Նշանավոր գիտնական-ճանապարհորդ Ի. Շոպենն իր «Հայկական մարզի պատմական հուշարձանը» գրքում մանրամասն անդրադարձել է հին Երևանի տնտեսական կյանքին, ապրելակերպին, նշել է երևանաբնակ հայերի արհեստներն ու զբաղմունքը։ Այդ գրքում նա մանրամասն նկարագրում է մոտ 70 արհեստ։
Ի. Շոպենի վկայությամբ` նրա այցելության ժամանակ քաղաքում եղել է մի քանի գործարան։ Ինքնին հասկանալի է, որ դրանք իսկական գործարաններ չէին (ժամանակակից պատկերացմամբ), այլ գործատներ կամ արհեստանոցներ՝ մեկ տասնյակի հասնող բանվորներով։ Քաղաքում շատ էին, այսպես կոչված, «դուքանները», որոնցում աշխատում էին մեկ կամ երկու հոգի, այսինքն՝ վարպետն ու աշակերտը։
Այդ գործարաններից կարևորը երեքն են եղել` ապակու, թնդանոթաձուլական և վառոդի։ Թնդանոթաձուլականը և վառոդինը գտնվում էին Երևանի բերդում` սարդարի անմիջական հսկողության տակ։ Ինչ վերաբերում է ապակու գործարանին, շատ հետամնաց ձեռնարկություն էր՝ վատ որակի կանաչավուն ու կոպիտ արտադրանքով։
Ի. Շոպենը նշվածի կողքին հիշատակում է նաև կաշեգործների արհեստանոցները, որոնք հիմնականում Զանգվի ձորում էին, քանի որ կաշի մշակելու համար առատ ջուր էր պետք։ Ձորում էին ներկարարների գործատները, դարձյալ ջրին մոտ լինելու համար։ Ձորում ջրի ուժով գործում էին բրնձի մշակման դինգեր և ջրաղացներ` թվով ինը հատ։
Քաղաքի մյուս ծայրամասում առանձին թաղ էին կազմում «շիլաչիները»՝ կտորը կարմիր ներկողները։ Չորս կողմը կարմիր ներկ էր, ջրափոսեր, աղտեղություն։ Հետո այս թաղամասը մտավ քաղաքի տարածքը։
Քաղաքում կային նաև առանձին մանր-մունր գործատներ։ Կոնդում գտնվող Արազովների նկուղը վարձել էր մի ձեռներեց և «սապոն» էր եփում։ Փոքր, ստվարաթղթե կլոր տուփերի մեջ սափրվելու փոշի էին վաճառում։ Տուփին եվրոպատիպ մի դեմք էր` ածելին ձեռքին սափրվելիս։ Գործատան տերը գնում էր տուփերով փոշին և լցնում էր մեծ չանի մեջ, վրան ջուր ավելացնում։ Նկուղում սոսկալի փոշի էր կանգնած, և աշխատողները, որ հիմնականում անչափահասներ էին, դեմքերը, ավելի շատ` քիթը, ծածկում էին թաշկինակով։ Մեծ օջախին դրված չանում երկար եփվում էր փոշին, մակարդվում, փոխում էր գույնը, դառնում շագանակագույն, պնդանում։ Երբ եփածը սառչում էր, մակարդվում, կտոր-կտոր էին անում, մի քիչ տանելի տեսք տալիս ու վաճառում։
Քաղաքի կենտրոնը՝ Շահարը, աչքի էր ընկնում դուքանների առատությամբ, որոնք առանձին շարքեր ունեին Աստաֆյան փողոցում։ Այդպիսի շարքեր կային Ղանթարում, որտեղ հետագայում կառուցվեց վաճառատների համալիրը, Անգլիական այգու հարևանությամբ։ Այստեղ աչքի էին ընկնում տարբեր արհեստի տեր մարդկանց` դերձակների, գդակ կարողների, վարսավիրների, ոսկերիչների, դարբինների, թիթեղագործների կրպակները։ Շուկայի մոտ ձիեր էին պայտում։ Բազմաթիվ էին քարվանսարաները, որոնք և' հյուրանոց էին, և' իջևանատեղ, և' խանութներ ունեին։ Օրինակ` «Գյուրջի քարվանսարան» ունեցել է 62 խանութ ու կրպակ, «Ջուղայի քարվանսարան»՝ 36 կրպակ։
Շատ արհեստանոցներ էին կուտակված Չարխի փողոցում` դագաղագործներ, ատաղձագործներ, հյուսներ։ Չարխի վրա պատրաստում էին գրդնակներ, սխտոր ծեծելու հավանգներ, երեխաների համար երկաթե գլուխներով հոլեր։
Քաղաքում շատ էին կոշկակարանոցները և փինաչիների «դուքանները»։
«Հրապարակներում ու միջնորմներում, կրպակների միջև,- գրում է Ի. Շոպենը,- դեռ կանգնած են դրամափոխների, արծաթագործների, ժամագործների և մետաքս վաճառողների փայտյա տնակները, կրպակները. այժմ, սակայն, դրանք սկսում են անհետանալ»։
Այս նստակյաց արհեստավորներից առանձնանում էին շրջիկները, որոնք գործիքների արկղը բռնած՝ անցնում էին թաղից թաղ, փողոցից փողոց, մտնում բակերը։
Շրջիկ արհեստավորների թվում շատ էին կլայեկողները (կլայեկչի), բուրդ գզողները (գզրարները), ջարդված աման կպցնողները (կոծկողները)։
Հին Երևանի «ազատ արհեստավորների» թվում էին բեռնակիրները (համբալները) և աշնան ամիսներին փայտ կտրողները։ Համբալների հավաքատեղին նախկին Սպանդարյան փողոցի հիվանդանոցի պատի տակ էր։ Հավաքվում էին, նստոտում իրենց փալանների վրա ու «մուշտարու» սպասում։ Շատ հետաքրքիր էին նրանց փալանները։ Հաճախ պատված «էրգրից» բերած կարպետի կամ հին գորգի կտորով, գույնզգույն, տարօրինակ։ Համբալները հիմնականում ապարանցիներ էին, քաղաք էին գալիս աշխատելու։ Գնանք, ասում էին, միլիցա կդառնանք, թե չդարձանք, համբալությունը կա ու կա։ Ցախ կտրողները հայտնվում էին ձմեռնամուտին։ Երկար սղոցը դրած մեծ տոպրակի մե` գնում էին ցախ կտրելու, վերցնում էին իրենց հասանելիքը և վերջում մի մեծ կտոր փայտի մեջ խրելով կացինը, ասում էին. «Գնացինք, խեր լինի։ Էս մի կոճն էլ ձեզանից»։
Շրջիկ արհեստավորներից էին գզրարները։ Նրանք հայտնվում էին բակերում, ամռան վերջերին, երբ կանայք լվանում էին բուրդը, չորացնում։ Բուրդը լվանում էին Մամուռի (Մամրինի հինավուրց ջրանցքի) այն հատվածում, որտեղ գետն ազատվում էր բակերի ու տների շրջափակումից և ազատ տեղ դուրս գալիս։ Այդտեղ մարդիկ լվանում էին շորերը, բուրդը, փալաս-փուլուսը, և տեղն էլ կոչվում էր «Փալաս»։
Չոր, մաքուր բուրդը հաճախ կանայք իրենք էին չփխում ճիպոտով։ Աշխատանքը դժվար էր, և նրանք հաճախ իրենց տեղը զիջում էին գզրարներին։ Մտնում էր գզրարը բակ ու գոռում. «Բուրդ-մուրդ գզեմ, գործերը դզեմ»։ Նրա ձեռքին մի տարօրինակ գործիք էր, որն անեղ էր կոչվում (երևի աղեղ բառից) և նման էր մի լարանի սազի։ Լարը ձգվում էր մոտ մեկ մետր երկարություն ունեցող աղեղի վրա։ Երբ գզրարը թակով հարվածում էր անեղի հիմքին, լարը թրթռում էր, բուրդը անեղի շարժումից գզգզվում էր։ Գործը դանդաղ էր առաջ գնում, լարը թափով բզզում էր։ Գզած բուրդը գզրարը մի կողմ էր տանում, լավ չգզվածը հավաքում թաղիք պատրաստելու համար։ Հին Երևանում շատ էին թափառող կլայեկչիները, պղինձներ ու մետաղյա ամաններ կլայեկողները։ Մտնում էր բակ, մի կողմ էր դնում գործիքների արկղն ու կանչում. «Կլայեկեմ, սիրունացնեմ, կլայեկեմ, փայլեցնեմ, հայելի դարձնեմ»։ Երբ բերում էին պղինձներն ու քյասաները, նա բակի անկյունում օջախ էր սարքում, կրակին դնում պղինձը, հաստ փալասով մաքրում դրա ներսն ու դուրսը, նորից տաքացնում, հետո մեջն էր գցում անագը, որն անմիջապես հալվում էր։ Փալասի հաստ կտորով վարպետը սկսում էր շփել ներսը, հալված անագը հավասար ու սիրուն նստում էր պղնձի ներսի պատերին։ Շփում էր, երկար շփում, հետո անցնում էր պղնձի դրսի կողմի «շուրթերին»։ Սևացած պղինձը սկսում էր փայլել ներսից ու դրսից, ասես նորացած լիներ։ Արծաթի փայլ ստացած պղինձը նա դնում էր կողքին ու կանչում. «Հաջորդը»։
Մեծ իրարանցում էր սկսվում հին Երևանի հին բակերում, երբ հայտնվում էր դանակ-մկրատ սրողը։ Նրա սրելու գործիքը գրավում էր ոտնակով, մեծ անիվով, լիսեռով, որին շարված էին տարբեր չափի ու մեծության կլոր սրաքարերը։ Նա դազգահը դնում էր բակի կենտրոնում ու կանչում. «Դանակ-մկրատ սրեմ,- ու քթի տակ ավելացնում,- բերողին սիրեմ»։ Շտապում էին տան տիկինները դանակ-մկրատ առած, հավաքվում էին երեխաները տեսնելու այդ հրաշքը, երբ ոտքի թեթև շարժումով վարպետը պտտում էր քարերը, և սրվող դանակի կամ մկրատի տակից հորդում էին կայծերը։ Կայծերը վառ էին, երբ երեխաները ձեռքները դեմ էին անում, զգում էին կայծերի տաք խտղտոցը։ Սրող վարպետը ձայն չէր հանում, թողնում էր, որ երեխաները զգան կայծերի ջերմությունը. «Ո՛նց է,- հարցնում էր,- կծում է, չէ՞»։ Ու պտտում էր անիվը, իջնում-ելնում էր ոտնակը՝ թափ հաղորդելով պտտվող սրաքարերին։ Եվ նա սպասում էր հաջորդին ու կանչում. «Դե չուստ, հրես գնացի»։
Հին Երևանում այդ օրերին շատ էին աման կպցնողները՝ «կոծկողները»։ Ամանեղենը սակավ էր, չէր ճարվում։ Մեջտեղից երկու կես եղած ափսեն կամ ճաքած տուճիկը, կուժը թանկ արժեին։ Եվ վարպետը կարողանում էր կոծկել ճաքածը. «Աման կոծկեմ»,- կանչում էր նա։ Նստում էր բակի մեջ ընկած քարին ու գործիքները հանում. ծակիչը, մուրճը, քսուքի տուփը, մանր գամեր, ու նայում էր շուրջը, սպասում։ Զարմանալի գործիք էր նրա ձեռքի ծակիչը. սուր պողպատե ծայր ուներ, մեջտեղից լիսեռն էր, որը շարժման մեջ էր դնում խամուտը։ Խամուտի երկու կողմից կաշվե փոկեր էին, որոնք մեկ աջ, մեկ ձախ պտտվելով՝ իրենց հերթին շարժման մեջ էին դնում ծակիչը։ Ահա այդ ծակիչով վարպետը կոտրած ամանի վրա, ճեղքվածքի երկու կողմում ծակեր էր բացում. ճիշտ երեք անցք` դեմ-դիմաց։ Հետո այդ անցքերի մեջ երկաթե գամեր էր ամրացնում ու կպցված տեղի վրա, դրսի կողմից ցեմենտանման ինչ-որ քսուք էր քսում ու դնում կողքին, որ չորանա։ Երբ ամանը, կուժը, կուլան կամ պնակը պատրաստ էր լինում, «կոծկողը» տալիս էր տիրոջն ու ավելացնում. «Ամանը քեզ, փողը մեզ»։
Հնակարկատ կոշկակարները, որոնց «փինաչի» էին ասում, շատ էին հին Երևանում։ Մտնում էին բակ, լուռ կանգ առնում, ձեռքի տոպրակը դնում գետնին։ «Փինաչին եկավ, փինաչի՛ն»,- կանչում էին հարևանները, իսկ երեխաները ծաղրում էին. «Փինաչի, փինաչի, գործդ գործի նման չի»։
Կոշկակարը, առանց ուշադրություն դարձնելու երեխաներին՝ գոռում էր. «Պաչինկա. չուստ, սանդալ, բասանոչկա»։
«Փինաչին» տոպրակը բացում էր ու ձեռքն առնում մուրճը, կաշվի կտորները, բիզը։ Նա կարողանում էր ոչ միայն տեսքի բերել հին, ծռմռված կոշիկը, այլև նոր ներբան կամ կրունկ էր սարքում, գեղեցիկ կտրում եզրերը, տոպրակից ինչ-որ ներկ էր հանում, քսում կողերին ու ասում. «Տիկին-խանում, համեցեք»։
«Խզրարչի» էին կոչվում այն վարպետները, ովքեր հատուկ տեղ ունեին Ցախի մեյդանում։ Բարձր, իրարից մի քանի քայլ հեռու կանգնեցված եռոտանիներին էին դնում գերանը, որից պիտի տախտակ պատրաստեին։ Մեկը բարձրանում էր վերը դրված գերանին, մյուսը՝ մնում ցածում։ Վերևինը հարմարեցնում էր երկար ու լայն սղոցը, որը երկար կոթ ուներ, տեղը ցույց էր տալիս ու ասում ընկերոջը. «Պետրոս, քեզ տեսնեմ»,- սկսվում էր սղոցի պարը՝ մեկ վեր, մեկ վար։ Աշխատում էին հանգիստ, առանց շտապելու։ Ո'չ արևն էր խանգարում, ո'չ երևանյան անպակաս քամին, որ սարերից հող ու փոշի էր բերում, պատում «Ցախի մեյդանը»։ Կտրած տախտակը իջեցնում էին, դարսում իրար վրա, որ ցանկացողները հատակը տախտակեն։
Անցան ժամանակները, կենտրոնում ու Ղանթարում կրպակները քչացան։ Նոր շուկան կառուցելուց հետո, որը գտնվում էր այժմվա «Այրարատի» տեղում, կառուցվեցին բավական բարեկարգ 24 խանութներ, մի երկար շարք, որը ներկված էր կանաչ։ Այդ կրպակները վարձով էին տրվում նստակյաց արհեստավորներին։
Շատ էին տնայնագործ արհեստավորները։ Ջուլհակները հիասքանչ գորգեր էին գործում, որ վաճառվում էին դրսում։ Տնայնագործության համար կային շատ գործիքներ։ Երևանի պատմության թանգարանում պահպանվել է բուրդ գզելու այն հարմարանքը, որը կոչվում է «սանդերք»։ Տախտակի հիմքով բարձրանում է սանդերքի բուն մարմինը, որը վերջանում է վեր ցցված մլերով, որոնք երկար են, հաստ և շատ։ Բուրդ գզողը չոքում էր հատակի կարպետին, սանդերքը դնում ոտքերի արանքում ու երկշարք այդ ատամների վրա, երկու կողմից քաշելով, բուրդը գզում։ Բուրդը գզվում էր, փափկում։ Հետո մանում էին։ Իլիկներով թել էին ոլորում։ Հաճախ թել ոլորողը, որպեսզի թելը երկար լինի, բարձրանում էր կտուրը, կանգնում ծայրին և պտտվող իլիկը բաց թողնում մինչև գետին։ Շատ էր տարածված երկանքը։ Երկու քար էր` հղկված ու կլոր։ Ներքևի քարն ամբողջական էր, միայն մեջտեղում մի մեծ, երկաթե ցցունք ուներ։ Վերևի քարը մեջտեղում լայն բացվածքով էր և կոթ ուներ։ Քարը պտտելով՝ աղում էին ձավար, ավելի մանր՝ ալյուր՝ տնային կարիքների համար։ Կոնդում և քաղաքում շատ էին ձավար ծեծելու սանդերը. բազալտե մեծ քար, մեջը՝ խոր ու հարթ մի փոս։ Ցորենը լցնում էին այդ փոսը և մեծագլուխ ու երկարակոթ թակով ծեծում։ Մի ժամանակ հին Երևանում շատ էր տարածված շերամապահությունը։ Նկուղներում իրար վրա փայտե դարակներ էին պատրաստում ու թթենու տերևները դարսում դրանց վրա։ Մանր ձվերից հայտնվում էին թրթուրները՝ սպիտակ, հատվածավոր մարմնով։ Լավ աշխատող թրթուրավոր մեքենաների նման դրանք ուտում էին տերևը՝ արագորեն, ագահաբար։ Այդպես՝ ամբողջ օրը։ Հետաքրքիր կենսական շրջափուլ էին անցկացնում այդ զարմանահրաշ ճիճուները. ձվից՝ թրթուր, բոժոժ, թիթեռ. թրթուրային փուլը տևում է 22-30 օր։ Այդ ընթացքում դրանք չորս անգամ մաշկափոխվում են։ Երբ շատ են մեծանում, հասուն թրթուրները հյուսում են մետաքսե պատյան՝ բոժոժ կամ կոկոն։ Բոժոժ հյուսելու 4-րդ օրը թրթուրը բոժոժում փոխակերպվում է հարսնյակի, մոտ 10 օր անց դառնում է թիթեռ, որը ծակում է բոժոժը, դուրս թռչում, զուգավորվում, ապա՝ բեղմնավորվում, որից հետո սկսվում է ձվադրությունը։
Շերամապահները պահում են բոժոժների մի խմբաքանակ՝ սերնդի համար, իսկ մյուս բոժոժները գցում տաք ջուրը ու գտնելով ծայրը՝ սկսում կծկել, որից 100-1500 մ մաքուր մետաքսաթել է ստացվում։
Կոնդում, ինչպես նաև հին Երևանում, կային մեղվաբույծներ։ Ունեին մի քանի փեթակ։ Գարնանը փեթակները դուրս էին բերում նկուղներից ու բացում դռնակները։ Վաղ գարնան օդը լցվում էր երկար քնից ազատված մեղուների անվերջանալի բզզոցով։ Դա դժվար գործ էր քաղաքի բնակիչների համար. ամռանը փեթակները պետք է սարերը տանեին, որտեղ ծաղիկը շատ էր, օդը` բարեխառն։ Դա էր պատճառը, որ մեղվաբուծությունը հին Երևանում տարածված չէր։
Հեղինակ` Էդուարդ Ավագյան
Երևան քաղաքի պատմության թանգարան