Մշակույթի և տուրիզմի վարչություն
Հավելված հ.12
Երևանի քաղաքապետի
2015 թ. հունիսի 4-ի
հ.1704-Ա որոշմամբ հաստատված գործառույթները
Վարչության նպատակը, խնդիրները և հիմնական գործառույթները
6. Վարչության նպատակը մշակույթի և զբոսաշրջության բնագավառում Երևանի
քաղաքապետին վերապահված լիազորությունների իրականացման ապահովումն է։
7. Վարչության խնդիրները և գործառույթները բխում են մշակույթի և զբոսաշրջության
բնագավառում իրավական ակտերով Երևանի քաղաքապետին վերապահված
լիազորություններից և կոչված են դրանց կենսագործմանը և /կամ/ իրականացմանը:
8. Վարչության հիմնական խնդիրներն են.
1) Ապահովել մայրաքաղաքի մշակութային ռեսուրսների նպատակային և
արդյունավետ օգտագործումը։
2) Ստեղծել իրատեսական հնարավորություններ մայրաքաղաքի մշակութային և
տուրիստական կյանքին վերաբերվող ամբողջ տեղեկատվության կենտրոնացման,
ինչպես նաև այլ գերատեսչությունների հետ մասնագիտական, գործնական լայն
համագործակցության համար։
3) Վարչության գործառույթները բխում են մշակույթի և զբոսաշրջության բնագավառում ՀՀ
օրենսդրությամբ Երևանի քաղաքապետին վերապահված լիազորություններից և կոչված
են դրանց կենսագործմանը։
9. Վարչությունը`
1) կազմակերպում և հսկում է քաղաքապետարանի ենթակայության մշակութային
հաստատությունների աշխատանքը, անհրաժեշտության դեպքում առաջարկություններ
է ներկայացնում դրանց վերակազմակերպման, լուծարման, նորերի ստեղծման
վերաբերյալ,
2) ապահովում է մշակութային հաստատությունների կողմից ուսումնական ծրագրերի
և դասաժամերի նպատակային կիրառումը,
3) առաջարկություններ է ներկայացնում մշակութային հաստատություններում
պետական պատվերների բաշխման վերաբերյալ,
4) վերահսկում է քաղաքային ենթակայության մշակութային հաստատություններում
վճարովի ծառայությունների իրականացման գործընթացը և համապատասխանությունը
ՀՀ օրենսդրությանը։ Իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով
ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ,
5) կազմակերպում է համաքաղաքային մշակութային և զբոսաշրջության զարգացմանն
ուղղված միջոցառումներ, ինչպես նաև պետական, ազգային տոներին նվիրված
զանգվածային միջոցառումներ,
6) Երևան քաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների հետ
համագործակցության միջոցով ապահովում է Երևան քաղաքում մշակութային և
զբոսաշրջային զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործման ներդաշնակ և
օրենսդրական պահանջներին համապատասխանող գործունեություն,
7) առաջարկություններ է ներկայացնում քաղաքապետարանի ենթակայության
մշակութային կազմակերպությունների, հանգստի գոտիների ստեղծման, պահպանման
ու շահագործման վերաբերյալ,
8) Երևանի քաղաքապետի հաստատմանն է ներկայացնում Երևան քաղաքում
զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև
առաջարկներ է ներկայացնում Երևան քաղաքում զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման, պետական մարմինների հետ համատեղ ծրագրերի իրագործման վերաբերյալ,
9) համագործակցում է Երևան քաղաքի տարածքում գործող ոչ պետական
մշակութային, զբոսաշրջային ընկերությունների, մասնագիտացված բուհերի և
հասարակական կազմակերպությունների հետ,
10) Համագործակցում է Երևան քաղաքի տարածքում գործող պետական գրանցում
ունեցող կրոնական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների հետ,
11) ապահովում և վերահսկում է քաղաքապետարանի ենթակայության մշակութային
հաստատություններին` ՀՀ պետական և Երևան քաղաքի բյուջեներից կատարվող
հատկացումերի բաշխումը և նպատակային օգտագործումը։
12) Երևանի քաղաքապետի հաստատմանը ներկայացնելու նպատակով մշակում և
աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային
տարեկան և եռամսյակային ծրագրերը։
Մշակույթի և տուրիզմի վարչության գործունեությունը
Երևանի ենթակայությամբ գործում է 70 մշակութային կազմակերպություն, այդ թվում՝ 3 թատրոն (Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնները), 19 գրադարան (այդ թվում՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը), 5 թանգարան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի և Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանները)։
Երևանի ենթակայությամբ գործում են երաժշտական, արվեստի և կերպարվեստի 26 դպրոցներ, որոնց սաները մասնակցում են համապետական և միջազգային մրցույթների, փառատոների՝ արժանանալով բարձր պարգևների և մրցանակների։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության համակարգմամբ են գործում նաև Յու. Բախշյանի անվան և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիաները, «Երևան» փողային նվագախումբը, Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնը, «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը:
Վարչական շրջաններում գործում են գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հաստատություններ, որոնց սաները մշտապես մասնակցում են քաղաքային, համապետական և միջազգային նշանակության տարաբնույթ ստեղծագործական-մշակութային նախագծերին։
Աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունն իրականացնում է մշակույթի և զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրեր, ինչպես նաև պետական, ազգային տոներին նվիրված միջոցառումներ։
2023 թվականի ընթացքում իրականացված ծրագրեր
- Շառլ Ազնավուրի անվան հրապարակում իրականացվել է Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում կազմակերպվել են համերգային ծրագրեր, պանելային քննարկումներ, գործել են զեղչված արժեքով գրքերի վաճառքի տաղավարներ:
- Կանանց տոնի առիթով Երևանում գործող թատերահամերգային 11 կազմակերպությունից ձեռք են բերվել մշակութային միջոցառումների ծառայություններ, որոնց մասնակցության 22000 տոմսերը տրամադրվել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավված կանանց:
- Ջազի միջազգային օրվա առթիվ Գաֆեսճեան քանդակների պուրակում կազմակերպվել է համերգային մեծածավալ ծրագիր՝ հայ և արտերկրի հանրահայտ ջազային երաժիշտ կատարողների մասնակցությամբ:
- Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով Ազատության հրապարակում իրականացվել է մանկական ժամանցի, մանկապատանեկան ստեղծագործական մտքի խթանման և համերգային այլ ծրագրեր:
- Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի առթիվ առաջին անգամ տարածաշրջանում իրականացվեց մեծանուն կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունների բացօթյա ցուցադրությունների ծրագիրը, որի ընթացքում Թումանյանի անվան այգում 15000 հանդիսականի համար ներկայացվեցին «Գայանե», «Սպարտակ» և «Դիմակահանդես» բալետները:
- Թումանյանի անվան այգում իրականացվեց «Օպերա բաց երկնքի տակ» մեգանախագիծը, որի ընթացքում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմը ներկայացրեց «Անուշ» և «Տրավիատա» օպերաների բացօթյա ցուցադրությունները, կայացավ «Օպերա գալա» ծրագիրը՝ հայ և օտարազգի օպերային աստղերի մասնակցությամբ, որոնց ներկա եղավ շուրջ 20000 հանդիսատես:
- Ամանորին և սուրբծննդյան տոներին նվիրված միջոցառումների կապակցությամբ թատերահամերգային 4 կազմակերպությունից ձեռք է բերվել շուրջ 5000 տոմս, որը «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով հատկացվելու է շահառուներին:
- Երևանի ենթակայության երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում նախնական մասնագիտական կրթության, արտադպրոցական գեղագիտական դաստիարակության ծրագրերի իրականացմամբ կազմակերպվել է շուրջ 9000 երեխայի ուսուցումը, կազմակերպվել է Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 14-րդ մրցույթ-փառատոնը, Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ստուգատես-փառատոնը, կազմավորվել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, որի առաջին ելույթը նախատեսված է 2024թ. փետրվարին: Իրականացվել է «Արտիստը՝ դպրոցին» ծրագիրը. ՀՀ վաստակավոր արտիստ, հանրահայտ դաշնակահար Հայկ Մելիքյանը վարպետության դասերով հանդես եկավ Երևանի ենթակայության 24 երաժշտական և արվեստի դպրոցներում, իսկ վարպետության դասընթացների ընթացքում աչքի ընկած սովորողները Հայկ Մելիքյանի հետ ելույթ ունեցան տարեվերջյան գալա համերգում:
Դպրոցների գերազանց առաջադիմությամբ սովորող տասնյակ աշակերտներ մասնակցել են բազմաթիվ համապետական և միջազգային մրցույթների և ցուցահանդեսների՝ արժանանալով մրցանակների։ Ազգային նվագարանների և հայ երաժշտական ավանդույթների պահպանման, տարածման և հանրահռչակման նպատակով երաժշտական և արվեստի դպրոցներում իրականացվել է ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսման վարձավճարների փոխհատուցման ծրագիրը, որին ընդգրկվել է 277 շահառու:
- Երևանի ենթակայության 19 գրադարանում շարունակվել է գրադարանային-տեղեկատվական ծառայությունների մատուցումը, կազմակերպվել են զանգվածային բնույթի միջոցառումներ` որպես նոր ընթերցողներ ներգրավելու և մշակութային, կրթադաստիարակչական քաղաքականություն իրականացնելու կարևորագույն միջոց: Երևանի համայնքային գրադարանները 2023թ. ընթացքում համալրվել են 482 անուն 12632 հատ գրքով:
- Արվեստի և մշակույթի տարբեր ոլորտներ զարգացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանն իրականացրել է մի շարք դրամաշնորհային ծրագրեր, աջակցել կայացած, ինչպես նաև ոլորտում առաջին քայլերն անող մշակութային ծրագրերին և փառատոներին: Մասնավորապես, իրականացվել է «Թատերական Երևան» դրամաշնորհային ծրագիրը, որի ընթացքում թատերական 9 նախաձեռնությունների հատկացվել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ: «Արամ Խաչատրյան-120» միջոցառումների շարքում իրականացվել է ստեղծարարական նախաձեռնությունների դրամաշնորհային մրցույթը, որի ընթացքում ընտրված 9 նախաձեռնությունների իրականացման համար հատկացվել է շուրջ 40 մլն ՀՀ դրամ:
Կազմակերպվել է «Երևանը՝ կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը՝ արվեստի տարբեր ուղղություններում ստեղծագործող կանանց խրախուսելու նպատակով: Ներկայացված հայտերից հաղթող է ճանաչվել 13 դիմումատու՝ «Արվեստի կրթություն», «Քանդակագործություն», «Երաժշտարվեստ», «Թատերարվեստ» անվանակարգերում: Ընդհանուր առմամբ ծրագրի իրականացման համար հատկացվել է 26 մլն ՀՀ դրամ:
Իրականացվել է կարճամետրաժ խաղարկային կինոնկարների և թարգմանական դրամաշնորհային ծրագրերի առաջին փուլը, բացի այդ, աջակցություն է հատկացվել Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեին, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնին, «Ոսկե ծիրան», «Ռեանիմանիա» և Կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոներին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակին նվիրված ծրագրին, այլ ծրագրերի և միջոցառումների: