությունները կարող են տրվել դիմողի կողմից դիմումում նշված ժամկետից նվազ ժամկետով, ներկայացնելով այդպիսի որոշման պատճառաբանությունները։ Եթե համաձայնության տրամադրումը մերժվել է, ապա գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն տալը մերժվում է նույն ժամկետում:
28.    Արտաքին գովազդի տեղաբաշխման կամ գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն տրամադրելուց հետո Աշխատակազմը պետք է պարզի գովազդի տեղաբաշխման և գովազդի միջոցի տեղադրման համապատասխանությունը դիմողի կողմից ներկայացված դիմումին և դրան կից նյութերին, ինչպես նաև տրված թույլտվությանը: Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում Աշխատակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը:
29.    Առաջին անգամ անհամապատասխանություն հայտնաբերելիս գովազդատուն (գովազդակիրը) գրավոր զգուշացվում է ողջամիտ ժամկետում այն վերացնելու մասին: Սահմանված ժամկետում տեղ գտած թերությունները չշտկելու կամ 2-րդ անգամ անհամապատասխանություն թույլ տալու դեպքում` գովազդատուն (գովազդակիրը) պարտավորեցվում է իր միջոցներով ապամոնտաժել գովազդի միջոցը: Գովազդատուի (գովազդակրի) կողմից գովազդի միջոցը չապամոնտաժելու դեպքում՝ այն ապամոնտաժվում է համայնքի միջոցներով, իսկ կատարված ծախսերը փոխհատուցում է գովազդատուն (գովազդակիրը):
30.    Այդ դեպքում, երբ գովազդը, գովազդի միջոցը տեղադրվել (տեղաբաշխվել) է առանց համապատասխան թույլտվության, այն կարող է ապամոնտաժվել Համայնքի կողմից առանց անձին նախապես ծանուցելու և սեփական միջոցներով այն ապամոնտաժելու հնարավորություն տրամադրելու։ Համայնքի կողմից գովազդը, գովազդի միջոցը ապամոնտաժվելու դեպքում, ապամոնտաժման հետ կապված ծախսերը փոխհատուցում է ապամոնտաժված գովազդը, գովազդի միջոցը տեղադրած անձը։
31.    Թույլտվությունը հանդիսանում է հատուկ հաշվառման փաստաթուղթ, որը գրանցվում է վարչական շրջանի թույլտվությունների հաշվառման մատյանում, իսկ թույլտվության պատճենը և հաշվառման մատյանը պահվում են վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում։
32.    Գովազդի միջոց, գովազդ տեղադրելու դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը։
33.    Գովազդի տեղաբաշխման, գովազդի միջոցի տեղադրման վերաբերյալ դիմումը Կանոնների 24-րդ կետով սահմանված ժամկետում ենթակա է մերժման հետևյալ դեպքերում`
1)    ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հավելվածի 3-րդ գլխով նախատեսված չափորոշիչների և Կանոնների պահանջներին,
2)    խախտվում են սույն կանոնների և այլ իրավական ակտերի պահանջները:
34.    Գովազդը գովազդի միջոցների վրա տեղադրելու ժամանակ, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխման դեպքում, գովազդատուն, գովազդակիրը, մինչև գովազդի տեղադրումը կամ արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխումը, այդ մասին գրավոր տեղեկացնում է աշխատակազմին` կից ներկայացնելով համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի էսքիզը, որը գովազդի տեղաբաշխման թույլտվության համար սահմանված ժամկետներում և կարգով համաձայնեցվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ։ Այն կարող է մերժվել Կանոններով սահմանված ժամկետներում և հիմքերով:
35.    Գովազդի միջոցի տեղադրման մոնտաժային աշխատանքները կատարվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ համաձայնեցված նախագծով։ Արտաքին գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում գովազդի միջոցի մոնտաժման ապահովության և դրա անվթար շահագործման համար։
36.    Այն դեպքում, երբ թույլտվության գործողության ընթացքում գովազդվող տեղեկատվությունը փոփոխվում է, որի համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի այլ դրույքաչափ, ապա գովազդատուն, գովազդակիրը կատարում են վճարում համապատասխան դրույքաչափով:
37.    Գովազդի տեղաբաշխման, գովազդի միջոցի տեղադրման թույլտվություն ստացած անձը կարող է թույլտվությունը փոխանցել այլ անձի՝ վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության համաձայնությամբ։ Փոխանցումը կարող է տեղի ունենալ համապատասխան թույլտվությունից բխող իրավունքը ձեռք բերելուց հետո 4 ամսից ոչ շուտ: Համաձայնությունը տրվում է այդ մասին համապատասխան դիմում ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
38.    Գովազդի տեղաբաշխման, գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ժամկետը լրանալու, այն վաղաժամ դադարելու դեպքում գովազդատուն, գովազդակիրը, գովազդային միջոցի տեղադրման թույլտվություն ստացած անձը պարտավոր են թույլտվության ժամկետը լրանալուց կամ վաղաժամկետ դադարեցվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրենց միջոցներով ապամոնտաժել գովազդը, գովազդի միջոցը, իսկ զբաղեցրած տարածքը, շենքերը, շինությունները կամ այլ գույքը, որի վրա տեղակայված, տեղադրված է եղել գովազդը, գովազդի միջոցը, բերել նախկին վիճակին:
39.    Անձն ունի իր գովազդի միջոցի տեղադրման թույլտվության ժամկետի երկարաձգման նախապատվության իրավունք։ Այդ նպատակով անձը թույլտվության ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ դիմում է համապատասխան վարչական շրջանի ղեկավարին:
40.    Երևան քաղաքում գովազդի տեղաբաշխման (տեղադրման) գործընթացի նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը, իսկ վերահսկողությունը՝ Երևանի քաղաքապետը:
41.    Գովազդատուն, գովազդ արտադրողը, գովազդակիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման համար պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

«III. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՄԻՋՈՑԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

41.    Գովազդը, գովազդի միջոցը պետք է նախագծված, արտադրված, տեղադրված լինի այնպես, որպեսզի չհանդիսանա վտանգի աղբյուր։ Վերոնշյալ պահանջին համապատասխանելու փաստը Երևանի քաղաքապետարանի պահանջով հաստատվում է փորձաքննության միջոցով։
42.    Այն դեպքում, երբ գովազդի միջոցի շահագործումը կապակցված է հոսանքի կիրառման հետ, այն պետք է ունենա հոսանքի վթարային անջատման համակարգ։
43.    Գովազդը, գովազդի միջոցը բացառությամբ ազդագրերի (афиша), վահանակների և էլեկտրոնային էկրանների վրա տեղադրվող գովազդի, չպետք է պարունակի՝
1)    կոնտակտային տվյալներ՝ հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի, ինտերնետ կայքի կամ սոցիալական ցանցերի հասցեներ,
2)    առաջարկների, ակցիաների կամ զեղչերի մասին տեղեկատվություն, բացառությամբ ցուցափեղկերում տեղադրվող գովազդի, գովազդի միջոցի,
3)    ապրանքի կամ ծառայության արժեքի մասին տեղեկատվություն, բացառությամբ ավտոլցակայաններում տեղադրվող գովազդի,
4)    հայտարարություն, բացառությամբ օբյեկտի բացման, գործունեության մեկնարկի կամ տարեդարձի մասին հայտարարության, որը կարող է տեղադրվել համապատասխան ժամանակահատվածում՝ առավելագույնը 1 (մեկ) ամիս ժամկետով։
5)    մեկից ավելի ծառայության կամ ապրանքի մասին տեղեկատվություն (ներառյալ թվարկում կամ բնութագիր) և մեկ ծառայության կամ ապրանքի պատկերից ավել պատկեր։
44.    Արտաքին գովազդի, գովազդի միջոցի տեղաբաշխումը (տեղադրումը) չի թույլատրվում.
1)    մեկը մյուսի վրա,
2)    դեկորատիվ-գեղարվեստական կամ տեքստային պատկերը շենքի, շինության, կառույցի որևէ մակերևույթին (ներառյալ դռան, պատուհանի, ցուցափեղկի և դրանց շրջանակի, կամարի հատվածները) նկարելու, ներկելու, կպչուն նյութերով և դեկորատիվ զարդերով փակցնելու միջոցներով,
3)    վազող տողով,
4)    ձայների, ձայնային սարքերի կիրառմամբ,
5)    լազերային համակարգերի և միջոցների կիրառմամբ,
6)    նեոնային լամպերի կիրառմամբ,
7)    արտաքին լուսավորության կիրառմամբ, բացառությամբ պատի մեծանկարի, կամուրջների և վերնանցումների,
8)    մեկ տողի վրա գտնվող ծավալային տառերը տարբեր հորիզոնական առանցքների վրա տեղադրելով,
9)    ոչ արդի, ժամանակավրեպ տեղեկատվությամբ,
10)    երբ դրանք քաղաքացիների կյանքին, առողջությանը կամ գույքի համար առերևույթ վտանգ են ներկայացնում,
11)    կոտրված, վնասված, գունաթափված, պատռված, հնամաշ, կեղտոտ վիճակում,
12)    դեկորատիվ կամ ինքնակպչուն թղթի, պաստառի կամ այլ փափուկ նյութերի կիրառմամբ, բացառությամբ միագույն թափանցիկ փայլատ (матовый) սպիտակ գույնի կամ դրա երանգի ինքնակպչուն ծածկույթի օգտագործման դռան, պատուհանի և ցուցափեղկի ապակու հատվածների վրա, ինչպես նաև տարածքի վերանորոգման կամ շինարարական աշխատանքների ժամանակահատվածում՝ շինարարական աշխատանքների ծածկման նպատակով տեղադրման դեպքերի,
13)    կտորի կիրառմամբ, բացառությամբ հովարի, ծածկի, հովանոցի
14)    ստվարաթղթի վրա կամ դրա կիրառմամբ,
15)    թղթի վրա կամ դրա կիրառմամբ, բացառությամբ ջրի թափանցումից պաշտպանված և համապատասխան թույլտվություն ստացած գովազդի միջոցում տեղադրման դեպքերի,
16)    մասնակի կամ ամբողջությամբ ծածկելով պատուհանի, ցուցափեղկի, մուտքի արտաքին մակերեսը,
17)    ձևափոխելով շենքի, շինության, մուտքի (դռան), պատուհանի, ցուցափեղկի, տանիքի, կամուրջի, գետնանցումի, վերնանցումի, անցումի ճարտարապետական ոճը և տեսքը կամ դուրս գալով դրանց կառուցվածքային տարրերի սահմաններից և եզրերից,
18)    տեղեկատու մասը երթևեկելի մասի մակերևույթից առնվազն 7.0 մետրից ցածր բարձրության վրա, եթե գովազդի, գովազդի միջոցի որևէ մաս գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա,
19)    հուշատախտակներից 1.0 մետրից պակաս հեռավորության վրա,
20)    փակելով փողոցների անվանումների կամ շենքի, շինության, կառույցի համարների համայնքի կամ շենքի կառավարման մարմնի կողմից տեղադրված նշանները և դրանցից 1.0 մետրից պակաս հեռավորության վրա,
21)    բնության հուշարձանների, ծառերի վրա,
22)    արգելափակող միջոցների՝ ցանկապատերի, ուղեփակոցների, արգելափակոցների, կանգնակների, ճաղերի, պարսպի մուտքի (դռների), բազրիքների (перила) վրա, բացառությամբ նկուղային հարկերի։
23)    տառերի և սիմվոլների ուղղահայաց դասավորվածությամբ, բացառությամբ դրոշի և 2.0 մետրից ավել բարձրություն ունեցող բարձակի վրա՝ տեղակայված ոչ բնակելի շենքի 6.0 մետրից բարձր ճակատային հատվածին՝ հաշվարկված գետնի մակերեսից,
24)    կրկնաձիգ գրաժապավենների (տրանսպարանտ) միջոցով,
25)    տրանսպորտային հանգույցներում՝ վերգետնյա անցումների տակ, 
26)    ճանապարհային ցանցում, երբ այն անհամապատասխան է ճանապարհատրանսպորտային տվյալ իրավիճակի հետ կամ երբ այն տեսողական նմանություն ունի (արտաքին տեսքով, պատկերով) ճանապարհային նշաններին, ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ միջոցներին (գույքին),
27)    էլեկտրաէներգիայի բաշխման, արտաքին լուսավորության և հեռահաղորդակցության սյուների, հանրային լուսավորության կայանքների, գազամատակարարման, ջրահեռացման, տրանսպորտի, ինչպես նաև ճանապարհային, երկաթուղային, ջրային կամ օդային երթևեկության հետ կապված տարրերի, հանրային սարքավորումների կամ գույքի վրա,
28)    գերեզմանատան պատի, մուտքի կամ ճաղերի վրա, ինչպես նաև գերեզմանատան տարածք սահմաններին կից՝ 10.0 մետր շառավղով:
45.    Գովազդը, գովազդի միջոցը չպետք է.
1)    խոչընդոտեն անձանց ազատ տեղաշարժին և հանդիսանան հետիոտնի շարժման արգելք,
2)    խանգարեն փողոցների ու մայթերի մաքրմանը, 
3)    տեղադրվեն 3.50 մետրից պակաս լայնություն ունեցող մայթի վրա,
4)    սահմանափակեն պատմամշակութային և մշակութային օբյեկտների տեսանելիությունը, գերիշխեն և շեղեն ուշադրությունը տվյալ օբյեկտներից,
5)    սահմանափակեն հանրային տրանսպորտի կանգառների սրահների և նշանների տեսանելիությունը,
6)    խոչընդոտեն ճանապարհային երթևեկության կազմակերպանն ու անվտանգության ապահովմանը,
7)    շփոթեցնեն կամ շեղեն վարորդի կամ հետիոտնի ուշադրությունը, խաթարեն ճանապարհային երթևեկությունը, 
8)    սահմանափակեն տեսանելիությունն ավտոճանապարհների վրա, 
9)    լինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում և տեղադրվեն ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական որևէ միջոցների՝ ճանապարհային նշանների, լուսացույցների և դրանց կանգնակների, ճանապարհային արգելափակոցների, բազրիքների, պարապետների, ուղղորդ կարճասյուների վրա կամ այնպես, որ փակվի կամ սահմանափակվի դրանց տեսանելիությունը,
10)    փորագրվեն, քանդակվեն, որևէ նյութից (տառերի, սիմվոլների տեսքով կամ միջոցով) ներդրվեն պատի, գետնի, աստիճանների վրա կամ դրանց մեջ։
46.    Սգո ծիսակատարությունների համար նախատեսված ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտների գովազդը, գովազդի միջոցը պետք է բաղկացած լինեն «սգո» կամ «պարագաներ» կամ «ծառայություններ» բառերից` իրենց համապատասխան հոլովաձևերով և շաղկապներով:
47.    Գովազդի, գովազդի միջոցի լուսավորումը թույլատրվում է, եթե այն՝
1)    չի հանդիսանում աղմուկի, տատանման, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի, թարթող, թրթռացող, անդրադարձող, տատանվող կամ ուժեղ լույսի աղբյուր (օրվա լուսավոր ժամերին՝ 4400 վատտից ոչ ավել, մութ ժամերին՝ 2750 վատտից ոչ ավել),
2)    չի առաջացնում երթևեկության մասնակիցների կուրացում (լույսով, այդ թվում` նաև անդրադարձող, թարթող, թրթռացող), չի շփոթեցնում կամ շեղում վարորդի կամ հետիոտնի ուշադրությունը, չի խաթարում ճանապարհային երթևեկությունը,
3)    չի ներթափանցում բնակելի տարածքներ,
4)    ունի խլացված լուսարձակում, իսկ ստատիկ գովազդի դեպքում լույսի մեկ (միագույն)՝ սպիտակ կամ բնական գույն։
48.    Վահանակը գովազդային տեղեկատվության տեղադրման համար կոնստրուկցիա է, որը սովորաբար բաղկացած է հիմքից (հիմնասյունից, պատվանդանից), շրջանակից (рамка) և տեղեկատու դաշտից:
49.    Վահանակը կարող է լինել միակողմ և բազմակողմ։
50.    Միակողմանի վահանակի հակառակ՝ չօգտագործվող կողմը (կողմերը), տեսանելի լինելու դեպքում, պետք է լինի դեկորատիվ ձևավորված:
51.    Վահանակի տեղեկատու դաշտը չպետք է լինի առանց պաստառի (դատարկ)։
52.    Վահանակի վրա տեղադրվող գովազդը չի կարող լինել միայն տեքստային բովանդակությամբ (բացառությամբ ապրանքային նշանի)` տեղադրված ֆոնի վրա։
53.    Տեքստից և պատկերից բաղկացած գովազդում տեքստի չափաբաժինը չպետք է լինի գովազդի 60%-ից ավելին։
54.    Վահանակը կարող է տեղադրվել 3.50 մետրից ավել լայնություն ունեցող մայթի վրա:
55.    Ճանապարհի կողային մասում գովազդի միջոց տեղակայելու (տեղադրելու) դեպքում այն պետք է լինի եզրաքար ունեցող ճանապարհի եզրաքարից 0.60 մետրից ոչ պակաս հեռավորության վրա, իսկ եզրաքար չլինելու դեպքում` ճանապարհի եզրից ոչ պակաս, քան 3.0 մետրը:
56.    Վահանակի հիմքը պետք է տեղադրված լինի ուղղահայաց այն մակերևույթին, որի վրա տեղակայված է, և համապատասխան խորությամբ՝ ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ համաձայնեցված նախագծի:
57.    Վահանակի շրջանակը և հիմնասյունը պետք է լինեն միագույն:
58.    Վահանակի հենասյունը պետք է պատրաստվի այնպիսի նյութերից, որ քամու ազդեցության հաշվարկային բեռնվածության տակ և շահագործման ընթացքում ապահովի բավարար կայունություն:
59.    Վահանակներն, ըստ իրենց տեղեկատու դաշտի չափերի (ներառյալ շրջանակը), լինում են՝
1)    մեծ չափի` 3.0 մետրից ավել բարձրությամբ, 4.0 մետրից ավել լայնությամբ, 0.60 մետր խորությամբ, ներառյալ միմյանց կցված` համակառույց (մուլտիբորդ) վահանակները։
2)    միջին չափի՝ առավելագույնը մինչև 3․0 մետր բարձրությամբ, 4.0 մետր լայնությամբ, 0.60 մետր խորությամբ:
3)    փոքր չափի՝ առավելագույնը մինչև 3․50 մետր բարձրությամբ, 2.0 մետր լայնությամբ, 0.30 մետր խորությամբ:
60.    Հիմնասյան բարձրությունը կարող է լինել 2.50 մետրից մինչև 3.0 մետր փոքր չափի վահանակի և բարձակի դեպքում, մինչև 4.0 մետր՝ միջին չափի վահանակի դեպքում և մինչև 8.0 մետր՝ մեծ չափի վահանակի դեպքում։
61.    Փոքր չափի վահանակը կարող է տեղադրվել պատվանդանի վրա։ Տվյալ պատվանդանը կարող է լինել առավելագույնը 1.20 մետր բարձրությամբ, 1.40 մետր լայնությամբ և 0.30 մետր խորությամբ։
62.    Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են սահմանվել վահանակի արտաքին տեսքին ներկայացվող հավելյալ պահանջներ։
63.    Վահանակի կոնստրուկցիայի հիմքի կամ շրջանակի վրա պետք է տեսանելի ձևով նշված լինի գովազդակրի անվանումը, հեռախոսահամարը և Երևանի քաղաքապետարանի ռեգիստրում գրանցման համարը:
64.    Որպես առանձին տեղակայաված կոնստրուկցիա մեծ չափի վահանակների միջև հեռավորությունը չի կարող պակաս լինել 200.0 մետրից։
65.    Մեծ չափի վահանակ Երևան քաղաքում տեղադրվել (տեղադրված լինել) չի կարող, բացառությամբ պատի մեծանկարի։
66.    Միջին չափի վահանակ կարող է տեղադրվել (տեղադրված լինել) խաչմերուկներում:
67.    Հենասյան վրա տեղադրված միջին չափի վահանակի որևէ մաս չի կարող լինել ճանապարհի երթևեկելի հատվածի վրա։
68.    Յուրաքանչյուր խաչմերուկում, որպես առանձին տեղակայաված կոնստրուկցիա, չի կարող տեղադրվել 1-ից ավելի միջին չափի վահանակ:
69.    Որպես առանձին տեղակայաված կոնստրուկցիա միջին չափի վահանակների միջև հեռավորությունը չի կարող պակաս լինել 150.0 մետրից։
70.    Միջին չափի վահանակները չեն կարող լինել միմյանց կցված` համակառույց (մուլտիբորդ) վահանակների տեսքով։
71.    Փոքր չափի վահանակ թույլտարելի է տեղադրել ցուցափեղկում, կանգառասրահում:
72.    Փոքր չափի վահանակ թույլտարելի է տեղադրել մայրուղիներում, պողոտաներում, փողոցներում, խաչմերուկներում, հրապարակներում՝ իրարից նվազագույնը 50.0 մետր շառավիղով հեռավորության վրա, բացառությամբ սքրոլլերների։ 
73.    Փոքր չափի վահանակի որևէ մաս չի կարող լինել ճանապարհի երթևեկելի հատվածի վրա։
74.    Սքրոլլերը ստատիկ գովազդային տեղեկատվության տեղադրման համար նախատեսված դինամիկ մակերեսով փոքր չափի վահանակ է, որի պաստառները պտտվում են՝ փոխարինելով միմյանց։
75.    Սքրոլլերների միջև հեռավորությունը կարող է լինել նվազագույնը մինչև 10.0 մետր, եթե դրանց տեղեկատու մակերեսի և շրջանակի հանրագումարը չի գերազանցում 2.60 քմ-ը, իսկ սքրոլլերների քանակը՝ 5-ից ոչ ավել է։
76.    Պրիզմատրոնը գովազդային տեղեկատվության տեղադրման համար դինամիկ մակերես նախատեսող վահանակ է` բաղկացած շրջանակից և տեղեկատու դաշտից, որն ունի իր առանցքի շուրջը պտտվող եռանկյուն հատվածակողմեր (призма), երբեմն նաև հիմքից։ 
77.    Պրիզմատրոնի նկատմամբ կիրառելի են վահանակին ներկայացվող պահանջները։
78.    Էլեկտրոնային էկրանն (ցուցարկիչ, մոնիտոր, հեռուստաէկրան) արտաքին գովազդի միջոց է` նախատեսված տեղեկատու մակերեսի վրա պատկերներ վերարտադրելու համար՝ լուսադիոդների (LED), լամպերի, այլ լույսի աղբյուրների կամ արտացոլող տարրերի լույսի արտանետման կիրառմամբ:
79.    Էլեկտրոնային էկրանը կարող է տեղադրվել որպես առանձին տեղակայված կոնստրուկցիա կամ որևէ գովազդի օբյեկտի վրա տեղակայված կամ ներկառուցված գովազդի միջոց։
80.    Էլեկտրոնային էկրանի տեղեկատու դաշտի չափերը, որպես առանձին կոնստրուկցիա տեղակայված լինելու դեպքում, պետք է համապատասխանեն վահանակին ներկայացվող պահանջներին։
81.    Որպես առանձին տեղակայաված կոնստրուկցիա էլեկտրոնային էկրանների հիմքի (հենասյան, պատվանդանի) բարձրությունը, լայնությունը և խորությունը, յուրաքանչյուր դեպքում համաձայնեցվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ։ Միևնույն ժամանակ կոնստրուկցիայի առավելագույն չափը չի կարող գերազանցել վահանակի կոնստրուկցիային ներկայացվող պահանջների չափը՝ համապատասխան դրա տեղեկատու դաշտի տեսակի:
82.    Էլեկտրոնային էկրանը, որպես առանձին տեղակայված կոնստրուկցիա, կարող է տեղադրվել բացառապես լուսացույցով կարգավորված ճանապարհային հատվածներում՝ խաչմերուկներում և ճանապարհների կենտրոնական բաժանարար գոտիներում և գետնի մակարդակից առնվազն 2.50 մետր բարձրության վրա։ 
83.    Որպես առանձին տեղակայաված կոնստրուկցիա էլեկտրոնային էկրանի հիմքի կամ շրջանակի վրա պետք է տեսանելի ձևով նշված լինեն գովազդակրի անվանումը, հեռախոսահամարը և Երևանի քաղաքապետարանի ռեգիստրում գրանցման համարը:
84.    Յուրաքանչյուր խաչմերուկում և ճանապարհների կենտրոնական բաժանարար գոտում, որպես առանձին տեղակայված կառույց, չի կարող տեղադրվել 1-ից ավելի էլեկտրոնային էկրան:
85.    Որպես առանձին տեղակայված կառույց էլեկտրոնային էկրանների միջև հեռավորությունը չի կարող պակաս լինել 200.0 մետրից։
86.    Շենքի, շինության, կառույցի, կանգառասրահի վրա կամ ցուցափեղկում տեղադրված էլեկտրոնային էկրանների (հեռուստացույցի) հեռավորությունը միմյանցից չի կարող լինել 20.0 մետրից պակաս։
87.    Շենքի, շինության, կառույցի վրա տեղադրվող էլեկտրոնային էկրանի համար, բացառությամբ ցուցափեղկում տեղադրվող էլեկտրոնային էկրանների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից կարող են սահմանվել առանձին չափորոշիչներ` կապված բարձրության և տեղեկատու դաշտի մակերեսի հետ, որոնք հաշվի են առնում տվյալ տարածքի ճարտարապետական առանձնահատկությունները:
88.    Բարձակը ստատիկ մակերես նախատեսող վահանակային կոնստրուկցիա է՝ բաղկացած հիմքից, շրջանակից և տեղեկատու դաշտից, որը տեղադրվում է ամրակցող մակերեսին ուղղահայաց՝ ուղիղ անկյան տակ։
89.    Բարձակը լինում է ուղղանկյուն կամ կլոր երկրաչափական ձևերի, բացառությամբ դեղատնային ապրանքների առևտրով զբաղվող սուբյեկտների կողմից տեղադրվող բարձակների։
90.    Հենասյանն ամրակցվող բարձակի առավելագույն չափը՝ ներառյալ շրջանակը, չի կարող գերազանցել 2.0 մետր բարձրությունը, 1.40 մետր լայնությունը՝ ներառյալ ամրակները, և 0.30 մետր խորությունը:
91.    Շենքի, շինության, կառույցի ճակատային հատվածին ամրակցվող բարձակի առավելագույն չափը, ներառյալ շրջանակը, չի կարող գերազանցել 1.0 մետր բարձրությունը, 1.0 մետր լայնությունը՝ ներառյալ ամրակները, և 0.30 մետր խորությունը, եթե այն տեղակայված է մինչև 6.0 մետր բարձրության վրա՝ հաշվարկված հողից:
92.    Շենքի, շինության, կառույցի ճակատային հատվածին ամրակցվող բարձակի առավելագույն չափը՝ ներառյալ շրջանակը, չի կարող գերազանցել 3.0 մետր բարձրությունը, 1.0 մետր լայնությունը՝ ներառյալ ամրակները, 0.30 մետր խորությունը, եթե այն տեղակայված է 6.0 մետրից ավելի բարձրության վրա՝ հաշվարկված հողից: 
93.    Շահագործման անվտանգության նպատակից ելնելով՝ բարձակի որևէ մաս չի կարող տեղադրվել ճանապարհի երթևեկելի հատվածի վրա։ 
94.    Շենքի, շինության, կառույցի վրա կամ բոլոր այլ դեպքերում տեղադրվող բարձակները պետք է տեղադրվեն գետնի մակերևույթից ոչ պակաս, քան 2.50 մետր բարձրության վրա։
95.    Բարձակը չպետք է գտնվի ամրակցվող հարթությունից ավելի քան 0.20 մետր հեռավորության վրա։
96.    Բարձակների ամրակները պետք է լինեն միագույն՝ մուգ կամ բնական նյութերի գույնի (փայտի, քարի, մետաղական)՝ ամրակցվող մակերեսին կամ շենքի, շինության հիմնական գույնին համահունչ, որի վրա տեղադրվում են։
97.    Բարձակների ամրակները կարող են լինել կախովի, թաքնված կամ պատից ամրացված։
98.    Բարձակը կարող է ապահովված լինել միայն ներկառուցված ստատիկ լուսավորությամբ՝ արտաքին գովազդի լուսավորության չափանիշներին համապատասխան:
99.    Բարձակները չեն կարող լինել առանց պաստառների (դատարկ)։ Դատարկ բարձակները ենթակա են ապամոնտաժման։
100.    Արգելվում է բարձակները տեղադրել մեկը մյուսից 10.0 մետրից պակաս հեռավորության վրա։
101.    Միևնույն հիմքի (հենքի, հենասյան) վրա չի կարող տեղադրվել մեկից ավելի բարձակ։
102.    Միևնույն ճակատային կողմում մեկ սուբյեկտի կողմից չի կարող տեղադրվել մեկից ավելի բարձակ։
103.    Բացառությամբ դեղատնային ապրանքների առևտրով զբաղվող սուբյեկտների կողմից տեղադրվող բարձակների, շենքի, շինության, կառույցի վրա բարձակը տեղադրվում է, եթե տնտեսվարողի կողմից անհնար է սույն կանոնների պահպանմամբ գովազդը, գովազդի միջոցը տեղադրել պատի, մուտքի կամ ցուցափեղկի վրա։
104.    Միևնույն ճակատի վրա բարձակները պետք է տեղադրվեն մեկ հորիզոնական առանցքի վրա՝ պահպանելով միմյանց նկատմամբ չափերի համաչափությունը։
105.    Դեղատնային ապրանքների առևտրով զբաղվող կազմակերպություններին թույլատրվում է բժշկական հավասարակողմ (1:1 հարաբերակցությամբ) խաչի տեսքով պատրաստված բարձակի տեղադրում պատից։
106.    Բժշկական հավասարակողմ խաչի տեսքով բարձակը կարող է պարունակել տեղեկատվություն շուրջօրյա գործունեության մասին՝ ստատիկ պատկերված «24» թվի տեսքով` շուրջօրյա գործունեություն ծավալելու դեպքում:
107.    Բժշկական հավասարակողմ խաչի տեսքով բարձակը պետք է լուսավորվի միայն դեղատան աշխատանքային ժամերին։
108.    Շենքի, շինության, կառույցների արտաքին մակերևույթների վրա գովազդը, գովազդի միջոցը թույլատրվում է տեղաբաշխել (տեղադրել) ճակատի հարթ՝ ճարտարապետական տարրերից զերծ հատվածներում:
109.    Շենքի, շինության, կառույցների արտաքին մակերևույթների վրա գովազդը, գովազդի միջոցը թույլատրվում է տեղաբաշխել բացառապես.
1)    բարձակի միջոցով,
2)    ճակատի հարթությանը զուգահեռ տեղադրվող ուղղահայաց տառերով (ներառյալ ապրանքային նշանի պատկերը)՝ առավելագույնը 2 տողով հորիզոնական դասավորվածությամբ, առանց տակդիրի կամ ամբողջությամբ թափանցիկ տակդիրի կիրառմամբ։
110.    Շենքի, շինության, կառույցների արտաքին մակերևույթների վրա գովազդի, գովազդի միջոցի առավելագույն միասնական հաշվարկված ընդհանուր բարձրությունը կարգավորվում է ըստ գովազդի, գովազդի միջոցի բարձրության.
1)    մինչև 9.0 մետր բարձրության դեպքում տեղադրվող գովազդի, գովազդի միջոցի առավելագույն բարձրությունը, մեկ տողի պարագայում, չպետք է գերազանցի 0.30 մետրը, իսկ երկու տողի պարագայում՝ 0.50 մետրը, 
2)    9.0-ից մինչև 15.0 մետր բարձրության դեպքում տեղադրվող գովազդի, գովազդի միջոցի առավելագույն բարձրությունը, մեկ կամ երկու տողի պարագայում, չպետք է գերազանցի 1.0 մետրը,
3)    15.0 մետր և ավել բարձրության դեպքում տեղադրվող գովազդի, գովազդի միջոցի առավելագույն բարձրությունը, մեկ կամ երկու տողի պարագայում, չպետք է գերազանցի 2.0 մետրը:
111.    Շենքի, շինության, կառույցների արտաքին մակերևույթների վրա գովազդի, գովազդի միջոցի տեղադրումը չի թույլատրվում տակդիրի (подложка) կիրառմամբ, բացառությամբ ամբողջությամբ թափանցիկ տակդիրի կիրառման, այդ թվում այն դեպքում, երբ գովազդատուի (գովազդակրի) կողմից տեղադրվող գովազդը, գովազդի միջոցը գրանցված է որպես ապրանքային նշան։
112.    Շենքի, շինության, կառույցների արտաքին մակերևույթի վրա հորիզոնական դասավորվածությամբ ուղղահայաց տառերով գովազդը, գովազդի միջոցը տեղաբաշխվում (տեղադրվում) են.
1)    մուտքի կամ պատուհանների (ցուցափեղկերի) վերևում և դրանց սահմաններում՝ առանց ելուստի կամ սահմաններից դուրս առավելագույնը 0.30 մետր ելուստով ամեն կողմից՝ պահպանելով տեղադրվող գովազդի, գովազդի միջոցի համաչափությունը մուտքի և պատուհանի նկատմամբ, 
2)    տնտեսվարողի կողմից զբաղեցրած տարածքի սահմաններում՝ դռան և պատուհանների (կամ միայն պատուհանների) միջև ընկած միջնապատի վրա՝ պահպանելով ներդաշնակություն ճակատի վրա տեղադրված այլ գովազդների, գովազդի միջոցների հետ:
3)    ճարտարապետական ֆրիզի վրա՝ առանց տակդիրի (подложка):
113.    Շենքի, շինության, կառույցի արտաքին մակերևույթի վրա տեղադրվող գովազդի, գովազդի միջոցի մակերեսը չպետք է դուրս գա ճակատի հարթությունից ավելի քան 0.20 մետր:
114.    Արգելվում է գովազդի, գովազդի միջոցի տեղաբաշխումը (տեղադրումը) բազմաբնակարան շենք-շինության 1-ին և 2-րդ հարկերի միջև ընկած վերածածկից վերև։
115.    Եթե տարածքը գտնվում է նկուղային կամ կիսանկուղային հարկում գովազդը, գովազդի միջոցը կարող է տեղադրվել.
1)    նկուղի կամ կիսանկուղի մուտքի դռան և պատուհանի վերևում և դրանց սահմաններում՝ առանց ելուստի՝ պահպանելով տեղադրվող գովազդի, գովազդի միջոցի համաչափությունը մուտքի և պատուհանի նկատմամբ, 
2)    նկուղի կամ կիսանկուղի տարածքում, բայց ոչ ցածր, քան գետնի մակարդակից մինչև գովազդի, գովազդի միջոցի ստորին եզրը պահպանելով 0.60 մետր բարձրություն: 
3)    նկուղի կամ կիսանկուղի աստիճանավանդակին կից հենապատի վրա տեղադրված մեկ լուսամփոփի վրա, որի արտաքին չափերը պետք է լինեն 1.45 մետր բարձրությամբ, 0.35 մետր լայնությամբ, որից հենասյան հատվածը պետք է լինի 0.35 մետր բարձրությամբ, լուսամփոփի բարձրությունը՝ 0.45 մետր, իսկ գովազդի, գովազդի միջոցի բարձրությունը՝ 0.65 մետր:
4)    եթե չկա գովազդ, գովազդի միջոց տեղադրելու որևէ այլ հնարավորություն, նկուղի կամ կիսանկուղի աստիճանավանդակին կից հենապատի վրա տեղադրված բազրիքին ներկառուցման միջոցով՝ առավելագույնը (հանրագումարում) 1.0 քմ տարածքով։
116.    Շենքի, շինության, կառույցի վրա տեղաբաշխվող (տեղադրվող) գովազդը, գովազդի միջոցը չի կարող կպած լինել դռան, պատուհանի կամ ցուցափեղկի շրջանակին և պետք է դրանցից լինի առնվազն 0.15 մետր հեռավորության վրա:
117.    Շենքի, շինության, կառույցի արտաքին մակերեսի վրա գովազդը, գովազդի միջոցը պետք է տեղադրվի տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից զբաղեցրած արտաքին մակերեսի սահմաններում։ 
118.    Շենքի, շինության, կառույցի արտաքին մակերեսների վրա տեղադրվող գովազդի, գովազդի միջոցի առավելագույն երկարությունը պետք է լինի շենքի ճակատի երկարության 70 տոկոսից ոչ ավել:
119.    Արգելվում է շենքի, շինության, կառույցի արտաքին մակերեսը դեկորատիվ պանելներով, սալիկներով կամ այլ միջոցներով երեսպատելը, ֆասադի տեսքի, գույնի կամ այլ փոփոխություն կատարելը գովազդ, գովազդի միջոց տեղադրելու նպատակով կամ, երբ դրանք փաստացի օգտագործվում են գովազդի կամ գովազդի միջոցի տեղադրման համար։
120.    Շենքի, շինության, կառույցի պատերի վրա տեղադրվող գովազդը, գովազդի միջոցը չի կարող ունենալ տակդիր (подложка), բառառությամբ ամբողջությամբ թափանցիկ տակդիրի կիրառման և չպետք է ծածկի ճարտարապետական տարրերը, պետք է տեղադրվի դրանցից 0.30 մետրից ոչ պակաս հեռավորության վրա։
121.    Շենքի, շինության, կառույցի պատերի վրա տեղադրվող գովազդը կարող է ապահովված լինել միայն ներկառուցված կամ ետնային լուսավորությամբ՝ արտաքին գովազդի լուսավորության չափանիշներին համապատասխան։
122.    Գովազդի միջոցը չպետք է գործածվի որպես ծածկ կամ տանիք։
123.    Յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ շենքի, շինության, կառույցի նույն կողմում գտնվող ճակատի վրա իրավունք ունի տեղաբաշխել (տեղադրել) ոչ ավելի, քան երկու գովազդ, գովազդի միջոց, բացառությամբ մարկիզների և ցուցափեղկերի։
124.    Եթե շենքի, շինության, կառույցի միևնույն ճակատում տեղակայված է մի քանի գովազդ, գովազդի միջոց, ապա դրանք պետք է լինեն մեկ հորիզոնական առանցքի վրա ճակատի ուղղահայաց հարթության նկատմամբ:
125.    Արգելվում է գովազդի, գովազդի միջոցի տեղաբաշխումը (տեղադրումը)․
1)    շենքի, շինության, կառույցի եզրային կամ ճարտարապետական սահմաններից դուրս՝ ելուստով կամ դրանց կից՝ 0.50 մետրից մոտ հեռավորության վրա,
2)    առանց շենքի, շինության ճարտարապետական բաժանումներն ու առանձնահատկությունները հաշվի առնելու կամ շենքի, շինության, կառույցի ճարտարապետական դետալների (այդ թվում՝ սյան, որմնասյան (пилястра), զարդանախշի, հարթաքանդակի (барельеф), քիվի (карниз) վրա կամ դրանց կից՝ 0․50 մետրից մոտ հեռավորության վրա,
3)    շենքի, շինության, կառույցի պատշգամբի, դրա ճաղերի, ճաղաշարքերի (балюстрада) կամ ծածկի վրա,
4)    շենքի, շինության, կառույցի տանիքի ճաղերին և դրանց տարրերի՝ ճաղավանդակների, սյուների, ձողերի, դեկորների, վրա ամրացնելու միջոցով,
5)    շենքի, շինության, կառույցի ծածկի (ներառյալ մուտքի ծածկի) և ճարտարապետական հովհարի (козырек) վրա, ինչպես նաև հավելյալ կոնստրուկցիայի կամ գովազդի միջոցի դրանց վրա ամրակցմամբ, բացառությամբ ֆրիզի հատվածի սահմաններում տեղադրման դեպքի՝ առանց ելուստների և եզրերից 0.50 մետրից պակաս հեռավորության վրա։
6)    ճարտարապետական ֆրիզի սահմաններից դուրս՝ առանց ելուստների և եզրերից 0.5 մետրից պակաս հեռավորության վրա,
7)    շենքի բնակելի հատվածների սահմաններում, այդ թվում՝ ճակատի խուլ պատերին, բացառությամբ պատի մեծանկարների,
8)    բազմաբնակարան շենք-շինությունների, կառույցի շքամուտքի տարածքում՝ դռան շրջանակի վրա կամ դրան կից՝ շրջանակից 0.50 մետրից ոչ պակաս հեռավորության վրա,
9)    ոչ հիմնական, ոչ ստացիոնար կառույցի, կրպակի, կրպակաշարի, կցակառույց օբյեկտի, ավտոտնակի և դրանց տանիքների վրա, բացառությամբ դրանց ֆրիզային հատվածների (ներառյալ հովարներն ու ծածկերը) և ցուցափեղկի, որոնց վրա գովազդը թույլատրվում է տեղադրել յուրաքանչյուր ցուցափեղկի փեղկի մակերեսի 75 տոկոսից ոչ ավելի չափով,
10)    շենքի և շինության կամարի, կամարանցումի և կամարակապ բացվածքով սահմանափակված տարածքի մեջ և դրանցից 1 մետրից պակաս հեռավորության վրա,
11)    շենքի, շինության, կառույցի ճակատային այն հատվածի վրա, որտեղ նախկինում տեղադրված գովազդի, գովազդի միջոցի տեղադրման հետևանքով կամ այլ պատճառով առկա են անցքեր, վնասվածքներ։ Նշված հատվածում գովազդ, գովազդի միջոցի տեղադրելու թույլտվություն կարող է տրվել բացառապես նշված անցքերի, վնասվածքների վերականգնման (լցման) դեպքում,
12)    պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է տվյալ մարմնի համաձայնությունը,
13)    թանգարանների, պատմական և ճարտարապետական հուշարձանների, դրանց տարածքում և տանիքների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է լիազոր մարմնի համաձայնությունը։
126.    Շենքի, շինության, կառույցի վրա արտաքին գովազդ տեղադրելու այլ կանոններ սահմանված լինելու դեպքում, այդ կանոնները կիրառվում են, եթե չեն հակասում սույն որոշմամբ նախատեսված չափորոշիչներին։ 
127.    Գովազդի միջոցների որոշակի տեսակների համար Երևանի քաղաքապետարանը կարող է սահմանել ստանդարտ ձևեր, ինչպես նաև դրանց տեղադրման սկզբունքներ:
128.    Ճարտարապետական ֆրիզը ռելիեֆներից և զարդանախշերից զերծ շենքի, շինության, կառույցի արտաքին պատի վերին կամ միջհարկային մասը շրջանակող, ժապավենի տեսք ունեցող ճարտարապետական տարր է։
129.    Շենքի, շինության, կառույցի ճակատների (արտաքին պատերի) վրա, ճարտարապետական ֆրիզի առկայության դեպքում, որը գտնվում է 1-ին և 2-րդ հարկերի միջև վերածածկի մակարդակում կամ դրանից ներքև, գովազդը, գովազդի միջոցը, պատի ճակատային այլ հատվածներին տեղադրելու փոխարեն, պետք է տեղակայվի բացառապես ճարտարապետական ֆրիզի տարածքում։
130.    Ճարտարապետական ֆրիզի վրա գովազդը, գովազդի միջոցը թույլտարվում է տեղադրել ցցուն տառերով՝ առանց տակդիրի (подложка):
131.    Ֆրիզի վրա տեղադրելու դեպքում գովազդի միջոցի տեղեկատվական դաշտը, ինչպես նաև դեկորատիվ-գեղարվեստական տարրերը չպետք է գերազանցեն ֆրիզի բարձրության 70 տոկոսը, միևնույն ժամանակ, գովազդի մակերեսը չպետք է դուրս գա ճակատի հարթությունից ավելի քան 0.20 մետր, իսկ առավելագույն երկարությունը չպետք է լինի տնտեսվարող սուբյեկտի կողմից զբաղեցրած տարածքի սահմաններից դուրս:
132.    Պատի մեծանկարը գովազդային տեղեկատվության տեղադրման համար միակողմանի, ստատիկ մակերես նախատեսող վահանակ է՝ բաղկացած շրջանակից, տեղեկատու դաշտից և պատին կցվող ամրակներից:
133.    Պատի մեծանկարը կարող է տեղադրվել շենքի, շինության, կառույցի առնվազն 4.0 մետր լայնություն ունեցող խուլ պատի վրա։ Սույն կանոնների իմաստով խուլ պատ է համարվում վերից վար առանց մուտքի, պատուհանի, ցուցափեղկի պատի հատվածը։
134.    Պատի մեծանկարի թույլատրելի չափերը որոշվում են ըստ անհատական դեպքի և տեղաբաշխվում պատի անկյունային եզրերից առնվազն 0.50 մետր հեռավորության վրա:
135.    Մեկ պատին կարող է տեղադրվել առավելագույնը մեկ պատի մեծանկար։
136.    Պատի մեծանկարը ամրակցվում է անմիջապես պատին և չպետք է գտնվի ամրակցվող հարթությունից հեռավորության վրա։
137.    Պատի մեծանկարի առավելագույն խորությունը կարող է լինել առավելագույնը 0.50 մետր խորությամբ։
138.    Յուրաքանչյուր տեղադիրի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից սահմանվում են առանձին չափորոշիչներ` կապված պատի մեծանկարի բարձրության հետ՝ հաշվի առնելով տվյալ տարածքի ճարտարապետական առանձնահատկությունները:
139.    «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան տեղադրվող ցուցանակի չափը չպետք է գերազանցի 0.40 մետր բարձրությունը և 0.60 մետր երկարությունը և պարունակի օրենքով նախատեսվածից ավելի տեղեկություն։
140.    Ցուցանակները տեղադրվում են տեսանելի վայրում՝ ճակատի հարթ, ճարտարապետական տարրերից զերծ հատվածներում, անմիջապես մուտքի աջ և ձախ կողմում, կամ տարածքի մուտքի դռների վրա, որտեղ փաստացի գտնվում է (գործունեություն է իրականցնում) կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։ Դռան վրա տեղադրվող տեղեկատվական ցուցանակը կարող է նաև տեղադրվել տրաֆարետային տպագրության կամ նմանատիպ մեթոդների օգտագործամբ՝ անմիջապես փակցվելով դռան ապակու վրա։
141.    Մի քանի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի միևնույն մուտքի մոտ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխանող ցուցանակ տեղադրելու դեպքում տեղադրված տեղեկատվական միջոցների միասնական ընդհանուր մակերեսը չպետք է գերազանցի 2.0 քմ-ը, գետնի (հաշվարկված մուտքի հատակից) մակարդակից բարձրությունը մինչև ամենաբարձր մակարդակում տեղակայված ցուցանակի վերին եզրը չպետք է գերազանցի 2.0 մ-ը, իսկ ցուցանակաները պետք է տեղադրվեն միմյանց զուգահեռ և միանման ձևավորմամբ։
142.    Դռան, 1-ին և 2-րդ հարկերի ցուցափեղկերի (պատուհանների) ապակեպատ հատվածներին, ինչպես նաև այդ հատվածներից դեպի ներս մինչև 0․60 մետր հեռավորության վրա (տեսանելի լինելու դեպքում), առանձնացված ապակեպատ պահարանում տեղադրված տեղեկատվությունը (տարբեր տեսակի տեղեկատվական միջոցները) համարվում են արտաքին գովազդ, այսուհետ նաև՝ ցուցափեղկային գովազդ (витринная реклама): 
143.    Ցուցափեղկային գովազդը թույլատրվում է տեղադրել.
1)    ներսի կողմից, 
2)    առանց տակդիրի առանձին ցցուն տառերի (ներառյալ ապրանքային նշանի պատկերը) միջոցով, 
3)    փոքր չափի վահանակների վրա, 
4)    փոքր չափի էլեկտրոնային էկրանների միջոցով,
5)    կոմպոզիցիոն լուծումների միջոցով,
6)    շրջանակի (փեղկի) բոլոր կողմերից պահպանելով առնվազն 0.30 մետր հեռավորություն,
7)    զբաղեցնելով (փակելով) փեղկի 75 տոկոսից ոչ ավելին, բացառությամբ տվյալ տարածքի վերանորոգման կամ շինարարական աշխատանքների ժամանակահատվածում՝ շինարարական աշխատանքների ծածկման նպատակով տեղադրման դեպքերի և առանձին տառերի։
144.    Վերանորոգման կամ շինարարական աշխատանքների ժամանակահատվածում՝ շինարարական աշխատանքների ծածկման նպատակով, ցուցափեղկը թույլատրվում է ամբողջությամբ փակել ինքնակպչուն ծածկույթի օգտագործմամբ։
145.    Ցուցափեղկի վրա հորիզոնական դասավորվածությամբ առանձին ցցուն տառերի տեսքով գովազդային տեղեկատվության թույլատրելի տարածքի միասնական հաշվարկված առավելագույն բարձրությունը կարող է լինել մինչև 0.50 մետրը, իսկ առանձին տողի առավելագույն բարձրությունը՝ մինչև 0.30 մետրը, տառերի հաստությունը՝ ոչ ավելի, քան 0.10 մետրը։
146.    Ցուցափեղկում տեղադրվող գովազդը, գովազդի միջոցները պետք է պահպանեն միմյանց հանդեպ նույնաձև չափերի և տարածությունների համաչափություն՝ իրարից տեղադրվելով 0.30 մետրից ոչ պակաս հեռավորության վրա։
147.    Ցուցափեղկում տեղադրվող գովազդի միջոցը կարող է ապահովված լինել բացառապես ներքին կամ ետնային լուսավորությամբ՝ արտաքին գովազդի լուսավորության չափանիշներին համապատասխան:
148.    Կախովի գովազդը, գովազդի միջոցը ստատիկ մակերես նախատեսող վահանակային կոնստրուկցիա է՝ բաղկացած ամրակներից, շրջանակից և տեղեկատու դաշտից, որը տեղադրվում է ամրակցող մակերեսի տակ՝ կցվելով վերևից։
149.    Կախովի գովազդը, գովազդի միջոցը թույլատրվում է տեղադրել շենքերի, շինությունների, կառույցների հետիոտնային անցումների ուղղանկյունաձև (առանց կամարի) սրահային տարածքներում։ 
150.    Կախովի գովազդը, գովազդի միջոցը չպետք է դուրս գա ճակատի արտաքին կամ ներքին հարթություններից, իսկ դրա առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 0․5 մետրը։
151.    Կախովի գովազդի միջոցը պետք է գետնից պահպանի առնվազն 2.50 մետր բարձրություն՝ վերին և կողային հատվածից պահպանելով 0.30 մետր հեռավորություն։
152.    Հովարը (маркиза) շենքի, շինության, կառույցի դռան, պատուհանի, ցուցափեղկի վերևի հատվածում ծալվող կամ չծալվող կտորե ծածկույթ է:
153.    Սույն կանոնների իմաստով ծածկը բացօթյա ոչ մեկուսացված կտորե կոնստրուկցիա է, որը տեղակայված է հենարանների (սյուների) վրա մի կողմից և ամրակցված է պատին մյուս կողմից:
154.    Հովանոցը սովորաբար փայտյա կամ մետաղյա ելուստներով, մեջտեղի մասում հենասյան վրա ամրացված կտորե ծալովի ծածկույթով հարմարանք է՝ նախատեսված արևից կամ տեղումներից պաշտպանվելու համար։
155.    Հովարի, ծածկի և հովանոցի վրա թույլատրելի է պատկերել միայն գովազդվող օբյեկտի ապրանքային նշանի պատկերը և անվանումը։
156.    Հովարը կարող է տեղադրվել մուտքի, պատուհանի, ցուցափեղկի վերին եզրին և բացառապես դրանց սահմաններում։
157.    Ծածկը կարող է տեղադրվել մուտքի, պատուհանի, ցուցափեղկի վերին եզրին կամ դրանցից բարձր, սակայն առավելագույնը մինչև 0.50 մետր բարձրության վրա և տնտեսվարողի կողմից փաստացի զբաղեցրած տարածքի սահմաններում։
158.    Հովանոցի, հովարի և ծածկի վրա տեղադրվող գովազդը պետք է պատկերված լինի բացառապես ֆրիզի հատվածում մեկ տողով, որի բարձրությունը չպետք է գերազանցի 0.30 մետրը, իսկ տեղեկատու դաշտի տարրերը պետք է տեղադրվեն մեկ հորիզոնական առանցքի վրա։
159.    Հովարը պետք է համահունչ լինի շենքի, շինության ճակատի ճարտարապետական ընդհանրական տեսքին և բաժանումներին:
160.    Հովարի կոնստրուկցիայի չափը չի կարող ծածկել փեղկի բարձրության 1/4-ից ավելին:
161.    Հովարի կոնստրուկցիայի չափը՝ բացված վիճակում, չի կարող լինել 1.20 մետրից ավելի խորություն (ճակատից դեպի առաջ):
162.    Հովարի և ծածկի կոնստրուկցիաների ամրակները, տեսանելի լինելու դեպքում, պետք է լինեն միագույն, իսկ պատից ամրակցված լինելու դեպքում՝ մուգ գույնի (մետաղի, քարի, փայտի գույնի) կամ շենքի, շինության հիմնական գույնին համահունչ, որի վրա տեղադրվում են:
163.    Շենքի, շինության, կառույցի տանիքներին թույլատրելի է տեղաբաշխել (տեղադրել) միայն առանձին ծավալային տառերից և սիմվոլներից բաղկացած գովազդի միջոց՝ տանիքի հանդեպ տառերի հորիզոնական և մինչև երկու տողով դասավորվածությամբ՝ առանց տակդիրի։
164.    Շենքի, շինության, կառույցի տանիքին տեղադրվող գովազդ, գովազդի միջոց հանդիսացող տանիքային կոնստրուկցիաները պետք է ունենան հակահրդեհային և հոսանքի վթարային անջատման համակարգ: Ամրակցման տարրերը, ինչպես և կոնստրուկցիայի կրող մասի հակառակ կողմը պետք է պատրաստված լինեն մինիմալ տեսանելի, ամուր և հակակոռոզիոն նյութերից։
165.    Շենքի, շինության, կառույցի տանիքներին տեղադրվող գովազդի միջոցում թույլատրվում է օգտագործել ներկառուցված լուսավորություն՝ արտաքին գովազդի լուսավորության չափանիշներին համապատասխան:
166.    Շենքի, շինության, կառույցի տանիքներին տեղադրվող գովազդ, գովազդի միջոցը պետք է լինեն ճակատի ուղղահայաց բաժանումներին համապատասխան, առանց ելուստների և դուրս չգան ճակատի հիմնական հարթությունից՝ դեպի առաջ։
167.    Շենքի, շինության, կառույցի տանիքներին տեղադրվող գովազդի, գովազդի միջոցի լայնությունը չի կարող գերազանցել ճակատի լայնության 4/5 մասը՝ մինչև 35.0 մետր ճակատային լայնության դեպքում, և ճակատի լայնության կեսը՝ 35.0 մետրից ավելի ճակատային լայնություն դեպքում։
168.    Մինչև 50.0 մետր ճակատային լայնություն ունեցող շենքի, շինության, կառույցի տանիքի միևնույն կողմում նույն հարթության վրա չի կարող տեղադրվել մեկից ավելի գովազդի միջոց։
169.    50.0 մետրից ավելի ճակատային լայնություն ունեցող շենքի, շինության, կառույցի տանիքի միևնույն կողմում մեկ հորիզոնական հարթության վրա տեղադրվող մեկից ավելի գովազդի միջոցների միմյանցից հեռավորությունը չի կարող լինել պակաս, քան 50.0 մետրը, իսկ տարբեր բարձրությունների ճարտարապետական տարրերի վրա տեղադրվելու պարագայում՝ 10.0 մետրը։
170.    Չի թույլատրվում գովազդ, գովազդի միջոց տեղադրել թեք տանիքի և ծածկի, ոչ հիմնական, ոչ ստացիոնար, շենքի, շինության, կառույցի, ավտոտնակի, կրպակի, կրպակաշարի, կցակառույց օբյեկտի տանիքի վրա։ 
171.    Չի թույլատրվում գովազդ, գովազդի միջոց տեղադրել մինչև 4 հարկանի շենքի, շինության, կառույցի տանիքի կամ ծածկի վրա։
172.    Շենքի, շինության, կառույցի տանիքների վրա գովազդի, գովազդի միջոցի առավելագույն բարձրությունը կարգավորվում է ըստ հարկայնության և պետք է լինի.
1)    4 հարկանի շենքի, շինության, կառույցի համար ոչ ավելի, քան 2.0 մետր,
2)    5-9 հարկանի շենքի, շինության համար ոչ ավելի, քան 3.0 մետր,
3)    10-14 հարկանի շենքի, շինության համար ոչ ավելի, քան 4.0 մետր,
4)    15 կամ ավելի հարկ ունեցող օբյեկտների համար՝ ոչ ավելի, քան 5.0 մետր:
173.    Սույն որոշման իմաստով շենքի, շինության, կառույցի մեկ հարկի բարձրությունը 3.0 մետր է: Կոտորակային արժեքների դեպքում հարկերի ամբողջ թվային արժեքի կլորացումը կատարվում է մաթեմատիկական կլորացման կանոններին համապատասխան, և 1, 2, 3, 4 թվերը փոխարինվում են զրոյով, իսկ 5, 6, 7, 8, 9 թվերը մեկով ավելացնում են դիմացի թիվը։
174.    Եթե շենքի, շինության, կառույցի տանիքին տեղաբաշխվող (տեղադրվող) գովազդը, գովազդի միջոցը պարունակում է ապրանքային նշանի պատկեր, ապա վերջինիս որոշակի տարրեր կարող են գերազանցել սույն կանոններով սահմանված չափորոշիչները, բայց ոչ ավելի, քան գովազդի միջոցի ամբողջական մակերեսի 1/5-րդը։
175.    Կամուրջի, գետնանցումի, թունելների, էստակադաների վրա թույլատրելի է տեղաբաշխել (տեղադրել) միայն առանձին ծավալային տառերից և սիմվոլներից բաղկացած գովազդի միջոց՝ առավելագույնը մինչև երկու տողով դասավորվածությամբ՝ առանց տակդիրի կամ ամբողջությամբ թափանցիկ տակդիրի կիրառմամբ։
176.    Ավտոմեքենաների՝ վառելիքի կամ էլեկտրական լցակայանների զբաղեցրած հողատարածքում թույլատրվում է վահանակի տեսքով տեղադրել միայն մեկ գովազդ, գովազդի միջոց, ներառյալ գնի ցուցատախտակը, և մեկ գովազդ, գովազդի միջոց կամ ցուցատախտակ լցակայնի զբաղեցրած տարածքից դուրս։ Այս կոնստրուկցիաների առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 8.0 մետրը (հաշվարկված գետնի մակերևույթից), լայնությունը՝ 3.0 մետրը, խորությունը՝ 0.80 մետրը:
177.    Վառելիքի կամ էլեկտրական ավտոլցակայանների զբաղեցրած հողատարածքներում գովազդ, գովազդի միջոց, բացի առանձին վահանակից, թույլատրվում է տեղադրել ծածկի ֆրիզային հատվածում առանձին ծավալային տառերով, որի լայնությունը չի կարող լինեն 1.20 մետրից ավելի, և ֆրիզի եզրերից պահպանելով 0.30 մետր հեռավորություն:
178.    Ավտոմեքենաների՝ վառելիքի կամ էլեկտրական լցակայանների սահմաններից դուրս ցուցատախտակները տեղադրվում են երթևեկությանը համընթաց ուղղությամբ՝ լցակայանի զբաղեցրած հողատարածքի սահմաններից 30.0 մետրից ոչ ավելի հեռավորության վրա` պահպանելով 3.0 մետրից ոչ պակաս մայթի լայնություն։
179.    Վառելիքի կամ էլեկտրական լցակայանների գովազդի, գովազդի միջոցի կամ գնի ցուցատախտակների էլեկտրոնային կրիչների (էկրանների) վրա գովազդի ցուցադրումը պետք է իրականցվի միայն ստատիկ պատկերների կիրառմամբ։ Պատկերի փոփոխությունը պետք է կատարվի 30 վայրկայնի ընթացքում մեկ անգամից ոչ ավելի։ Պատկերի փոփոխության արագությունը չպետք է պակաս լինի 2 վայրկյանից։
180.    Դրոշակաձողը գետնի վրա առանձին տեղակայված միջոց է, որը բաղկացած է հիմքից և մետաղական հենքից, որի վրա բարձրանում է դրոշը։
181.    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից կարող են սահմանվել դրոշակաձողի բարձրությանը ներկայացվող անհատական պահանջներ՝ հաշվի առնելով տվյալ տարածքի ճարտարապետական առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր դեպքում դրոշակաձողի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 9.0 մետրը։
182.    Միևնույն կողմում տեղակայվող մեկից ավելի դրոշակաձողերը պետք է տեղադրվեն միմյանց զուգահեռ, իսկ տեղեկատվական դաշտերը պետք է լինեն մեկ ուղղությամբ:
183.    Դրոշակաձողը կարող է տեղադրվել փողոցներում, պողոտաներում, մայրուղիներում, խաչմերուկներում, հրապարակներում:
184.    Դրոշի տեղեկատու թույլատրելի մակերեսի չափերը և համամասնությունները որոշվում են կախված դրոշակաձողի բարձրությունից և տեղանքից՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ համաձայնեցմամբ:
185.    Մեկ դրոշակաձողի վրա չի կարող տեղադրվել մեկից ավելի գովազդ:
186.    Դրոշի վրա թույլատրելի է պատկերել գովազդատուի ապրանքային նշանը և անվանումը, իսկ տեղեկատվական դաշտը և նշանի դեկորատիվ ու գեղարվեստական տարրերը պետք է տեղադրվեն մեկ հորիզոնական առանցքի վրա։
187.    Դրոշակաձողերի հիմքերի միջև, բացառությամբ համակառույց դրոշակաձողերի, նվազագույն հեռավորությունը չի կարող լինել 200.0 մետրից պակաս շառավիղով, իսկ համակառույց դրոշակաձողերի հեռավորությունը այլ դրոշակաձողից կամ համակառույց դրոշակաձողերից հաշվարկվում է վերջին (ծայրի) դրոշակաձողի հիմքից՝ դիտարկվելով տվյալ կողմի երթևեկության ուղղության տեսանկյունից:
188.    Համակառույց դրոշակաձողերը պետք է ունենան միասնական ոճային լուծում, իսկ հիմքերն ու հենքերը լինեն միագույն:
189.    Համակառույց դրոշակաձողերի առավելագույն քանակը չի կարող լինել 4-ից ավելի:
190.    Համակառույց դրոշակաձողերի հիմքերի միջև հեռավորությունը չի կարող լինել 0.5 մետրից ավելի։
191.    Շտենդերը տնտեսվարող սուբյեկտների կողմից աշխատանքային ժամերի ընթացքում տեղադրվող միակողմանի կամ երկկողմանի արտաքին գովազդի շարժական և ժամանակավոր տեղադրվող գովազդի միջոց է:
192.    Շտենդերը կարող է տեղադրվել նվազագույնը 3.50 մետր լայնք ունեցող մայթերին և չի կարող զբաղեցնել 1քմ-ից ավելի տարածք:
193.    Շտենդերի տեղադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները`
1)    շտենդերի կոնստրուկցիայի չափերը կարող են ունենալ առավելագունը 0․70 մետր լայնություն և 1․20 մետր բարձրություն։
2)    շտենդերի հիմնակմախքը պետք է պատրաստված լինի փայտե նյութերից:
3)    շտենդերը չի կարող տեղադրված լինել այն տեղակայած տնտեսվարող սուբյեկտի ոչ աշխատանքային ժամերին:
4)    շտենդերի հիմնակմախքի ամենահեռու եզրը կարող է տեղադրվել տնտեսվարող սուբյեկտի տարածքից առավելագույնը 1.0 մետր հեռավորության վրա:
5)    շտենդերի տեղեկատու մակերեսը պետք է ունենա միատարր մուգ գույնի ֆոն՝ նախատեսված բացառապես կավիճով գրառումներ անելու համար։
194.    Մշակութային հաստատություններին կից տեղադրվող միջոցառումների ազդագրերի տեղադիրները յուրաքանչյուր դեպքում պետք է համաձայնեցվեն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ։
195.    Վահանակի (ներառյալ սքրոլլեր, պրիզմատրոն) և բարձակի վրա տեղադրվող գովազդի մակերեսը հաշվարկվում է յուաքանչյուր կողմի տեղեկատու դաշտի մակերեսով։
196.    Էկրանային (վերարտադրող) սարքավորումների մակերեսը որոշվում է վերարտադրվող պատկերի տեղեկատու դաշտի մակերեսով:
197.    Ցուցափեղկում կամ ցուցափեղկի վրա տեղադրված (տեղակայված) արտաքին գովազդի, գովազդի միջոցի մակերեսը հաշվարկվում է փաստացի տեղադրված գովազդի ընդհանուր կոմպոզիցիոն չափով: 
198.    Ցուցափեղկի ապակու հատվածի ներքին կողմից կամ առանձնացված ապակեպատ պահարանի միջոցով կոմպոզիցիոն լուծումներ ունեցող գովազդի մակերեսը հաշվարկվում է ցուցափեղկի ընդհանուր արտաքին մակերեսով:
199.    Վերանորոգման կամ շինարարական աշխատանքների ժամանակահատվածում՝ շինարարական աշխատանքների ծածկման նպատակով, յուրաքանչյուր ցուցափեղկի վրա փակցված գովազդային տեղեկատու մակերեսի համար տեղական տուրք չի գանձվում, եթե այն չի գերազանցում 0.40 մետր բարձրությունը և 0.60 մետր երկարությունը և չի պարունակում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսվածից ավելի տեղեկություն։
200.    Նկուղի կամ կիսանկուղի աստիճանավանդակին կից հենապատի վրա տեղադրված բազրիքին ներկառուցված գովազդի միջոցի մակերեսը հաշվարկվում է գովազդի տեղեկատու դաշտի մակերեսով։
201.    Նկուղի կամ կիսանկուղի աստիճանավանդակին կից հենապատի վրա տեղադրված լուսամփոփի վրա գովազդի տեղեկատու մակերեսը հաշվարկվում է գովազդի միջոցի տեղեկատու դաշտի մակերեսով։
202.    Հովարների, ծածկերի և հովանոցների վրա տեղադրվող գովազդի տեղեկատու մակերեսը որոշվում է դրանց ֆրիզային հատվածի ամբողջական մակերսով, որի վրա տեղադրված է գովազդը:
203.    Դրոշակների տեղեկատու մակերեսները որոշվում են բոլոր կողմերի մակերեսով:
204.    Շտենդերի վրա տեղադրվող գովազդի մակերեսը հաշվարկվում է կողմերի ընդհանուր մակերեսով՝ ներառյալ կոնստրուկցիոն մասը:
205.    Տրանսպորտային միջոցի վրա տեղադրված գովազդի, գովազդի միջոցի մակերեսը հաշվարկվում է փաստացի տեղադրված գովազդի բոլոր երեսների ընդհանուր կոմպոզիցիոն չափով` ներառյալ հավելյալ կոնստրուկցիոն մասը:
206.    Վառելիքի կամ էլեկտրական ավտոլցակայանների վահանակների՝ գովազդի տեղեկատու մակերեսը հաշվարկվում է փաստացի տեղադրված գովազդի միջոցի բոլոր երեսների ընդհանուր կոմպոզիցիոն չափով։
207.    Հեռախոսախցիկների, բանկոմատների, վճարային տերմինալների, առևտրի ավտոմատ սարքավորումների (վենդինգային սարքավորուներ), սառնարանների, գովազդի տեղեկատու մակերեսի չափերը որոշվում են գովազդի տեսանելի կողմերի ամբողջական մակերեսների հանրագումարով։
208.    Կանգառասրահների վրա տեղադրված գովազդի, գովազդի միջոցի տեղեկատու մակերեսի չափերը որոշվում են յուրաքանչյուր կողմի տեղեկատու դաշտի մակերեսով։
209.    «Սպառողների իրավունքի պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխանող ցուցանակների համար տեղական տուրք չի գանձվում։ 
210.    Պետական մշակութային հաստատությունների միջոցառումների ազդագրերի համար տեղական տուրք չի գանձվում։
211.    Սույն կանոններով չնախատեսված, առանձին տեղակայված, եռաչափ կամ կոմպոզիցիոն (կոմպոզիցիաների տեսքով) կոնստրուկցիաներով գովազդի տեղեկատու մակերեսի չափերը որոշվում են յուրաքանչյուր դեպքում անհատապես՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ համաձայնեցված նախագծի հիման վրա։»:
2.    Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը տրված գովազդի, գովազդի միջոցի տեղադրման կամ այլ թույլտվությունների գործողությունը դադարում է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին, իսկ սույն որոշման N1 հավելվածի 65-րդ, 66-րդ և 44-րդ կետի            27-րդ ենթակետով նախատեսված կանոնակարգումներին հակասող գովազդի, գովազդի միջոցի տեղադրման կամ այլ թույլտվությունների գործողությունը՝ 2023 թվականի հուլիսի 18-ին։

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,         
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ         ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


 


2023թ. ապրիլի 18
      Երևան