«Մոսկվա» կինոթատրոնի շենքը կառուցվել է 1937թ. (ճարտարապետներ` Տ. Երկանյան և Գ. Քոչար): Այն գլխավոր ճակատով ուղղված է Շառլ Ազնավուրի անվան հրապարակին, մի թևը փռված է դեպի Աբովյան փողոց` մինչև Թումանյան փողոց, իսկ մյուսը տարածվում է դեպի փողոցների անկյունում տարածվող թաղամաս։ Շենքը վերակառուցվել է 1960թ.` ճարտարապետներ Գ. Քոչարի և Թ. Գևորգյանի նախագծով, ապա 1983թ.` ճարտարապետներ Բ. Արզումանյանի, Զ. Զաքարյանի, Ա. Իսրայելյանի, Ա. Մելիքյանի նախագծով։
«Մոսկվա» կինոթատրոնի շենքը քարակերտ է, հարկածածկերը` երկաթբետոնե։ Շենքի ճակատային մասում համադրված են տարագույն քարեր։ Շենքի ներքին պատերը, հատկապես դահլիճի, պատված են ծակոտկեն տուֆով և ձայնորսիչ նյութերով։ Կիրառվել է 1930-ական թթ. կինոթատրոնների շենքերին հատուկ ոճեր, դահլիճների քարե հարթ պատերին ցայտուն ընդգծված շեղադիր ռմբաձև փոքր պատուհաններ կան, գլխավոր մուտքի սանդուղքների երկու կողմերում` սեպաձև վահանակներ, կողային ճակատներին` խորաքանդակներ հայկական ֆիլմերի թեմաներով։
Կինոթատրոնի շենքում կա 4 դահլիճ` մեծ դահլիճ` Կարմիր դահլիճ (491 նստատեղով), Կապույտ դահլիճ (352), բարձրակարգ` առանձնացված (35) և բացօթյա ամառային դահլիճ։