Հանրակրթության վարչություն
Հավելված հ.9
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշմամբ հաստատված գործառույթները
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. Վարչության նպատակը կրթության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների, ինչպես նաև պետական կրթական քաղաքականության իրականացման ապահովումն է:
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են կրթության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8.Վարչությունը՝
1) մշակում է կրթության բնագավառում Երևանի ավագանու, քաղաքապետի կողմից պետական կրթական քաղաքականության իրականացմանն ուղղված որոշումների և կարգադրությունների նախագծեր,
2) ապահովում է Երևանի ավագանու, քաղաքապետի որոշումների և կարգադրությունների, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հրամանների պահանջների կատարումն ու հսկողությունը,
3) ապահովում է Երևանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում /ՀՈԱԿ, ՊՈԱԿ այսուհետ՝ ուսումնական հաստատություն/ պետական կրթական քաղաքականության իրականացումը,
4) վերահսկողություն է իրականացնում քաղաքապետարանի ենթակայության ուսումնական հաստատությունների բնականոն գործունեության ապահովման նկատմամբ,
5) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան,
6 ) համակարգում և վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություն, ինչպես նաև վարում է նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը,
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցկացնում է պետական ուսումնական հաստատության տնօրենի և մանկավարժական աշխատողի ատեստավորումը,
8) ապահովում է «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողի փոխադրման և ավարտման կարգի» պահանջները,
9) վերահսկում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական և նորարարական հնարավոր գործունեության իրականացման ընթացքը,
10) ապահովում է նախադպրոցական տարիքի երեխաների առողջապահական խնդիրների լուծման գործընթացը,
11) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը,
12) վերահսկողություն է իրականացնում ուսումնական հաստատությանն ամրացված պետական և համայնքային սեփականության օգտագործման և պահպանության, ինչպես նաև պետական ուսումնական հաստատության սեփականության պահպանության նկատմամբ,
13) մշակում է կրթության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների կատարումն ապահովող մեթոդական նամակներ, կրթության որակի բարձրացմանը նպաստող առաջարկություններ, աշխատանքային ծրագրեր,
14) մշակում է քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական, հատուկ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցի զարգացման, Երևան քաղաքի տարածքում նոր ուսումնական հաստատությունների ստեղծման, տեղաբաշխման ծրագրեր,
15) իրականացնում է քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական, հատուկ հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացման, ուսումնամեթոդական ժամանակակից տեխնոլոգիաներով, ձեռնարկներով, դասագրքերով ու նորմատիվային փաստաթղթերով ապահովմանն ուղղված աշխատանքները,
16) կազմակերպում է կրթական ոլորտի խնդիրներին համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, ինչպես նաև ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաներ, դպրոցականների մարզական առաջնություններ, ուսումնադաստիարակչական և ռազմահայրենասիրական բնույթի այլ միջոցառումներ,
17) օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների և կազմակերպությունների այն առաջարկություններին, դիմումներին ու բողոքներին, որոնց քննարկումը հանձնարարված է վարչությանը,
18) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը,
19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն ապահովում է կրթության բնագավառում Երևանի քաղաքապետին վերապահված լիազորությունների, ինչպես նաև պետական կրթական քաղաքականության իրականացումը: Վարչության գործառույթները բխում են կրթության բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված են դրանց իրականացմանը: Երևանի ենթակայությամբ գործում է 151 դպրոց, որից 139-ը՝ հիմնական, 12-ը՝ միջնակարգ, մեկը՝ կրթահամալիր:
Դպրոցներում 1-ին դասարանցիների ընդունելությունը կատարվում է Հայտագրման համակարգի միջոցով: Ծնողները հնարավորություն են ստանում դպրոցահասակ երեխաներին գրանցել իրենց համար նախընտրելի դպրոցում։ Համակարգը ծնողին հնարավորություն է տալիս տեսնելու դպրոցում ազատ տեղերի քանակը, ինչպես նաև օգնում ծնողին՝ հուշելով դպրոց ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Երևանի ենթակայության հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվող հիմնական օտար լեզուներն են ռուսերենը, անգլերենը, ֆրանսերենը և գերմաներենը: Որոշ դպրոցներում դասավանդվում են նաև պարսկերեն, չինարեն, իտալերեն, իսպաներեն և այլն:
Դպրոցական կրթության ոլորտում իրականացվող ծրագրեր
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության համակարգմամբ կազմակերպվում են ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադայի դպրոցական և Երևանի քաղաքային փուլերը: Լավագույնս հանդես եկած սովորողները պարգևատրվում են դիպլոմներով, 1-ին կարգի արժանացած աշակերտները խրախուսվում են նաև նվերներով:
- Գրքի և մայրենիի տոների խորհրդով Երևանի ենթակայության դպրոցներում անցկացվում են գրական-ստեղծագործական միջոցառումներ, որոնց լավագույնս ներկայացած դպրոցների գրադարաններին նվիրաբերվում է գրականություն: Կազմակերպվում են ժամանակակից գրողների, գրականագետների այցեր դպրոցներ, հանդիպումներ աշակերտների հետ:
- Սովորողների արժեհամակարգի ձևավորման գործընթացի աջակցությանը միտված ծրագրերի շրջանակում՝
նախնական զինվորական պատրաստության հիմունքների վերաբերյալ սովորողների գիտելիքների ամրապնդմանը, արտակարգ իրավիճակներում կենսապահովման, հայրենիքի պաշտպանության գործնական կարողություններ ու հմտությունների զարգացմանը միտված ծրագրին ներգրավվել են Երևանի ենթակայությամբ գործող 12 միջնակարգ դպրոցների 10-12-րդ դասարանների շուրջ 420 աշակերտ: Ծրագրի շրջանակում, ոլորտում մասնագիտացված կառույցի ներգրավմամբ, դաշտային պայմաններում անցկացվել են թեմատիկ դասընթացներ, որոնց ընթացքում սովորողները ծանոթացել են զինատեսակներին, վերջիններիս կիրառման առանձնահատկություններին, գործածման անվտանգության կանոններին, կրակային նշանառության ձևերին, դիտարկման դիրքերին, ինժեներական պատրաստության առանձնահատկություններին և այլն: Դասընթացի ավարտին աշակերտներին անշարժ նշակետի վրա կրակ վարելու գործնական հնարավորություն է ընձեռնվել:
Երևանի դպրոցականների զբոսաշրջային ծրագրի շրջանակում 7-9-րդ դասարանների շուրջ 1000 աշակերտներ այցելել են քաղաքի պատմական, մշակութային և ճարտարապետական կարևոր նշանակություն ունեցող կառույցներ (Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան, Կասկադ համալիր ու Գաֆէսճյան արվեստի կենտրոն, Հաղթանակի զբոսայգի, Մատենադարան, Ալեքսանդր Սենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն, Երևանի պետական համալսարան, Ազգային ժողով, Երևանի քաղաքապետարան): Այս ճանաչողական զբոսանքները մեծապես նպաստել են ուսումնական ծրագրով նախատեսված նախագծային աշխատանքների իրականացմանը՝ սովորողներին հնարավորություն տալով առավել խորացնել իրենց գիտելիքները քաղաքի և հայրենիքի մասին:
Հանրային առողջապահության միջոցառման շրջանակում ներկայում պատրաստվում են 3 անիմացիոն սոցիալական տեսահոլովակներ՝ նախատեսված կրտսեր, միջին և ավագ դպրոցականների համար, համապատասխանաբար՝ ճանապարհային անվտանգության ապահովման, բուլինգի և կախվածության կանխարգելման թեմաներով:
- Մանկավարժների արժևորմանը միտված միջոցառման շրջանակում կազմակերպված ընդունելության ընթացքում Երևանի ենթակայության դպրոցների շուրջ 80 մանկավարժական աշխատողներ խրախուսվել են դրամական պարգևներով:
- Դպրոցների կառավարման կոլեգիալ մարմինների՝ խորհուրդների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվել են կարողությունների զարգացման դասընթացներ՝ նշյալ խորհուրդների շուրջ 400 անդամների համար: Կառավարման հմտությունների զարգացմանը միտված հանդիպումներ են կազմակերպվել նաև կառավարման նոր համակարգի անցած դպրոցների գործադիր մարմնի ներկայացուցիչների՝ տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների ներգրավմամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության կողմից համակարգվել են նաև մի շարք համագործակցային ծրագրեր («Քո արվեստը դպրոցում», ճանաչողական այցեր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, Բուսաբանական այգում անցկացվող ծրագիր, երեխայի իրավունքներին առնչվող միջոցառումներ, մանկավարժական աշխատողների աշխատանքների խրախուսմանը միտված մրցույթ, մանկավարժների մասնագիտական ու մանկավարժական կարողությունների զարգացմանը միտված դասընթացներ և այլն), որոնք իրականացվում են կրթության գերատեսչության և ոլորտում գործունեություն ծավալող կառույցների ու կազմակերպությունների նախաձեռնությամբ: