Ավագանու որոշումներ

Պահոց

Երևան քաղաքի ավագանու որոշում

01.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

25 հունիսի 2024թ.  N 177-Ա

ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 623-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` 
Երևան քաղաքի ավագանին որոշում է.          
1. Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 13-ի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծի մշակման նախագծային առաջադրանքը հաստատելու մասին» N 623-Ա որոշման հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Հավելվածի 1-ին կետից հետո լրացնել նոր 1.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Գլխավոր հատակագծի նախագծի մշակման համար սույն նախագծային առաջադրանքում ներառված բնութագրիչ տվյալները (ցուցանիշները) գլխավոր հատակագծի նախագծի մշակման ժամանակահատվածում ենթակա են ճշգրտման և գլխավոր հատակագծի նախագծում ներառման՝ մշակման ժամանակահատվածում ձեռք բերված տվյալներին համապատասխան:».
2) Հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) Հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց գրանցված հողամասի սահմանների վերաբերյալ տվյալների ներառում գլխավոր հատակագծի կազմում,».
4) Հավելվածի 3-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
«11) բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:».
5) Հավելվածի 3-րդ կետի 12-րդ, 13-րդ և 14-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.
6) Հավելվածի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«5. Նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ցանկը`
1) կադաստրային քարտեզագրման նյութերը (այդ թվում` տարածքի կառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, տարածքի չկառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, կադաստրի թեմատիկ շերտերի տեղեկատվությունը թվային տարբերակով).
2) նախկինում հաստատված քաղաքաշինական ծրագրային և հողաշինական փաստաթղթերը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաստատված սեյսմամիկրոշրջանացման քարտեզը (առկայության դեպքում)՝ 1:10 000 կամ 1:5000 մասշտաբներով կամ թվային տարբերակով.
4) տվյալներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց գրանցված հողամասի սահմանների վերաբերյալ.
5) տվյալներ շրջակա միջավայրի վիճակի, բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանց պահպանական գոտիների վերաբերյալ (առկայության դեպքում).
6) տվյալներ հանրային օգտագործման կանաչ գոտիների, լանդշաֆտների, ռեկրեացիոն տարածքների, ջրային օբյեկտների վերաբերյալ.
7) տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի (այդ թվում՝ գծային օբյեկտների) առկա վիճակի վերաբերյալ.
8) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.
9) համայնքին վերաբերող արխիվային նյութերը (առկայության դեպքում).
10) տվյալներ առկա և նախատեսվող էներգատեղակայանքների ու դրանց զբաղեցրած հողատարածքների վերաբերյալ` համաձայնեցված տվյալ տեղակայանքները տնօրինող շահագործող ընկերությունների հետ.
11) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջներին վերաբերող նյութեր (առկայության դեպքում).
12) տվյալներ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ:»:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`                                                                ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

2024թ. հունիսի 25
      Երևան