«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա
««Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա» ՀՈԱԿ-ն ստեղծվել է 1994թ.՝ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության կողմից: Ֆիլհարմոնիայի նպատակն է զարգացնել մանկական երգչախմբային արվեստը Հայաստանում, աշխուժացնել երգչախմբերի գործունեությունը, անցկացնել վարպետաց դասեր և ցուցադրական փորձեր հայկական երգչախմբերի և խմբավարների համար, հրատարակել հայ հեղինակների խմբերգերը և թողարկել ձայնասկավառակներ, կազմակերպել ազգային փառատոներ և այլն:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ում գործում են երկու՝ ավագ և կրտսեր երգչախմբեր:
Երգչախումբը հիմնադրվել է 1992-ին: Երգացանկը բազմազան է, ներառում է հին, միջնադարյան, Վերածննդի, ինչպես նաև դասական, ժամանակակից, ժողովրդական, և հանրամատչելի ստեղծագործություններ:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի համերգներ է տվել բազմաթիվ երկրներում՝ Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Բելգիա, ՌԴ, Լատվիա, Լեհաստան, Հունաստան, Կիպրոս, Ճապոնիա, Եգիպտոս, Հարավային Աֆրիկա, Կանադա, ԱՄՆ:
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է, մասնակցում է միջազգային փառատոների, համաշխարհային գիտաժողովների, ցուցահանդեսների, այդ թվում` Բազելի (Շվեյցարիա, 1995թ), Հոնգ Քոնգի, Գուանջոյի և Պեկինի (Չինաստան,1999), EXPO 2000 (Հանովեր, Գերմանիա), «Ոսկե մակույկ» (Սոչի, ՌԴ, 2001), «Դիմիտրիա» (Թեսալոնիկի, Հունաստան, 2002թ.), Երգչախմբային Արվեստի VI համաշխարհային գիտաժողով (Մինեապոլիս, ԱՄՆ, 2002), «Երգ միասնության» (Հայաստան, 2004, 2006) և այլն:
Երգչախումբը 2001թ. արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին` Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը, պարգևատրվել է նաև ՀՀ նախագահի և կառավարության բարձրագույն պարգևներով, ինչպես նաև «Լեոնարդո Դա Վինչի» արծաթե մեդալով` Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից:
Երգչախմբի ձայնագրություններով թողարկված 6 խտասկավառակներն արժանացել են ազգային և միջաազգային մրցանակների:
«Հայաստանի ամենափոքրիկ երգիչները» երգչախումբը (1994թ.) երեխաներին տալիս է գեղագիտական եզակի կրթություն` ձևավորում երաժշտական ճաշակ, սերմանում հայրենասիրություն և նախապատրաստում երեխաներին միանալու մեծերին` «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին:
«Հայաստանի ամենափոքրիկ երգիչներ» երգչախումբը բազմիցս մասնակցել է մանկական երգչախմբերի մրցույթ-փառատոների բացման արարողությունների, գրական-երաժշտական երեկոների, Երգչախմբի հիմնադիր Էլմիրա Հեքեքյանի նախաձեռնությամբ երգչախումբը ելույթներ է ունենում Հայաստանի զորամասերում, ռազմաուսումնական վարժարաններում:
Գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան
Տնօրենի ժ/պ՝ Մարինե Ավետիսյան
Հասցե՝ Արամի 23
Հեռ. +37410 53-57-58
Յու. Բախշյանի անվ. մանկական ֆիլհարմոնիա
Երևանի քաղաքապետարանի Յու. Բախշյանի անվ. մանկական ֆիլհարմոնիան հիմնադրվել է 1994թ.: Հիմնադիր տնօրենն է Սարգիս Մարգարյանը: Ֆիլհարմոնիայում ստեղծվել են էստրադային սիմֆոնիկ նվագախումբ, ժողովրդական գործիքների, կամերային, փողային նվագախմբեր, երգչախումբ, պարային խումբ: Նշված նվագախմբերը մասնակցել են կառավարական, մարզային և բարեգործական համերգ-միջոցառումների: Կազմակերպությունում գործում են նաև վոկալի և կիթառի դասարաններ: 1995 թվականից ի վեր Մանկական ֆիլհարմոնիան բազմիցս հանդես է եկել արտերկրում և Հայաստանում՝ արժանանալով մրցանակների: Մասնավորապես՝ 2001թ. կազմակերպության էստրադային և կամերային նվագախմբերը մասնակցել են Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված մրցույթ-փառատոնին և երկու նվագախմբերն էլ արժանացել են «Գրան պրի» և «Ոսկե արծիվ» մրցանակի:
2002 թվականից Մանկական ֆիլհարմոնիան կազմապերպում է «Ոսկե սրինգ» փառատոնը, որին մասնակցում են Երևանի և մարզերի դպրոցահասակ երեխաները: Առաջին անգամ Հայաստանում Բաթումի քաղաքապետարանի մշակույթի վարչության հետ համատեղ անցկացվում է «Հայաստանի երեխաները՝ Աջարիայի երեխաներին» խորագրով հայկական երգ- երաժշտության փառատոն` քարոզելով հայկական մշակույթը: Կազմակերպել է նաև իսպանական պարերի փառատոն: Մանկական ֆիլհարմոնիան բարեգործական համերգներ է ունեցել Երևանի ու Հայաստանի գրեթե բոլոր մանկատներում ու ծերանոցներում, իսկ մշակույթի նախարարության «Պետական աջակցություն մարզերին» ծրագրով համերգներով ելույթ է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում;
Տնօրեն` Սարգիս Մարգարյան
Հասցե՝ Փ.Բուզանդի 1/3
Հեռ.` +374 10 585 792
Էլ. հասցե՝ philharmonia@web.am